Վարդենիս քաղաքի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
ՍԻՐԵԼԻ ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐ, գիտեմ, որ յուրաքանչյուրիդ հետաքրքրում է այն հարցը, թե ես ինչի համար դուրս եկա համայնքապետի ընտրության հետագա պայքարից: Գիտեմ, որ շատերդ ինձ կմեղադրեք պայքարը չշարունակելու և ձեզ այս ընտրություններում առանց առաջնորդ թողնելու մեջ: Գիտեմ, որ դուք բազմաթիվ էիք ու պայքարի մեջ՝ անկոտրում: Բայց ես այս որոշումը կայացրել եմ միայն ու միայն այն բանի համար, որ ինչպես դուք, այնպես էլ ես ինձ երբևէ չմեղադրեմ երիտասարդներին խանգարելու և նոր հնարավորություն չտալու մեջ, քանզի դուք էլ գիտեք, որ մեր հաղթանակն անկասելի էր:
Ես՝ որպես իմ ժողովրդի զավակ, երբեք չեմ վախեցել ոչ մի դժվարությունից և մշտապես եղել եմ ձեր կողքին:
ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԻՄ ՎԱՐԴԵՆԻՍՑԻ,
Ես հեռանում եմ այս պայքարից, բայց ոչ երբեք ձեզանից ու ձեր խնդիրներից, որոնք համարում եմ իմը: Ես համբերատար կսպասեմ, որ երիտասարդները փորձեն նորովի վերակառուցել և ավելի բարետես դարձնել մեր ծննդավայրը: Դուք գիտեք նաև, որ իմ որոշման վրա ոչ ոք չէր կարող ազդել, առավել ևս ինձ զրպարտող որևէ հոդված, քանզի իմ՝ համայնքի ղեկավարի աշխատանքային գործունեությունն իրականացվել է ձեր աչքի առաջ. քաղաքը լուսավորող ամեն դրվող սյան հետ ես իմ հոգին եմ դրել, ամեն վառվող լույսի հետ՝ նոր ուժ ստացել ու շարունակել քաղաքի լուսավորումը, կառավարության կողմից բերել Վարդենիսը սահմանամերձ և բարձր լեռնային գոտու մեջ մտցնելու որոշումը, որով յուրաքանչյուր քաղաքացի օգտվում է պետության կողմից տրվող զեղչերից՝ ուսման, բնակարանային և այլն, կարգավորել և տվել աշխատողներին համայնքի նախկին ղեկավարության կողմից չվճարված աշխատավարձերը՝ այն վճարելով ժամանակին և կանոնավոր կերպով, ասֆալտապատել Վարդենիսի գլխավոր փողոցները, վերանորոգել թվով 7 բազմաբնակարան շենքերի տանիքներ, քաղաքապետարանի ենթակառուցվածքներում տեղադրել արևային ջրատաքացուցիչներ, իրականացրել ինքնահոս խմելու ջրի ջրամատակարարում և կոյուղացում, վերանորոգել, ջեռուցել քաղաքապետարանը, մանկական երաժշտական դպրոցները, նաև շուրջտարյա դարձրել մանկապարտեզները, հիմնովին վերակառուցել քաղաքային մարզադպրոցը, հիմնանորոգել մշակույթի պալատը, որտեղ գործում են քաղաքային և մանկական գրադարանները, սպորտ դահլիճը, շախմատի ակադեմիայի մասնաճյուղը, գեղարվեստի դպրոցը, տարեցների և վետերանների ժամանցի սենյակները, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքիր և հիշարժան միջոցառումների իրականացմամբ ապահովել համայնքում մշակութային կյանքի զարգացումը, վերականգնել «Վ. Համբարձումյանի» անվան զբոսայգին, և այլն…
2017 թվականի համայնքի բյուջեի իմ խնայած միջոցների հաշվին, որը ես նախատեսել էի մայթեզրերի վերակառուցման համար, ինձ հաջորդող համայնքի ղեկավարությունը զարդարեց Վարդենիսը տոնական լույսերով 2018թ. Ամանորի նախաշեմին:
Սիրելի վարդենիսցիներ, մենք միասին երկար ճանապարհ ենք անցել և վստահ եղեք, որ մշտապես կլինեմ ձեր կողքին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…