Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի Վ. Մ.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ:
Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»):
Գ. Մաթեւոսյանը ավելի քան 2 տարի, 2016թ. մարտի 20-ից գտնվում է կալանքի տակ: 2017թ. հուլիսի 11-ի նիստում դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Գ.Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ դատապարտել 23 տարի ժամկետով ազատազրկման: Գրիգոր Մաթեւոսյանը պնդում է, որ ինքն այդ քրեական գործով անմեղ է, քրեական գործի քննությունը ճիշտ չի կատարվել: Գ. Մաթեւոսյանի շահերը առաջին ատյանի դատարանում պաշտպանում էին փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը: 2017թ. օգոստոսի 2-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ նրան դատապարտել 18 տարի ժամկետով ազատազրկման:
Սույն վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Ալվարդ Ճաղարյանը, քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը եւ Գրիգոր Մաթեւոսյանի նոր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Տուժողի իրավահաջորդը վերաքննիչ բողոքում վերաքննիչ դատարանին խնդրել է Գ.Մաթեւոսյանի նկատմամբ նշանակել արդարացի պատիժ՝ 25 տարի ժամկետով ազատազրկում, Ներսես Չիլինգարյանը վերաքննիչ դատարանին խնդրել է Գ. Մաթեւոսյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձեւով առավել խիստ պատիժ: Իսկ պաշտպան Լ. Սիմոնյանը վերաքննիչ դատարանին խնդրել է առաջադրված հոդվածներում Գ. Մաթեւոսյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել կամ քրեական գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության: ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում 2017թ. հոկտեմբերի 15-ից սկսվել է նշված գործով վերաքննիչ բողոքների քննությունը: 2019թ. հունվարի 29-ին վերաքննիչ դատարանում կայացել է այդ գործով հերթական նիստը, դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 25-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ