Փետրվարի 20-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը։ Այն ամեն տարի նվիրվում է հայկական կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկի հոբելյանին։ Տասներորդ հոբելյանական փառատոնն այս տարի նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։
Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է արժևորել մեր կոմպոզիտորների երաժշտական ժառանգությունը՝ ներկայացնելով նրանց ստեղծագործությունները հանրության լայն շերտերին։ Փառատոնի շրջանակներում թվայնացվում, ձայնագրվում են նաև այդ գործերը՝ նպաստելով հայկական երաժշտական ժառանգության պահպանմանը։
Տերտերյան ֆեստի շրջանակներում փետրվարի 20-ից մինչև մարտի 13-ը կայանալիք համերգների ընթացքում կներկայացվեն ոչ միայն Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները (թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները), այլև հայ կոմպոզիտորական դպրոցի այլ ներկայացուցիչների՝ Արմեն Տիգրանյանի, Ղազորս Սարյանի, Տիգրան Չուխաջյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Հարո Ստեփանյանի գործերը։ Որպես մենակատարներ հանդես կգան Հասմիկ Պապյանը, Նարե Արղամանյանը, Լիլիթ Արտեմյանը, Դենիս Շապովալովը։
Տերտերյան ֆեստի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Այս համերգը բարեգործական է, և համերգի հասույթը փոխանցվելու է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։
Ավետ Տերտերյանը 20-րդ դարի հայ մեծ կոմպոզիտորներից է, ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ. գրել է ութ սիմֆոնիա։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Նրա գրչին են պատկանում նաև երկու օպերա, վոկալ, գործիքային և այլ ստեղծագործություններ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
Ողջունում եմ այս փառատոնի ծրագիրը, բայց ցանկալի է, որ ծրագրում ներառվեր նաև Դ․Սաքոյանի 11 սիմֆոնիաներից որևէ մեկը, որոնք նույնպես մեր ազգային արժեքներից են ․․․ Հարգանքով՝ Աշոտ Բաբայան
,,Կոմպոզիտորական արվեստ,, հասկացողությունը կարծում եմ անորոշ է, քանի որ ըստ Մտավոր սեփականության մասին օրենքի, երաժշտությունը, հենց, կոմպոզիտորի ստեծագործությունն է ․․․ Կարծում եմ ճիշտ կլինի ,,Հայ երաժշտության փառատոն,, ձևակերպումը․․․ Հարգանքով՝ Աշոտ Բաբայան