Այսօր կայացավ հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության բացման արարողությունը: Առաջնությանը մասնակցելու է Երեւանի եւ Վանաձորի 60 մարզիկ:
ՀՀՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսուհետեւ հանրապետության առաջնություններում ավելանում է նոր մրցաձեւ՝ միքստ (1-ական տղամարդ եւ կին), որը օլիմպիական ձեւ է: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանն այս նորամուծության մասին ներկաներին հայտնելուց հետո նշել է, որ հաշվի առնելով, որ այս մրցաձեւն անցկացվելու է առաջին անգամ, առայժմ կխաղարկվի միայն հավաստագիր: Այնուհետեւ Ա. Սարիբեկյանը մարզական կոչումների գրքույկ է հանձնել Էլմիրա Կարապետյանին՝ ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի, եւ Դավիթ Աբաջյանին՝ ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի:
ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը մարզիկներին տեղեկացրել է, որ սահմանվել է »լավագույն մարզիկ» անվանակարգ: Հաղթողը կորոշվի առաջնության ավարտին՝ մրցավարների հետ միասին, եւ ինքը իր միջոցների հաշվին նրան գավաթ կհանձնի եւ դրամական պարգեւ կշնորհի:
Հրաձիգները պայքարը կսկսեն փետրվարի 2-ին:
Լուսանկարը՝ ՀՀՖ-ի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ