«Ամերիկայի ձայն»․ Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, սկսիր փոքր քայլերից՝ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցած հանդիպման ընթացքում հավաքվածներին իր մոտեցումն էր ներկայացնում Ավրորա մրցանակի դափնեկիր, իսկ այժմ նաեւ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթենան.
«Յուրաքանչյուրը կարող է սեփական ներդրումն ունենալ: Պետք չէ հսկայական գործեր անել, փոխարենն արեք փոքր գործեր՝ մեծ սիրով: Շատերն ուզում են վիթխարի գործեր անել, արմատական փոփոխություն մտցնել: Դա այն չէ, ինչի կարիքը մենք ունենք»:
Աֆրիկայի հիվանդանոցներում 19 տարի մարդկանց բժշկական ծառայություններ ապահովող Քաթենան այժմ ցանկանում է կապ ապահովել նրանց միջեւ, ովքեր մարդասիրական աշխատանք են կատարում եւ նրանց, ովքեր պատրաստ են նվիրատվություններ անել՝ եթե վստահ լինեն, որ գումարն ուղղվելու է մարդասիրական գործին: Սուդանում գործող Քաթենայի գլխավորած հիվանդանոցն ինքը վերջին տարիներին զրկվեց 27 դոնոր կազմակերպությունների օգնությունից միայն այն պատճառով, որ հիվանդանոցում չկար մասնագետ, ով կապահովեր բարեգործներին անհրաժեշտ թղթաբանությունը: Մինչդեռ, այսօրվա աշխարհում մերձավորին մեկնած ձեռքը հատուկ նշանակություն ունի, համոզված է Թոմ Քաթենան:
Այդ օգնության կարեւորությունը լավ է գիտակցում հայ ժողովուրդը, ժողովուրդ, որ 20-րդ դարի սկզբին Ցեղասպանություն վերապրեց, սակայն, վերստեղծեց իր անկախ պետականությունը, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ ավելացնելով, պատահական չէ, որ «Ավրորան» հիմնադրվել է հենց հայերի կողմից.
«Մենք՝ հայերս, գիտակցեցինք, որ պետք է ուշքի բերել, արթնացնել մարդկությանը, եւ «Ավրորա» նախաձեռնությունն ուղղված է հենց դրան. Այն փորձում է մարդկանց հանել անտարբերությունից, քանի որ հենց անտարբերությունը ճանապարհ է դեպի փակուղի: Եվ այս անհանգիստ ժամանակներում մեզ միավորում են «Ավրորայի» նման նախաձեռնությունները»:
Իր ելույթում անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Թոմ Քաթենան նշեց, որ անկեղծորեն չի հասկանում՝ ինչու է Անկարան մերժում սեփական պատմությունը.
«Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունն այդքան համառ, չէ՞ որ այն տեղի է ունեցել վաղ անցյալում: Ի վերջո, փակեք այս հարցը: Առնվազն՝ ճանաչեք այն»:
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում փոքր-ինչ ավելի լավատես է Նյու Ջրզիի Սթոքթոն համալսարանի պրոֆեսոր Էլիսա վոն Յոդեն-Ֆորգին, ում կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում հնարավոր է երիտասարդ սերնդի կողմից.
«Երիտասարդ սերունդը ամենուրեք լուրջ փոփոխություններ է կատարում: Հսկայական իրադարձություններ տեղի ունեցան Սուդանում: Հայաստանում նախորդ տարի երիտասարդները մեծ դեր խաղացին: Եւ կարծում եմ, Թուրքիայի երիտասարդ սերունդը նույնպես կհասնի գիտակցման, որ անցյալի համար պատասխանատվություն կրելը նույնպես պատվաբեր է, ինչ որ կերպ կճանաչի Ցեղասպանությունը եւ փոխհատուցի դրա համար: Եվ դա նաեւ Թուրքիային թույլ կտա զարգացման հարթ ուղիով ընթանալ»:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ