Չեմ ասի, թե ամենաառողջարար ուտելիքն է, բայց որ՝ շատ համեղ է եւ շատ հարմար է կիրակիները ընտանիքի հետ նախաճաշի սեղանի շուրջ հավաքվելու համար, դա՝ հաստատ: Բնականաբար, սա չի նշանակում, որ շաբաթվա մյուս օրերին կամ ժամերին չի կարելի պատրաստել այս համեղ ուտեստը: Օրինակ՝ ուրբաթ երեկոյան, մի գավաթ գարեջրի հետ:
Անհրաժեշտ մթերքները
Նրբերշիկ- 8 հատ
Ձու- 2 հատ
Մածուն-1 բաժակ (կարելի է վերցնել 0,5-ական բաժակ մածուն եւ թթվասեր)
Բուսական յուղ- 5-6 ճաշի գդալ
Համեմունքներ- ըստ ճաշակի (ես վերցրել եմ քարրի, չորացրած կանաչիներ, կարմիր պղպեղ)
Սոդա- 1 թեյի գդալ
Աղ-1 թեյի գդալ
Քերած պանիր, օրինակ՝ պարմեզան կամ որեւէ այլ դեղին, պինդ պանիր- 2-3 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Ալյուր-1,5-2 բաժակ
Պատրաստման եղանակը
Ձուն, թթվասեր-մածունը, բուսական յուղը խառնել, ավելացնել համեմունքները, աղը, սոդան եւ ալյուրը, եթե ցանկանում եք՝ նաեւ պանիրը, եթե ոչ՝ ամենեւին պարտադիր չէ: Պիտի դառնա բիսկվիթի խտության խմոր:
Ջեռոցի ուղղանկյուն, խորը թավան լավ յուղոտեք, խմորի կեսը լցրեք մեջը, վրան շարեք նրբերշիկները, լցրեք խմորի մնացած մասը: Վրան կարող եք զարդարել քունջութով, ծովի խոշոր աղով: Դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտավորապես 45-55 րոպեով: Պատրաստ լինելը ստուգեք փայտե չոփիկով՝ եթե խմորից չոր դուրս գա, ուրեմն պատրաստ է:
Մատուցեք տաք-տաք: Թեեւ, եթե հանկարծ մնա, կարող եք նաեւ սառը ուտել:
Ի դեպ, սա նաեւ գարեջրի համար հրաշալի խորտիկ կարող է լինել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ