Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունց. «ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումն օրենքով արգելված չէ»

Փետրվար 02,2019 22:20

ԱԺ-ում մոտ չորս ժամ տեւած «Իմ քայլը» խմբակցության փակ միջոցառման ավարտից հետո, որին մասնակցել թույլ չի տրվել լրատվամիջոցներին, իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ դա նիստ չի եղել, այլ եղել է հանդիպում վարչապետի եւ կառավարության առանձին անդամների հետ: Նրա խոսքով, այստեղ զարմանալու որեւէ բան չկա: «Պարբերաբար նման հանդիպումներ լինելու են ու բավականին հաճախ են լինելու, որովհետեւ կարիք կա, որպեսզի օրենսդիրը եւ գործադիրը իրենց անելիքները սինքրոնիզացնեն, մեր անելիքների մասին խոսենք  որպես օրենսդիր եւ գործադիր եւ եթե այդ ընթացքում հարցեր կան կուտակված եւ հստակությունների կարիք ունենք յուրաքանչյուրս մեր տիրույթում, ապա հնարավորություն լինի այդ ամենը քննարկել:

Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, տարբեր հարցեր ենք քննարկել: Խոսել ենք վարչապետի Դավոս եւ Գերմանիա վերջին այցելություններից, պարգեւավճարների հետ կապված եւ տարբեր թեմաների մասին»:

Լիլիթ Մակունցը մանրամասներ չի ներկայացրել՝ պատճառաբանելով, որ դրանք աշխատանքային են, եւ ինքը պատգամավորներից յուրաքանչյուրի դիրքորոշումները ներկայացնել չի կարող, բայց շատ կարեւորել է հենց այս աշխատաոճը, որովհետեւ այստեղ քննարկվում են բոլոր խնդիրներն ու հետագա պլաններ մշակվում:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հիշեցրել է, որ աղմուկ բարձրացրած պարգեւավճարների մասին ինքը նշել էր, որ միայն ՊԵԿ-ի ղեկավարների հետ չի լինելու հանդիպումը: «Եթե մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք, որոշումներով եւ լուծումներով հանդես գալ, չենք կարող մի գերատեսչության հետ հանդիպման արդյունքում ներկայացնել լուծում կամ առաջարկ: Դրա համար խնդիրը համապարփակ կվերլուծենք, կհասկանանք: Այս պահին լուծում չկա: Երբ եւս մի գերատեսչության հետ մանրամասն քննարկենք պարգեւավճարների հարցը, արդեն կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնության կարիք կա, կամ դրա կարիքը կա՞, թե ոչ, հնարավոր է՝ առաջարկով հանդես գանք կառավարությանը: Բայց այս պահին որոշում, լուծում չկա: Ինչպես վարչապետն արդեն հայտարարել է, այս հանդիպման ժամանակ նա նույնպես ընդգծեց այն հանգամանքը, որ ՊԵԿ ընդհանուր բյուջեն 2019 թվականի համար 50 տոկոսով կրճատվել է: Մենք առայժմ սա ենք քննարկել»:

Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ հանդիպմանը ներկա եղել են նաեւ կառավարության անդամներ եւ հրավիրյալ մարզպետներ: Իսկ թե ինչո՞ւ էին բոլորը խուսափում խոսելուց եւ դա արգե՞լք էր, Լիլիթ Մակունցը պատասխանել է. «Չէ, ոչ մի արգելք չկա: Պարզապես կա փակ քննարկումներ: Սա նիստ չէր՝ քննարկում էր: Փակ հանդիպումների առումով բովանդակային շատ մանրամասներ չենք հրապարակում»:

Լիլիթ Մակունցը նաեւ տեղեկացրել է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությանը եղել է հպանցիկ, քանի որ այն դեռեւս կառավարության քննարկման առարկա է եւ երկուշաբթի օրը լինելու է իրենց օրակարգը:

Լիլիթ Մակունցը պատասխանել է նաեւ հարցին, թե ԱԺ-ն օգտագործվում է կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման համար, ինչը գործադիրի եւ օրենսդիրի միաձուլում չի՞ նշանակում՝ նշելով, որ դա օրենքով արգելված չէ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728