Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. Այցի նպատակն է նորընտիր պատգամավորներին ծանոթացնել Արցախի գործընկերների հետ և հստակեցնել առաջիկայում համազգային խնդիրների լուծման ուղղությամբ անելիքները

Փետրվար 01,2019 20:33

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու և զարգացնելու պատրաստակամությունը:

Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու հայկական օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կընդլայնվեն խորհրդարանական դիվանագիտության շրջանակներն՝ ի շահ միասնական օրակարգում տեղ գտած հարցերի լուծման:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ այցի նպատակն է նորընտիր պատգամավորներին ծանոթացնել Արցախի գործընկերների հետ և հստակեցնել առաջիկայում համազգային խնդիրների լուծման ուղղությամբ անելիքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ պատգամավորների կողմից միջազգային հարթակներում Արցախի խնդիրը համակողմանի ներկայացնելու և չճանաչվածության պայմաններում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը ապահովելու հարցը:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում ԲՀ խմբակցության պատգամավորների և Արցախի օրենսդիրների մասնակցությամբ:

Արցախի խորհրդարանականների անունից ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ևս մեկ անգամ շնորհավորելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորներին, համոզմունք է հայտնել, որ խմբակցությունն ակտիվ գործունեությամբ շարունակելու է իր նպաստը բերել երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Խոսելով այցի մասին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է համահայկական նշանակության հարցերը գործնական դաշտ տեղափոխելու և Արցախի միջազգային ճանաչման հարցում իր ղեկավարած խմբակցության հետևողական ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Բաղունցը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը:

Արցախի Հանրապետության լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728