ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ու բժշկական սպասարկման բաժինների պետերը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալներն ու բաժնի պետերը:
Սկսելով խորհրդակցությունը՝ Ա. Մխոյանն առաջարկեց ներկայացնել նշված ոլորտներում առկա խնդիրներն ու առաջարկությունները՝ ըստ հիմնարկների: Բժշկական սպասարկման ոլորտում հիմնական խնդիրը թափուր հաստիքային միավորների առկայությունն էր, ինչը էապես դժվարացնում է հիմնարկների բուժանձնակազմի կողմից շուրջօրյա հերթապահության իրականացումը:
Ա. Մխոյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ կիրականացվեն համապատասխան փոփոխություններ հաստիքացուցակում, ինչպես նաև կկատարվի հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում հնարավոր կլինի քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովել շուրջօրյա բժշկական հերթապահություն:
Քննարկվեցին նաև բժշկական սարքավորումների անսարքությանը և տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:
Ծառայության պետը հանձնարարեց խստորեն պահպանել Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման բոլոր պահանջները, պատշաճ կատարել բժշկական փաստաթղթավորումը: Ներկաների ուշադրությունն առանձնապես հրավիրեց քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժման հարցին՝ շեշտելով, որ ստացիոնար բուժում պետք է ստանան դրա կարիքն իսկապես ունեցող ազատազրկված անձինք:
Անդրադառնալով սոցիալ-հոգեբանական աշխատանքներին՝ ծառայության պետը հատկապես կարևորեց հոգեբանի աշխատանքը՝ նշելով, որ հիմնարկի հոգեբանի առաջնահերթ խնդիրն է հասկանալ անձի՝ քրեակատարողական հիմնարկում հայտնվելու պատճառները, առանձնահատուկ շեշտեց հոգեբանի աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Հանձնարարեց պահպանել ՀՀ արդարադատության նախարարի՝ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանի պահանջները՝ բացառելով կամայական գործողությունները:
Խորհրդակցության ավարտին Ա. Մխոյանը մեկ անգամ ևս կոչ արեց տեղում ամենօրյա աշխատանքներ իրականացնել ենթակաների հետ ոլորտին վերաբերող իրավական ակտերի առավել հստակ իմացության և ճշգրիտ փաստաթղթավորման ուղղությամբ՝ նշելով, որ հետևողական է լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարման հարցերում:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին