2019 թվականը սկսվել և ընթացքի մեջ է: Հայաստանում: Նոր Հայաստանում: Շատերն են հավատում, որ Հայաստանում 2019 թվականը լինելու է արմատական փոփոխությունների տարի: Լավ իմաստով: Ասում ենք՝ լավ իմաստով, որովհետև անկախության այս երեք տասնամյակների ընթացքում համոզվել ենք, որ փոփոխությունները կարող են լինել ոչ միայն լավ, այլև վատ, նույնիսկ՝ շատ վատ: Բայց մենք մեզ լավատեսների շարքն ենք դասում և հակված ենք կարծելու, որ այս նոր տարում տեղի ունենալիք փոփոխությունները բացառապես դրական են լինելու:
Այսինքն՝ անձամբ մենք հնարավորինս լավատես ենք: Բայց մեր կողքին նաև հոռետեսներ կան, ովքեր իրենք իրենց զրկելով դրական հույսերից ու տրամադրություններից՝ «բայղուշաբար» ենթադրում են, որ 2019-ին Հայաստանում տեղի ունենալիք փոփոխությունները բացառապես բացասական փոփոխություններ են լինելու: Հիմնականում այդ կարծիքին են երդվյալ հակահեղափոխականներն ու հականիկոլականները, մայրաքաղաքապետ Հայկ Մարությանի բնորոշմամբ՝ սևերը: Չնայած տհաճ է, բայց անդրադառնանք բայղուշներին ու նրանց բայղուշությանը:
Հայաստանն անկախության օրոք չորս ղեկավար է ունեցել, որոնք բոլորն էլ ընդդիմադիրների կողմից մեղադրվել են Արցախի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ: Չորսին էլ նշում ենք, որովհետև, չնայած չորրորդը՝ Նիկոլ Փաշինյանը, դեռևս Արցախի հարցում որևէ կոնկրետ քայլ չի արել, բայց արդեն ինքն էլ է մեղադրվում Արցախի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ: Մեղադրում է՝ ով պատահի:
Արցախի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ մեղադրվել են թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛, ինչպես ասացինք, արդեն նաև Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի ղեկավարներից Արցախի հարցում, ինչքան էլ որ տարօրինակ է, ամենից ավելի քննադատության է արժանացել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր էլ, ինչքան էլ տարօրինակ է, Արցախի հարցում Տեր-Պետրոսյանին քննադատողները քչություն չեն անում: Ասում ենք՝ տարօրինակ է, որովհետև թե՛ Շուշվա հաղթանակը և թե՛ Արցախյան պատերազմի մյուս ամենաէական հաղթանակները Տեր-Պետրոսյանի օրոք ենք գրանցել: Եվ դե ֆակտո Տեր-Պետրոսյանի օրոք նաև ադրբեջանցիների կողմից ենք հաղթած կողմ ճանաչվել:
Ինչքան էլ ինքներս մեզ ու մեր իշխանություններին մեղադրենք, փաստ է, որ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում ադրբեջանցիներն իրենց պարտված կողմ են ճանաչում ու համարում: Այսինքն՝ Արցախի հարցում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, հաղթած նախագահ է, բայց, ինչքան էլ որ տարօրինակ է, ամենից ավելի հենց ինքն է քննադատվել ու քննադատվում Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն վարելու մեջ:
Դրա պատճառը հավանաբար նաև այն է, որ Հայաստանի ղեկավարներից Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներն ամենից ավելի շատ են խոսել ու խոսում խաղաղությունից ու խաղաղության անհրաժեշտությունից, մինչդեռ մեր մակերեսային «հայրենասերների» զգալի մասը խաղաղությունն ու խաղաղասիրությունը համարում է պարտվողականության նշան: Ցավոք սրտի, այդ կարծիքին է նաև մեր հասարակության զգալի մասը, ու, ըստ ամենայնի, նաև այդ էր պատճառը, որ ՀԱԿ-ը Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում չնչին քանակությամբ ձայներ ստացավ: Բայց, այդուհանդերձ, մեր առավել ռեալիստ ու ինտելեկտուալ քաղաքական գործիչների մեծ մասն այն կարծիքին են, որ խաղաղությունն ու խաղաղասիրությունն այլընտրանք չունեն:
Երբ խաղաղությունից ու խաղաղասիրությունից հրաժարվում են ադրբեջանցիները, դա միանգամայն բնական ու հասկանալի է, որովհետև էս պահի դրությամբ ադրբեջանցիները, փաստորեն, պարտվածի վիճակում են, և իրենք էլ չեն թաքցնում էդ փաստը՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ հայերը գրավել են Ադրբեջանի այսքան-այսքան մասը: Այսքանից հետո ենթադրվում է, որ այս պահին հենց հայերս պիտի ձգտենք խաղաղության, այլ ոչ թե ադրբեջանցիք: Եվ մանավանդ միջազգային քաղաքական ատյաններում մեր խաղաղասիրական փիլիսոփայական կեցվածքը կարող է հաջողության գրավական լինել:
Ղարաբաղյան պատերազմը չափազանց երկար տևեց: Մի քանի անգամ ավելի երկար, քան Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները: Եվ որ ամենակարևորն ու ամենաէականն է՝ այս պատերազմի ու հակամարտության վերջն ու ավարտը չի երևում, և հույս էլ չկա, որ առաջիկայում կերևա, որովհետև հակամարտող կողմերը ոչ միայն ընդհանուր հայտարարի չեն գալիս, այլև հույս էլ չկա, որ երբևէ բանակցությունների շնորհիվ ընդհանուր հայտարարի կգան:
Այսուհանդերձ, բանակցություններն այլընտրանք չունեն: Բարեբախտաբար հակամարտող կողմերը սա լավ են հասկանում: Եվ չեն կարող չհասկանալ, որովհետև, ինչքան էլ քամահրանքով վերաբերվենք բանակցություններին, բանակցությունների այլընտրանքը պատերազմն է:
Ինչքան էլ քամահրանքով վերաբերվենք Մինսկի խմբի և նմանատիպ այլ խմբերի խաղաղասիրական ջանքերին, պիտի ընդունենք, որ Մինսկի և նմանատիպ խաղաղասիրական այլ խմբերի գործունեությունը զսպաշապիկ է պատերազմի հրձիգների ու պատերազմի սիրահարների համար, և ամենևին պարզ չէ, թե ինչ կլիներ, եթե չլինեին խաղաղասիրական այս խմբերի խաղաղասիրական առաքելությունն ու գործունեությունը, և Ղարաբաղի հարցն էլ միջազգայնացված չլիներ:
Փաստը փաստ է, որ հարցը միջազգայնացված է, և մենք ոչ միայն հակամարտող կողմ ենք, այլև հարցի խաղաղ կարգավորման պատասխանատու կողմ: Իհարկե, ոչ ի հաշիվ մեր շահերի:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Եթէ թռչուններու պատկերներով պիտի խօսինք, երբ որ սարսափելի պատերազմի մը հաւանականութիւնը կը սաստկանայ, ամէն օր մի քիչ աւելի, նախընտրելի է պայղուշ լինել, քան թէ գլուխը աւազին մէջ խրած եւ այդպէսով ինքզինք ապահով կարծող՝ ջայլամ:
Յօդուածէն դուրս մնացած են կացութեան վերաբերող էական մտահոգութիւններ, եւ արդէն այդ է խնդիրը, քանզի երբ որ գլուխը աւազին տակ է, շատ բան կարելի չէ տեսնել:
«Համա ընտրեց, հա՜, նախրի միջին գնացեր, քոլիկ երնջի ճակատը պաչեց: Չէ՜, իշու ջակատը պաքեց: Համա ընտրեց, հա՜…Լե՜- ւո՜ն – ւո՜ն – ւո՜ն – ւո՜ն, Լե՜ւի- ո՜ն – ո՜ն – ո՜ն – ո՜ն:»
Երբ «հայկական» թղթադրամ կոչվածի վրա կհայտնվեն պետության զինանշանը կամ կնիքը, գանձապետի կամ ֆինանսների նախարարի ստորագրությունը ՝ բոլոր խնդիրները կլուծվեն:
ԼՏՊ-ի «խաղաղությունից» մինչեւ իրական եւ անխուսափելի պատերազմ ընդամենը մեկ քայլ է: Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ հենց ԼՏՊ-ին են համարում պարտվողականության քարոզիչ. չորսից նա միակն է, որ հրապարակայնորեն համաձայնվել է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար տարածք: Միայն «հաղթած» նախագահն է, որ մինչեւ այժմ շարունակում է «Սերգո-ջանի» բարօրության երգը երգել: Չարագուշակության հարց չկա այստեղ. ի տարբերություն «ինտելեկտուալ քաղաքական գործիչների»՝ նորմալ մարդիկ անհանգստացած են «խաղաղասերների» տարօրինակ ակտիվացումից: Կասկած է առաջացել, որ «դուխով» վարչապետը փորձում է իրականացնել «հաղթած» նախագահի վաղեմի պլանը՝ հանձնել Արցախը ու ազատվել հաղթանակի «գլխացավանքից»…