Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն իր առաջին հացադուլից ուղիղ երկու ամիս անց՝ այսօր, ԱԺ այգում վերսկսեց իր անժամկետ հացադուլը:
Գալստյանի խոսքով, իրեն թույլ չեն տվել բակում վրան տեղադրել՝ բացատրելով, որ նախ այդ տարածքում քաղաքացիներին չի թույլատրվում հացադուլ անել, բացի դա, այգի այցելության ժամերը մինչեւ երեկոյան ժամը 20։00-ն է թույլատրվում: Այդ պատճառով ռեժիսորը որոշել է այգու տարածքում հացադուլն անել մինչեւ թույլատրելի ժամը, այնուհետեւ գիշերը կտեղափոխվի այլ վայր՝ շարունակելու հացադուլը:
«Ես շատ մարտական եմ տրամադրված, մենք հաղթելու ենք, պետական կառույցները, որոնք չեն կատարել ֆիլմի հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունները, կատարելու են, դրանից հետո միայն հացադուլը կավարտվի: Այն մարդկանց, որոնք փակել են ֆիլմի ճանապարհը, կերել են ֆիլմի փողերը, ամեն օր անուն առ անուն փաստերով անդրադառնալու եմ, ամեն իրենց կտոր հացի հետ պետք է զգան այն ատելությունը իմ, իմ աջակիցների կողմից, որ գնալու է իրենց օրգանիզմ, շատ ծանր է նստելու նրանց վրա այս պայքարը»,- ասաց ռեժիսորը:
Հիշեցնենք կինոռեժիսորի հացադուլի նախապատմությունը: 2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց: Հովհաննես Գալստյանը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսոր եւ համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրն է: Ըստ Գալստյանի՝ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88 մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին:
2016թ-ին ֆիլմին հատկացվել է 8 մլն դրամ։ 2017թ-ին՝ 15 մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանի ղեկավարությամբ, հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից։ Ըստ Գալստյանի, սակայն Ամիրյանը երաշխավորել էր վերցված գումարը վերադարձնել, բայց հրաժարական տվեց ու չկատարեց իր խոստումը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ այդ խնդիրը նախորդ իշխանության ժամանակ չբարձրացրեց, Գալստյանը պատասխանեց՝ այս իշխանությունն ավելի մեծ վնաս է հասցրել, քան՝ Արմեն Ամիրյանը: Ըստ նրա՝ այս իշխանությունների օրոք մշակույթի ոլորտում նշանակված են ոչ կոմպետենտ պաշտոնյաներ, որոնք միայն շատախոսում են, ոչինչ չեն անում:
Իր վերսկսած հացադուլով կինոռեժիսորը շարունակում է իր ավելի վաղ ներկայացրած պահանջները ներկայացնել՝ երկարաձգել «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի ժամկետը և կատարել 13.11.2015թ․ N 329 գրությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները, ապահովել 2017թ-ին մշակույթի նախարարի հանձնարարությամբ «Տատիկիս Վարսերը» ֆիլմից ժամանակավորապես վերցրած գումարի վերադարձը ֆիլմին եւ ներկայացնել մշակույթի նախարարի հրամանով ստեղծած ֆիլմերի ֆինանսավորման մրցութային հանձնաժողովի կողմից «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերութան հայտերի քննությունը մերժելու իրավական հիմնավորումները, դրանց բացակայության, ոչ լիարժեքության, կամ հակառակը ապացուցող փաստաթղթերի առկայության դեպքում չեղարկել այդ որոշումը՝ փոխհատուցելով իրենց կրած վնասները։
Նա վաղը ժամը 13:00-ին լրագրողներին հրավիրեց ԱԺ այգի՝ հանդիպման. ասելիք ունի:
https://www.facebook.com/hovhannes.galstyan/videos/10158241569199056/
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Վայ դե վերջացրու: Տունդ ծախի, նկարահանի ֆիլմդ: Շատ կինոռեժիսորներ այդպես են արել: