Ինչպե՞ս այդպես ստացվեց, որ մի իշխանություն, որում զգալի ներկայություն ունեն լրագրողները՝ կարող է բավական լարված հարաբերություններ ու խնդիրներ ունենալ որոշ լրատվամիջոցների հետ: Այս մասին հարցրեցինք «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին: Որպես ասվածի մի հիմնավորում, նախ հիշատակեցինք՝ 2018 թվականի հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը հրաժարվում է թերթերի բաժանորդագրությունից, եւ հենց իր գլխավորած ՊՈԱԿ-ն է դիտարկում լրահոսն ու տեսություն պատրաստում հրապարակումներից, փոխանցում ահազանգերը: Հովհաննես Մովսիսյանն ի պատասխան նախ պարզաբանեց, որ միայն կառավարության աշխատակազմն է հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ անիմաստ ծախս համարելով. «Շատ դեպքերում ինչպես կապոցով բերում էին՝ այնպես էլ տանում էին, որովհետեւ չէին կարդում թերթերը»: Պարզաբանեց նաեւ, որ իրենց կենտրոնը թերթերի տեսություն չի անում, այլ՝ «Մենք կառավարող օղակին ներկայացնում ենք այն խնդիրները, որոնք բարձրաձայնում է մամուլը»: Նպատակը՝ համապատասխան արձագանքն է, ինչը համաձայնեցինք, որ չի եղել նախկինում, երբ գերազանցապես անտեսվում էին մամուլի արծարծած խնդիրները:
Նախկին եւ ներկա ժամանակաշրջանների եւս մի զուգահեռ. եթե նախկինում լրագրողներին մեղադրում էին, թե «Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են», հիմա էլ է երկրի ղեկավարը համանման մեղադրանք ուղղում ԶԼՄ-ներին. «Սա հուսահատության քարոզչություն է, որը հեղափոխությանը նախորդած տարիներին արվել է, որ բան չի փոխվի, յոլա գնացեք, եղունգ ունեք՝ գլուխ քորեք, արտագաղթեք եւ էսպես շարունակ», իսկ նրա թիմակիցներից ոմանք պնդում են, թե «Մարդկանց մտածողության մեջ դրական փոփոխություններ, պոզիտիվիզմի տանող մտքեր առաջացնելու փոխարեն՝ ապատեղեկատվություն ենք տալիս»: Այս զուգահեռին արձագանքելով՝ Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ մեդիափորձագետների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մտահոգությունն այժմ մի փոքր ավելին է, քան նախկինում էր. «Մենք խնդիրներ ունենք մամուլի հետ, երբ չես հասկանում, թե ինչ լրատվամիջոց է դա՝ երբեմն տարօրինակ անուններով կայքեր են բացվում, որոնք խանգարում են այնպիսի լրատվամիջոցների՝ ինչպիսին, օրինակ, «Առավոտն» է եւ մյուսները: Երբեմն կայքը չունի հասցե, չունի խմբագիր ու պատասխանատու: Ոչ մի նորմերի չի համապատասխանում, բայց լրատվական կայք է համարվում»: Հավելեց, որ այս քննարկումը վերաբերում է նաեւ սոցիալական ցանցերին, որտեղ ապատեղեկատվության տարածումը մտահոգիչ չափերի է հասել:
Նշենք, որ ԶԼՄ-ների վերաբերյալ նույն խնդիրն առկա էր նաեւ նախկինում, ինչը 2016-ին ստիպեց թերթերի եւ կայքերի 15 խմբագիրների հանդես գալ հայտարարությամբ, որով առաջարկվում էր կարգավորել առցանց լրատվամիջոցների դաշտը եւ մասնավորապես՝ «Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում»: Բայց այն ժամանակ այդ հայտարարությունն արժանացավ հակազդեցության: Ընդ որում՝ ընդդիմախոսներից մեկն էլ այն ժամանակ «Սիվիլնեթի» սյունակագիր, իսկ այժմ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր, որը լրատվական դաշտը կարգավորելու այս փորձը որակել էր «մարտահրավեր ազատ խոսքի զարգացմանը», պնդելով, թե «իշխանությունը կարող է այդ գործիքը օգտագործել իր ուզած ձևով» եւ «15 լրատվամիջոցների այս նախաձեռնությունը պետական մարմիններին ազատ խոսքը սահմանափակելու հնարավորություն շնորհելու փորձ է։ Իսկ դա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ լրատվական դաշտի վրա։ Խոսքի ազատությունը բացարձակ արժեք պետք է լինի»:
«Արմեն Գրիգորյանն իր կարծիքն է ասել, ես էլ իմ կարծիքը կասեմ,- պատասխանեց պրն Մովսիսյանը՝ երկրորդելով մասնագետների տեսակետները, թե ԶԼՄ-ների մեր օրենսդրությունը հին է եւ պետք է փոփոխվի: – Բայց ես կարծում եմ, որ դա չպետք է անի կառավարությունը: Միգուցե խորհրդարանական ուժերը միասին պետք է անեն, միգուցե դրանք պետք է առաջարկներ լինեն տարբեր մեդիա ընկերությունների, խմբագիրների, Լրագրողների միության, տարբեր ՀԿ-ների կողմից»:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավարի տեսակետը հարցրեցինք նաեւ այն դժգոհությունների մասին, թե ԶԼՄ-ները «միայն բացասական լուրեր են հրապարակում և լավ բաները չեն տեսնում»։ Արդյոք չկա՞ այդ գիտակցումը, որ մամուլի գործը խնդիրների մասին խոսելն է ցանկացած իշխանության օրոք՝ հարցին ի պատասխան նա ասաց. «Մամուլի խնդիրը հենց քննադատելն է: Մամուլը պետք է անընդհատ քննադատի՝ հատկապես հիմա, երբ մենք դեռ չունենք շատ ուժեղ ընդդիմություն եւ իշխանությունն ունի մեծամասնություն: Եվ այս դեպքում մամուլը՝ փոքրաթիվ ընդդիմության հետ, պետք է անընդհատ արթուն պահի իշխանությանը եւ բարձրաձայնի խնդիրների մասին: Սա շատ կարեւոր է: Եվ ես կարծում եմ՝ երբ ինչ որ դրվագներում տարբեր գործիչներ չեն ընդունում քննադատությունը, դա ավելի շատ կապված է քննադատության որակի եւ նյութի հետ: Երբեմն նկատել եմ դեպքեր, երբ անգամ մեր կառույցի մասին էլ ինչ-որ բաներ գրվել են, որ որակը վիճելի է եղել ինձ համար՝ առաջին հերթին որպես լրագրողի: Բայց կարծում եմ, որ պետք է հանդուրժող լինել ԶԼՄ-ների հանդեպ, քանի որ հիմա մամուլը նույնպես փոխակերպման փուլում է՝ փոփոխություններ են նաեւ այստեղ: Եվ կարծում եմ՝ ժամանակի ընթացքում նաեւ որակը կլինի, քննադատության նյութը կփոխվի եւ ամեն ինչ իր տեղը կընկնի»: Հավելեց՝ «Ես շատ եմ ուզում, որ այս ամենից հետո մենք չկորցնենք հարգանքը ԶԼՄ-ների եւ լրագրողների հանդեպ, քանի որ երբեմն նկատում եմ նման տարրեր՝ ատելության խոսք մամուլի ներկայացուցիչների հանդեպ: Իմ կարծիքով՝ դա շատ սխալ է եւ չպետք է լինի»:
Այս համատեքստում մեր զրուցակիցն անդրադարձավ 2018-ի հուլիսի 17-ին շուրջ տասնյակ խմբագիրների հայտարարությանը՝ լրատվամիջոցների գործունեության հետ կապված մտահոգիչ միտումների մասին, որում նաեւ ակնկալվում էր իշխանությունների արձագանքը՝ այլակարծության, քննադատական խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, վիրավորանքները և սպառնալիքները դադարեցնելու առնչությամբ։ «Կառավարությունը նախ չունի գործիք միջամտելու սոցցանցային դաշտին: Եվ երկրորդը՝ կառավարությունը կո՞չ անի, որ ընթերցողը՝ տվյալ լսարանը չքննադատի մամուլին… Ես չգիտեմ, վստահ չեմ դրա արդյունավետությանը, անկեղծ ասած»,- այս առնչությամբ ասաց նա:
Խմբագիրների այդ մտահոգությունը ատելության քարոզչության մասին, որ ավելի վաղ արտահայտել էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ի վերջո փոխանցվեց նաեւ միջազգային հարթակներ: Եվ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը վերջերս Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց. «Մարդիկ շատ դեպքերում վախեցել են գնալ ընտրությունների սոցիալական մեդիայում առկա ատելության և անհանդուրժողականության պատճառով»: Իսկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին արդեն մի քանի անգամ նշել է հարցազրույցներում. «Մենք Եվրամիությունով մասնավորապես շատ մտահոգված ենք Հայաստանում ատելության խոսքի առկայությամբ։ Եվ խորհուրդ ենք տալիս Հայաստանի կառավարությանն ուսումնասիրել առկա օրենսդրությունը և փորձել հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է իրավիճակը բարելավել։ Բացի այդ, քաղհասարակությանը ևս խորհուրդ ենք տալիս ավելի ակտիվ կերպով պայքարել ատելության խոսքի դեմ»։
Հարցին՝ օրենսդրական կարգավորումների միջոցով հնարավո՞ր է փորձել կարգավորել այս խնդիրը, թե՞ ամեն կոնկրետ դեպքի առնչությամբ պետք է գնալ վարչական կամ քրեական հետապնդման ճանապարհով՝ Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց, թե ամբողջական լուծումներ են անհրաժեշտ ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրության առնչությամբ, սակայն դարձյալ պնդեց, որ դա կառավարությունը չէ, որ պետք է անի, այլ մամուլի ներկայացուցիչները. «Որ դա նախ չդիտվի որպես միջամտություն մեդիայի դաշտ, քանի որ հետո էլ կարող են լինել մեղադրանքներ, թե կառավարությունը միջամտում է մամուլի աշխատանքներին»:
Վերջում հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի պնդմանը. «Մեր իշխանության դեմ նախկին իշխանությունների կողմից հայտարարված է մեդիա պատերազմ, մենք ընդունել ենք մարտահրավերը, մենք մտահոգվելու բան չունենք, քանի որ շատ ազնիվ ենք… Մեդիա պատերազմ են սկսել, բայց նրանք պարտվելու են»: ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավարը նշեց, որ սա փոքր ինչ քաղաքական հայտարարություն է՝ ինքն իբրեւ մասնագետ է անդրադառնալու. «Քննադատության ալիք եւ կասկածներ կան, թե տարբեր ուժերի կողմից կարող են ուղղորդվել ԶԼՄ-ները: Բայց կարծում եմ՝ սա նաեւ նրա հետ է կապված, որ մամուլը բավական ինտենսիվ է քննադատում: Բայց էլի եմ ասում՝ ես կողմ եմ քննադատությանը: Ի վերջո, քննադատության շնորհիվ կարող է ավելի լավը դառնալ այն ամենը, ինչ որ կա… Երբեմն ասում եմ՝ ես մամուլի ներկայացուցիչն եմ կառավարությունում, ոչ թե հակառակը: Ուզում եմ, որ շատերը հասկանան՝ լրագրողները եւ այն մարդիկ, որոնք քննադատում են, թշնամիներ չեն եւ այն մարդիկ չեն, որոնք չեն ուզում, որ երկրում լավ լինի: Նրանք հենց լավը ցանկանալու մղումից են գնում այդ քայլին ու ցույց տալիս բացերը: Եվ շատ կցանկանամ, որ այս տեսակետը հասկանալի լինի ու դրա համար եմ ասում՝ չեմ ուզի, որ այս ամենի հետեւանքով հանկարծ կորի հարգանքը լրագրողի եւ լրատվամիջոցների հանդեպ»:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ լրագրողների դժգոհություններին՝ կապված պետական գերատեսչությունների, նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքի վերաբերյալ, լրատվամիջոցներին հետեւողականորեն հետին պլան մղելուն՝ առաջին տեղ տանելով սոցիալական ցանցերը: Այս ամենի եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ Հովհաննես Մովսիսյանի ամբողջական պատասխանները՝ տեսանյութում:
Հարցազրույցը վարեց Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ