Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սերժի Վաչոյի» եղբորորդին համաներվեց

Փետրվար 01,2019 20:22

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ Գարիկ Աղաբեկյանի, Աշոտ Ղազարյանի և Արթուր Սարոյանի գործով  դատական նիստն էր: Հիշեցնենք, որ Գարիկ Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք տալու փորձի համար: Աշոտ Ղազարյանն ու Արթուր Սարոյանն էլ մեղադրվում են կաշառքը փոխանցելու պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար: Ըստ մեղադրանքի՝ Գարիկ Աղաբեկյանը, որը Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտորն է եղել, մտադրվել է կաշառք տալու միջոցով ստանձնել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը:

«Տեղյակ լինելով, որ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը, իր ընկերոջ որդու ընկերն է, նա 2015թ.-ին վերջինիս հայտնել է նրա հորեղբորը կաշառք տալու միջոցով վերը հիշատակված պաշտոնը զբաղեցնելու իր ցանկության մասին: Աշոտ Ղազարյանն էլ ասել է, թե պաշտոնը զբաղեցնելու համար պետք է որպես կաշառք իր հորեղբորը փոխանցել 150 հազար դոլար: Աշոտ Ղազարյանը, իմանալով հորեղբոր՝ Վաչագան Ղազարյանի օգնականի ազգանունը, ասել է, թե մնացած հարցերով կզբաղվի հորեղբոր օգնականը: Իր ցանկացած պաշտոնը ստանալու համար Գարիկ Աղաբեկյանը 2016թ.-ին գրավադրել է իր՝ Արամի փողոցում գտնվող բնակարանը և ստացել վարկ՝ 103 հազար դոլարի չափով, ապա Բաղրամյան 26-ի մերձակայքում հանդիպել է Աշոտ Ղազարյանի հետ Գարիկ Աղաբեկյանի գումարը խարդախությամբ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության եկած Արթուր Սարոյանին, ով ներկայացել է որպես Վաչագան Ղազարյանի օգնական»,-ասված է մեղադրական եզրակացությունում:

Նշված է նաեւ, որ Գարիկ Աղաբեկյանն Արթուր Սարոյանին է տվել 100 հազար դոլարը՝ որպես Վաչագան Ղազարյանին փոխանցվելիք կաշառք՝ իր պաշտոնի հարցը լուծելու ակնկալիքով. «Արթուր Սարոյանը, վերցնելով գումարը, համաձայն Աշոտ Ղազարյանի հետ ունեցած պայմանավորվածության, նրա հետ միասին հափշտակել է այն: Աշոտն ու Արթուրը գումարը միմյանց միջև բաժանել են՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության(նյութական վնասը հատուցվել է մեղադրյալների կողմից)»:

Նախորդ նիստում երեք մեղադրյալները միջնորդել էին գործն արագացված կարգով քննել՝ իրենց մեղավոր ճանաչելով:

ՀՀ դատախազությունից Aravot.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ դատարանի այսօրվա որոշմամբ՝ Աշոտ Ղազարյանը դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման, սակայն համաներվել է, Արթուր Սարոյանն էլ(որը նախկինում դատապարտված է եղել եւ մեկ անգամ արդեն համաներվել.-խմբ.), դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման: Գարիկ Աղաբեկյանը եւս համաներվել է (ՀՀ ԱԺ 2018թ.-ի ընդունած համաներման մասին նախագիծ):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728