Լրահոս
Օրվա լրահոսը

Աշրաֆ Աբու Զայդ. «Ինչպես նկարիչն է գույներ ավելացնում, նույնն էլ խոհարարն է համերի հետ անում»

Փետրվար 01,2019 22:40

Կարճատեւ այցով Երեւանում է հայտնի շեֆ-խոհարար Աշրաֆ Աբու Զայդը: Նա իրաքյան խոհանոցի գուրու է, միջազգային խոհարարական մրցույթների ժյուրիի անդամ, Միացյալ Էմիրությունների խոհարարների ասոցիացիայի անդամ, միջազգային խոհարարական մրցույթների մրցանակակիր: Նա ասում է, որ ուտեստներ պատրաստելը եւ խոհարարական հմտությունները սովորել է իր մայրիկից:

Աշրաֆ Աբու Զայդի խոսքերով, խոհարարները նման են արվեստագետներին: «Ինչպես նկարիչն է գույներ ավելացնում, որպեսզի կտավը գեղեցիկ լինի, նույնն էլ խոհարարը համերի հետ է անում»,- պատկերավոր իր մասնագիտությունը ներկայացնում է Աշրաֆ Աբու Զայդը:

«Ես սիրում եմ խոհարարի իմ սպիտակ համազգեստը, ուզում եմ՝ մարդիկ նայեն իմ համազգեստին ու հասկանան, որ այն ամենի մեջ, ինչ պատրաստում եմ իրենց համար, սիրտ եւ հոգի եմ դնում, դրա համար էլ այդքան համեղ է ստացվում»,-ասում է հայտնի խոհարարը:

Առաջին հայացքից արաբական, սիրիական, լիբանանյան խոհանոցների ուտեստները նման են, սակայն, մասնագետների փաստմամբ, իրաքյան խոհանոցը յուրահատուկ շեշտադրումներ ունի, քանի որ համատեղում է աքքադական, շումերական, բաբելոնյան եւ ասորական խոհանոցային մշակույթների հարուստ ժառանգությունը: Ըստ էության, Իրաքը մշակութային քաղաքակրթությունների ժառանգ է, իրաքյան խոհանոցը հնագույն ազգերի մշակութային ժառանգությունը միավորող եւ պահպանող խոհանոց է:

Աշրաֆ Աբու Զայդն ասաց, որ հայկական խոհանոցից նախընտրում է տոլման, մանթին: Նշեց, որ շատ է հավանել Սեւանում պատրաստված ձուկը:

Հանդիպման ժամանակ, ներկայացնելով Միջագետքի հարուստ խոհանոցի պատմությունն ու ավանդույթները, լրագրողները տեղեկացվեցին հին Միջագետքից եկող իրաքյան Մասկուֆի (ծածանի), Ղուզիի (գառան միս՝ բրնձով եւ բոված ընդեղենով), Մուսուլի քյուֆթայի եւ այլի պատրաստման առանձահատկություններին, նաեւ համտեսեցին: Աշրաֆ Աբու Զայիդի հետ հանդիպումը կայացավ իրաքյան «Բաբելոն» ռեստորանում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728