«Մինչեւ հիմա ես չեմ զգացել, որ ՀՔԾ-ն 10 սպանվածների սպանության հանգամանքների շուրջ լուրջ քննություն տանի», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էր քննվում, Քոչարյանը ելույթ է ունեցել, որը տեւել է 2 ժամ:
Հարցին՝ իր այդ ելույթում Քոչարյանը խոսե՞լ է այդ 10 զոհերի մասին, ինչի՞ արդյունքում են այդ զոհերը եղել՝ Ալումյանը պատասխանեց. «10 զոհից երկուսը ոստիկան են եղել, երեւի կռահում եք, էլի, ինչի հետեւանքով կարող է առաջացած լինեն դրանք: Ես էլ պիտի միայն կռահեմ: Դրա մասին չի խոսել պարոն Քոչարյանը: Երկու կողմից զինված մարդիկ եղել են, մի կողմից ոստիկանություն, մյուս կողմից՝ ցուցարարներ, նաեւ խռովարարներ: Այն կողմից էլ են եղել զինված մարդիկ: Երբ որ ես լսում եմ այն հեռախոսային խոսակցությունը, որը մարտի 2-ին Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ունեցել են Ալեքսանդր Արզումանյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչ խանդավառությամբ է Տեր-Պետրոսյանը խոսում այդ իրադարձությունների մասին, ես չեմ բացառում, որ այդ զոհերից ոմանք կարող են լինել հենց խռովարարների մեջից պատճառված կրակոցների հետեւանքով»:
Լրագրողների դիտարկմանը, որ Չերյոմուխա 7-ից կրակել, նռնակներ են եղել, դա ցուցարարնե՞րն են ունեցել՝ Ալումյանը պատասխանեց. «Ես Չերյոմուխայի մասին չեմ ասում»:
Նա ասաց, որ տեսանյութից երեւում է, որ ցուցարարների կողմում գտնվող անձանցից մեկը կրակահերթ է արձակում ոստիկանների ուղղությամբ: Դիտարկմանը, որ չի երեւում՝ դա ցուցարա՞ր է, թե՞ցուցարար չի՝ Ալումյանը պատասխանեց. «Հենց դա է պրոբլեմը, դա պիտի պարզվի, հենց այդ ամեն ինչը պետք է պարզվի: Եթե պարզված չի, թե զոհերից որ մեկն ում կողմից է սպանվել, եթե սպանվածը ցուցարարների կողմից է եղել, դա դեռ փաստ չի, որ սպանողը եղել է ոստիկանական ուժերի կողմից եւ հակառակը:
Դրա համար մենք ենթադրությունների վրա չպիտի հիմնվենք: Կոչ եմ անում, որ սկզբում մանրամասն քննվեն 10 զոհերի սպանության հանգամանքները, նոր հետո մնացած հետեւություններն անեն»:
Լրագրողները ճշտեցին՝ Քոչարյանը դատարանում ասե՞լ է այդ ամենը, այն, ինչ հիմա փոխանցում է ինքը լրագրողներին՝ Ալումյանը պատասխանեց, որ այո, ուղղակի ոչ այս աստիճանի մանրամասնորեն:
Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է մեղադրանքի բոլոր դրույթներին ու հերքել բոլոր դրույթները, որոնք արտացոլված են մեղադրանքի մեջ: Ալումյանի խոսքով՝ «Ինքը մի կարեւոր միտք ասեց, որ ըստ էության, ինքը այդ օրերին արել է 2 գործողություն՝ ամսի 23-ին հրավիրել է խորհրդակցություն եւ մարտի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն»:
Հարցին՝ դուք ասացիք, որ Ռոբերտ Քոչարյանը ամսի 23-ի խորհրդակցության ժամանակ ցուցում է տվել ՊՆ նախարարին, որ բանակը զերծ պահի գործընթացներից, բայց կադրեր կան, որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը այդ զինտեխնիկան կենտրոնացված է եղել Երեւանում, դա արդեն իսկ չի՞ փաստում, որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը բանակը ներգրաված է եղել գործընթացներում՝ Ալումյանը պատասխանեց. «Չէ, դա չի նշանակում: Այդ կադրերի վրա դատախազությունը հղում չի անում մեղադրանքի մեջ: Մեղադրանքի մեջ կա ձեւակերպում, իբր զինված ուժերն օգտագործվել են մինչեւ մարտի 1-ը: Այսքան մարդ, բոլորը գիտեն, որ մինչեւ մարտի 1-ը զինված ուժեր հաստատ չեն օգտագործվել: Իրեն չի մեղսագրվում, որ քաղաքում եղել են տանկեր: Իրեն մեղսագրվում է բանակն օգտագործելու գործընթացը, ի թիվս այլի: Ովքեր եղել են, տեսել են, համենայնդեպս, գոնե մինչեւ մարտի 1-ը բանակն օգտագործելու մասին: Դուք տեսե՞լ եք ռազմական դրություն Երեւանում մինչեւ մարտի 1-ը: Պատկերացնո՞ւմ եք դա ինչ է, տեսե՞լ եք մինչեւ մարտի 1-ը, իհարկե, չեք տեսել»: Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ասում էր, որ բանակը չի՞ կրակել, թե՞ ասում էր՝ եթե նույնիսկ կրակել է, ես տեղյակ չեմ եղել՝ Ալումյանը պատասխանեց. «Չէ, բանակի կրակելու մասին խոսք էլ չի գնում, որովհետեւ այնտեղ ցուցմունքներ կան, կա այդ ապացույցը, որ բանակին կրակելու հրաման չի եղել: Հիմիկվա գլխավոր շտաբի պետն էլ հայտարարել է, չէ՞, որ բանակին կրակելու հրաման չի եղել, ոչ ոք չկա, որ ասի՝ բանակն այդ օրերին կրակելու հրաման է ստացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ