Ս․թ․ հունվարի 24-25-ին Լեհաստանի Ժեշով քաղաքում կայացավ «Ուկրաինա-Եվրոպա» 12-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցեց եւ ելույթ ունեցավ «Առավոտ»-ի ռուսերեն տարբերակի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանը՝ «Արեւելյան Գործընկերություն․ նոր գաղափարներ՝ նոր իրողությունների համար, հայացք Երեւանից» թեմայով զեկուցմամբ։
Հարգելի՛ նախագահող,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ այս կարեւոր հարցի շուրջ հանդիպման եւ քննարկման հնարավորություն ստեղծելու համար։
Սկսած 2009 թվականից, երբ Լեհական դիվանագիտության փայլուն գաղափար Արեւելյան Գործընկերությունը ծնվեց, ուժեղացավ Շվեդական դիվանագիտության փորձառությամբ եւ դարձավ Եվրոպայի Հարեւանության Քաղաքականության Արեւելյան բաղկացուցիչ՝ շատ ջրեր են հոսել։ Անցած բարդագույն տասնամյակի ընթացքում փոխվել են գրեթե բոլոր ելակետերը, քաղաքական մթնոլորտը Եվրոպայում։
Այն, ինչին, թվում էր, թե կարելի է, պետք է ձգտել, եւ մշակվում էին նույնիսկ կոնկրետ քայլեր, ռազմավարություն եւ մարտավարություն, ելնելով ինչ-ինչ «հաստատուն մեծություններից»՝ այժմ ընկալվում է որպես անիրատեսական մի բան, քանզի այդ «մեծությունները», մեղմ ասած, այդքան էլ հաստատուն չգտնվեցին, այն մարտահրավերները, որոնք կան այսօր՝ այլեւս հեռավոր 2009-ին էին թվում անիրական, իսկ այսօրվա որոշ իրողություններ էլ կարող էինք պատկերացնել միայն մղձավանջային երազում։
Գաղափարը ծնվեց մի ժամանակաշրջանում, որն անմիջապես հաջորդեց Պուտինի հայտնի Մյունխենյան ճառին, Ռուսաստանի ներխուժմանը Վրաստան, որին քաղաքակիրթ աշխարհն ավելի շատ հակված էր ընկալել որպես թյուրիմացություն, այլ թե որպես չափազանց վտանգավոր մուտացիայի մեկնակետ։ Եվ սա այն դեպքն էր, ցավոք, երբ քաղաքակիրթ աշխարհը սխալվեց, իսկ հետագա իրադարձությունները եկան դա ապացուցելու։ Կիեւում Եվրամայդանից դեռ երեք ամիս առաջ Հայաստանի կոռումպացված իշխանությանը Մոսկվան առաջարկություն արեց, որից նա հրաժարվելու հնարավորություն չուներ, եւ Երեւանը հրաժարվեց ԵՄ հետ Ասոցացման պայմանագրից։ Բայց դա չազդեց Ուկրաինայի հերոս քաղաքացիների վճռականության վրա, երբ նրանք ընդվզեցին ընդդեմ իրենց՝ այն ժամանակվա կոռումպացված իշխանությունների որոշման՝ հրաժարվել Ասոցացման պայմանագրից։ Կիեւի փողոցներում արյուն թափվեց, Ռուսաստանը երկրի վրա հարձակվեց, մի մասն օկուպացրեց, մյուս մասն էլ ուղղակի բռնակցեց։ Նման բան Եվրոպան չէր տեսել 1938 թվականից հետո։ Այս անգամ արդեն, թեկուզ եւ ոչ այնքան բարձր էնտուզիազմով, բայց քաղաքակիրթ աշխարհը սկսեց դիմադրել․գործի դրվեցին պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի։
Մի կողմից, հետեւություն անել, որ Արեւելյան գործընկերության գաղափարն այլեւս արդիական չէ՝ կոնցեպտուալ սխալ է։ Այն մնում է ակտուալ, քանզի Եվրոպայի միասնական ընտանիքի գաղափարն ուղղակի այլընտրանք չունի, իսկ Եվրոպան չի ավարտվում լեհ-ուկրաինական սահմանին, այլ շարունակվում է, ներառելով նաեւ Հարավային Կովկասը։ Սակայն, մյուս կողմից, նոր իրողությունները նոր գաղափարներ են պահանջում առաջ շարժվելու, մերօրյա մարտահրավերները հաղթահարելու համար։
Իհարկե, այս պահին ոչ ոք չունի պատրաստի, իրատեսական բաղադրատոմս, որով բոլոր խնդիրները լուծում կստանան, եւ նոր գաղափարների համար անհրաժեշտ են հարթակներ, քանզի չկա ախտորոշում՝ չկա բուժում։
Աշխարհում սկսվել եւ շարունակվում է տեղեկատվական եւ հեռահաղորդակցային հեղափոխությունը, եւ մենք ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ Ավետարանում ըստ Հովհաննեսի հենց առաջին տողը պետք է հասկանալ շատ գործնական․այո, ի սկզբանե Բանն էր․․․ («In the beginning was the Word, and the Word was with God, and the Word was God»)։ Իսկ գործնական, որովհետեւ, առաջին հերթին, դա ձեւավորում եւ փոխանցում են գործող, բազմամիլիոն լսարան ունեցող ԶԼՄ-ները։
Անհրաժեշտ է ձեւավորել եւ գործարկել մեդիացանցը, որտեղ «կեփվեն» նոր գաղափարները նոր իրողությունների պայմաններում։ Նույնպես, անհրաժեշտ է գործարկել մտավոր կենտրոնների (think tanks) ցանցը, ներգրավելով նաեւ Եվրամիության գործընկերներին եւ գործընկեր կառույցներին, ինչը հենց համաեվրոպական չափում կհաղորդի մեր համատեղ աշխատանքին։
Ընդ որում, մեր ընդդիմախոսները, որոնք միտված են կառուցվածքային եւ փիլիսոփայական առումներով ավերելու այն, ինչին հասել է Եվրոպան 1945-ից ի վեր, շատ ավելի շուտ են հասկացել այս ամենի կարեւորությունն իրենց նպատակին հասնելու համար։ Այդ իմաստով, շախմատային լեզվով ասած, մենք առայժմ խաղում ենք սեւերով։ Եվ չէի ասի, որ խաղում ենք լավ։
Հաջորդը, այն խմորումները, որոնք տեղի են ունենում ԵԽԽՎ-ում, այն է․կոռուպցիոն սկանդալներ, անառողջ նախաձեռնությունների լոբբինգի պրակտիկա, բյուջեի անհասկանալի կրճատում եւ այլն, ամենեւին էլ չեն վկայում, որ եվրոպական միջխորհրդարանական ձեւաչափերը դեգրադացվել են։ Արեւելյան Գործընկերության միջխորհրդարանական ձեւաչափը՝ Եվրանեստը, եւս դեռ հեռու է իր ողջ ներուժով օգտակար լինելու նշաձողից։
Գոնե Հայաստանի մասով կարող եմ ասել հետեւյալը․Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որն անցավ ազատ, արդար եւ ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան, Հայաստանի Ազգային Ժողովը փոխել է իր դեմքը եւ բովանդակությունը, միտված է ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի, այդ թվում եւ ԵՄ Արեւելյան Գործընկերության ուղղությամբ եւ ձեւաչափով։
Մենք խոսեցինք տեղեկատվական եւ հեռահաղորդակցային հեղափոխությունների մասին, աշխարհում տեղի է ունենում նաեւ IT-հեղափոխություն։ Ընդ որում, ի տարբերություն Ամերիկայի եւ Ասիայի, Եվրոպան, ցավոք չունի իր Սիլիկոնային հովիտը, չնայած անկասկած է, որ կրեատիվությամբ եվրոպացիները ոչ ոքի չեն զիջում, եւ խնդիրը տնտեսական-համակարգային բնույթ է կրում։ Այդ իմաստով, Արեւելյան Գործընկերության անդամ-երկրները լրջագույն ներուժ են ներկայացնում՝ Հայաստանը, Ուկրաինան Բելառուսը, Վրաստանը։ Սա մի ոլորտ է, որտեղ մեծ ներդրումային հեռանկար է ուրվագծվել՝ թե բուն ոլորտում, թե համապատասխան մասնագիտական կրթության ոլորտում։
Բացի դրանից, աշխարհում տեղի է ունենում հեղափոխություն էներգետիկայում, որը բացի իր տնտեսական բաղադրիչից ունի նաեւ ծանրակշիռ բնապահպանական բաղադրիչ։ Այդ իմաստով Եվրոպան անվերապահ առաջատար է։ Օրինակ, Գերմանիան, համաձայն 2018-ի պաշտոնական տվյալների՝ իր սպառած էլեկտրաէներգիայի 40 տոկոսը ստացել է վերականգնվող աղբյուրներից։ Աշխարհում չկա որեւէ այլ զարգացած արդյունաբերական երկիր, որը նման ցուցանիշներ ապահովի։ Սա ունի նաեւ հստակ քաղաքական նշանակություն, քանզի գալիս է վերջ դնելու կոռումպացված, ավտորիտար, սակայն ապագայի առաջ իրենց անզորությունից վախեցած, այդ իսկ պատճառով՝ մինչեւ ատամները զինված պետրոկրատիաների դարաշրջանին։
Սակայն, իհարկե, դա մեկ օրվա խնդիր չէ։ Եվ մինչ այդ մի քանի հրատապ խնդիր պետք է լուծել, առանց որի դժվար է պատկերացնել այս կառուցողական գործընթացների բնականոն ընթացքը։ Առաջինն, իհարկե, Ռուսաստանի խնդիրն է։ Առանց պուտինյան Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից արդյունավետ զսպման քաղաքականության Արեւելյան Գործընկերության յուրաքանչյուր երկիր շարունակելու է գոյատեւել պետականության առումով մշտական էկզիստենցիալ վտանգի պայմաններում, առանց զարգացման լուրջ հեռանկարի, ինչ այլ ապագա չի խոստանում, քան որպես քաղաքական եւ քաղաքակրթական պերիֆերիա։ 2014-ի սեպտեմբերին Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը տարակուսում էր, որ ՆԱՏՕ-ն տվյալ պահին չունի ձեւակերպված քաղաքականություն, թե ինչպես վարվել այն ժողովուրդների հետ, որոնք գտնվում են դաշինքի սահմաններից դուրս եւ չեն մտնում Ռուսաստանի կազմի մեջ։ Այժմ, հինգ տարի անց, արդյոք կա՞ այդ ձեւակերպված քաղաքականությունը։ Հարցը թողնում եմ որպես հռետորական։ Առայժմ, գոնե ինձ, հայտնի չէ, թե արդյո՞ք հնարավոր համարում են եվրոպացիները Արեւելյան Գործընկերության անդամ-երկրներին որպես ԵՄ ապագա անդամներ, թե՞ ոչ։ Թեկուզ անորոշ ապագայում։
Ուստի, Արեւելյան Գործընկերության անդամ-երկրների հետ անվտանգության վերաբերյալ երկխոսության, դրա համար նախատեսված հարթակների ձեւավորման անհրաժեշտությունը պետք է դիտարկել որպես առաջնահերթություն։
Եվ որպես վերջաբան, դժվար է պատկերացնել, որ նույնիսկ լավագույն գաղափարների առկայության պարագայում առանձին վերցրած Արեւելյան Գործընկերությունում գործերը գնում են շատ լավ, երբ բուն Եվրամիությունը եւ պատմական դեր ունեցող Տրանսատլանտյան դաշինքը կանգնած են բազմաթիվ չհաղթահարված մարտահրավերների առաջ։ Առողջացման, նորացման, քաղաքական սերնդափոխության գործընթացներին Հին եւ Նոր Եվրոպայում նոր լիցքեր պետք է հաղորդել զուգահեռաբար, բոլոր հնարավոր հարցերում չմոռանալով մեկս մյուսի մասին։ Եվ թող Աստված օգնի մեզ։
Նկարը՝ Յուրի Պանչենկոյի Ֆեյսբուքյան էջից
Ինչպես միշտ՝ դիպուկ բոլոր նպատակակետերին: Տողատակերում էլ շատ բան կար: Շնորհակալություն բարձրորակ մեկնաբանությունների համար: