Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց նորակառույց առաջնորդարանի բացումը

Փետրվար 04,2019 11:02

Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:

Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ և բազում այլ հավատավոր հայորդիներ:

Վեհափառ Հայրապետը Հայկազուն Սրբազանի և Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի հետ միասին կատարեց առաջնորդարանի հուշաքարի բացումը և հատեց մուտքի ժապավենը` ազդարարելով առաջնորդարանի պաշտոնական բացումը:

Տոնական այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնության և գնահատանքի խոսքն ուղղեց ներկաներին` գոհություն հայտնելով Աստծուն, որ պարգևել է շնորհը ուրախակից լինելու հայ համայնքին նորակառույց առաջնորդարանի բացման հանդիսության կապակցությամբ, որը ծառայելու է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքի պայծառությանը:

«Նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքի կառուցումը մի նոր վկայություն է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հավատքի և եկեղեցասիրության և ազգային կյանքի հանդեպ նախանձախնդրության: Այդ ոգին է շենացրել այստեղ հայկական կյանքը: Այդ ոգին միավորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառույցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնությունը և հավատքի կյանքը, որն ունի Քրիստոսի շնորհը հավիտենականության:

Տիրոջ օրհնությամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայում մեր Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, հայ համայնքի զորացմանը, որպես ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զավակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին և առավել ներգրավվեն հոգևոր և ազգային կյանքում: Առաջնորդարանը՝ ինչպես ազգային կյանքի ամեն ձեռքբերում, նաև բարի գործերի նախանձախնդրության օրինակն է փոխանցելու հաջորդ սերունդներին՝ շարունակելու ավստրալիահայ համայնքի հավատքի կյանքը, բարեպաշտ ընթացքն ու ավանդները: Ձեր բարեպաշտությունը, սիրելիներ, նաև հիմքն է այս մեծ ու բազմազգ երկրում ձեր հաջողությունների և ձեր հանդեպ հարգանքի ու վստահության», – նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը օրհնությամբ հանդերձ իր երախտիքի խոսքը փոխանցեց հանդիսությանը մասնակից իշխանության ներկայացուցիչներին, Քույր Եկեղեցիների առաջնորդներին և հավատակից եղբայրներին այն բարի վերաբերմունքի համար, որը հայ ժողովրդի զավակները վայելում են Ավստրալիայում:

Հավատքի անսասանության, միմյանց հանդեպ սիրո և միասնականության պատգամի հետ մեկտեղ Վեհափառ Հայրապետը հորդորեց հայորդիներին շարունակել շենացնել իրենց կյանքը, իրագործել ազգաշահ գործեր: Նորին Սրբությունը մաղթեց, որ առաջնորդարանը արդյունավորությամբ ծառայի ժողովրդի հոգևոր և ազգային զարթոնքին՝ իրենց կյանքում վայելելու Աստծո օրհնությունն ու շնորհները: Հայրապետը հայցեց, որ Տերը պահպանի համայն մեր ժողովրդին ապահով ու անվտանգ, մեկ ու միասնական՝ մեր Սուրբ Եկեղեցիով, Սուրբ Էջմիածնով և նվիրական մեր հայրենիքով:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունը  բերեց առաջնորդարանի հիմնական բարերարներ Տեր և Տիկին Լորիս և Սոնյա Խանջյաններին և իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նվիրյալ զավակներին՝ հայցելով Տիրոջից նրանց քաջառողջություն, արևշատ կյանք և ազգաշահ նոր ձեռնակներ: Ի գնահատություն եկեղեցանվեր և ազգօգուտ ծառայության Հայրապետական կոնդակով Տեր և Տիկին Խանջյաններին շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

Հիշարժան այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին` ի գնահատություն նրա բարեջան ծառայության:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց հոգևոր դասին, որոնք անխոնջ խնամում և հսկում են մեր ժողովրդի հոգևոր կյանքը, ինչպես նաև եկեղեցական վարչականներին և Ավստրալիայում ապրող համայն հավատավոր մեր ժողովրդին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին                                            

Տեղեկատվական համակարգ            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728