Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

30-50% դեպքերում քաղցկեղը կարելի է կանխարգելել և բուժել

Փետրվար 04,2019 10:05

Այսօր Քաղցկեղի (չարորակ նորագոյացությունների (ՉՆ)) դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 2005 թվականին՝ «Քաղցկեղի դեմ պայքարի» համաշխարհային կազմակերպության  նախաձեռնությամբ և կրում է ամենամյա բնույթ: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ՉՆ հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը:

ՉՆ առաջացումը ժառանգական գործոնների և արտաքին քաղցկեղածինների, ինչպես նաև վարքագծային ու կենսաբանական գործոնների փոխազդեցությունների արդյունք է,  որի ժամանակ նորմալ բջիջները վերափոխվում են ուռուցքայինի։

2018 թվականին աշխարհում ՉՆ-ից մահացել է 9.6 մլն մարդ` մահվան դեպքերի գրեթե 70%-ը գրանցվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում)։ Մահվան դեպքերի գրեթե մեկ երրորդը պայմանավորված է բնակչության վարքագծով և առողջության վրա հիմնական ռիսկի գործոնների վնասակար ազդեցությամբ, մասնավորապես՝ ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, անառողջ սննդակարգ, ավելցուկային քաշ/ճարպակալում և ֆիզիկական թերակտիվություն:

Ծխախոտի օգտագործումը ՉՆ-ի, մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է: Ամբողջ աշխարհում ՉՆ մահացության մոտ 22%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ, իսկ 10-15%-ը` ծխախոտի երկրորդային ծխի վնասակար ազդեցությամբ:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ՉՆ-ի դեպքերի 25%-ը պայմանավորված է քաղցկեղ առաջացնող այնպիսի վարակներով, ինչպիսիք են հեպատիտ Բ-ն, Ց-ն և մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ):

ՉՆ-ի տարածվածությունը և մահացությունը պայմանավորված են ախտորոշման անհասանելիությամբ և հիվանդության ուշ փուլերում բժշկական օգնության դիմելու հանգամանքով:

Հայաստանում ՉՆ-ից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ: Ընդհանուր մահացության կառուցվածքում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (20.4%), արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: Վերջին 30 տարվա ընթացքում մահացության և հիվանդացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ: 2018-ի դրությամբ Հայաստանում դիսպանսերային հսկողության տակ գտվող ՉՆ հիվանդների թիվը 43830 է, ամեն տարի գրանցվում է 8500 նոր դեպք:

ՉՆ-ի 30-50%-ը կարելի է կանխարգելել և բուժել` վաղ հայտնաբերման պարագայում: Ցավոք, դեպքերի շուրջ 60%-ը հայտնաբերվում է III և IV փուլերում, որը մեծապես անդրադառնում է բուժման որակի և ապրելիության տևողության վրա:

Ըստ ՉՆ նոզոլոգիաների տարածվածության՝ կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի պարանոցի և մարմնի հիվանդացությունը և մահացությունը, տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, ստամոքսի շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը: Վերջին տարիներին թե´ կանանց, թե´ տղամարդկանց շրջանում, զգալիորեն աճել է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով և անառողջ սննդակարգով:

Քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել առողջ ապրելակերպի կանոնները.

  • չծխել և արգելել Ձեր և Ձեր հարազատների կողքին ծխելը,
  • լինել ֆիզիկապես ակտիվ,
  • պահպանել առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը,
  • խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից,
  • կանխարգելիչ նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելել բժշկի,
  • մասնակցել սկրինինգային հետազոտություներին,
  • պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728