Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես բռնցքամարտիկներին սովորեցնում եմ ինքնուրույն գումար վաստակել, այլ ոչ թե նայել ուրիշի ձեռքին». Արթուր Գեւորգյան

Փետրվար 01,2019 18:45

2019 թվականը նախաօլիմպիական տարի է: Բոլոր մարզաձեւերի համար էլ այն հագեցած ու պատասխանատու է լինելու: Ֆեդերացիաները պետք է աշխատեն ծանրաբեռնված ու ժամացույցի պես հստակ՝ ըստ նախապատրաստական ծրագրի: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ըստ նախագահ Արթուր Գեւորգյանի, տարին սկսել է իրենից անկախ որոշ խնդիրներով:

«Չգիտես ինչու, այս տարի Հայաստանի բոլոր մարզադահլիճները ջեռուցման խնդիր ունեն: Օլիմպավանը հրաժարվում է իր դահլիճն ազգային հավաքականին անվճար տրամադրել, թեեւ մեր պրոֆեսիոնալները անձնական հարաբերությունների շնորհիվ մի որոշ ժամանակ այնտեղ մարզվել են: Այդպես է նաեւ մյուս մարզաձեւերի համար: Ընդ որում, այդ մարզադահլիճն ամբողջությամբ վերազինել է բռնցքամարտի ֆեդերացիան, ես՝ իմ անձնական միջոցներով: Այնտեղից մենք օգտվում ենք միայն ազգային հավաքականի հավաքների ժամանակ: Մնացած դեպքերում օգտվում ենք ուրիշ մարզադպրոցներից, որոնք մեզանից գումար չեն ուզում, բայց ջեռուցման խնդիր ունեն: Նրանց օգնում ենք ջեռուցման գումարներով: Ծաղկաձորում բռնցքամարտի հսկայական ու հարմարավետ դահլիճ է եղել, որը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ: Դա բացառիկ ու հարմարավետ դահլիճ էր»:

Հարցին, թե 2019 թվականը նախաօլիմպիական տարի է, ուստի մեր բռնցքամարտիկների հետ կապված  Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու ինչ հեռանկարներ կան, ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Այս տարի մեր առաջին կարեւոր մեկնարկը լինելու է մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մենք մեր երիտասարդներին շատ մեծ կարեւորություն ենք տալիս եւ մեծ հույս ունեմ, որ մինչեւ 22 տարեկանների միջից օլիմպիական ուղեգրեր ձեռք կբերենք: Իսկական օլիմպիականները հենց մինչեւ 22 տարեկաններն են: Ինչ վերաբերում է Հովհաննես Բաչկովին, ես նրան արդեն դիտարկում եմ որպես օլիմպիական խաղերի պոտենցիալ մեդալակիր: Մեր նպատակը նրա հետ օլիմպիական ոսկու հետեւից գնալն է: Ես համոզված եմ, որ մենք մեդալ ենք բերելու: Անցած այս ընթացքի բոլոր ցուցանիշները վկայում են, որ Բաչկովի հետ դրան պատրաստ ենք: Պարզապես, պետք է նաեւ, որ սպորտային բախտը նրան մի փոքր ժպտա:

Օրացուցային պլանով այս տարի սիրողական բռնցքամարտում ունենք Եվրոպական խաղեր, Եվրոպայի առաջնություն, մի շարք միջազգային մրցաշարեր, աշխարհի առաջնություն: Շատ հագեցած մրցաշրջան է լինելու»-ասաց նա:

Ճշտող հարցին, թե մեր պրոֆեսիոնալները մասնակցելո՞ւ են օլիմպիական վարկանիշային մեկնարկներին, ՀՖԲ նախագահը պատասխանեց. «Մենք նախապատվությունը կտանք սիրողականներին: Եթե արդյունք ունենանք, ուրախ կլինենք: Բայց ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունեն նաեւ մեր պրոֆեսիոնալները: Եթե իրենց քաշային կարգերում սիրողականները չհաջողեն, գործի կդնենք ծանր հրետանին: Պրոֆեսիոնալները կգնան, ուղեգիր ձեռք կբերեն, ինչում համոզված եմ, եւ մենք կունենանք օլիմպիական խաղերի եւս երեք մասնակից: Իսկ եթե սիրողականներին դա հաջողվի, դա ավելի գովելի է: Օլիմպիական խաղեր կմեկնեն նրանք, իսկ պրոֆեսիոնալները կշարունակեն իրենց կարիերան պրոֆեսիոնալ ռինգում:

Մարզիչներ կան, որ ասում են՝ մեր տղաները տեղափոխվում են պրոֆեսիոնալ բռնցքամարտ եւ  հավաքականը թուլանում է: Ես դրան համաձայն չեմ: Իմ փորձից եմ ասում, որ այդ տղաները ճանապարհ են տալիս երիտասարդներին: Նրանց ժամանակը հասունացել է: Նրանք տեղափորվում են պրոֆեսիոնալ, գումար են վաստակում, ընտանիք են կազմում, սոցիալական հարցեր են լուծում եւ դրա փոխարեն նորեկներին հավաքականում իրենց տեղը զբաղեցնելու հնարավորություն են տալիս: Շարժ է լինում: Մեր ժամանակ ինչ էր կատարվում: Որոշ քաշային կարգերում երկար տարիներ առհասարակ փոփոխություն տեղի չէր ունենում: Ես, Նշան Մունչյանը, Մեխակ Ղազարյանը, Լեռնիկ Պապյանը երկու օլիմպիական խաղերի ենք մասնակցել: Մեր քաշային կարգերը մեզ ամրագրված էին: Այո, մյուսները Հայաստանի առաջնությունում մեզ չէին կարողանում հաղթել: Բայց այդ տղաները միջազգային ռինգում հանդես գալու, փորձ ձեռք բերելու հնարավորություն էլ  չունեին: Եթե մենք ժամանակին տեղափոխվեինք պրոֆեսիոնալ ռինգ, այդ տղաները հավաքականում կփոխարինեին մեզ եւ գուցե ավելի լավը կարող էին դառնալ: Դու քո մնալով ստիպում ես մյուսներին այլեւս չպայքարել, չշարունակել:

Ես մեր լավագույն բռնցքամարտիկներին պրոֆեսիոնալ տանելով՝ նրանց իրենց կարիերայի շարունակության ճիշտ ուղին եմ ցույց տալիս: Ես նրանց գործով եմ ապացուցում, որ կայանալով պրոֆեսիոնալ բռնցքամարտում, նրանք կարող են ինքնուրույն իրենց ապրուստը վաստակել, այլ ոչ թե նայել ուրիշի ձեռքին: Հիմա մեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները տարվա կտրվածքով ավելի շատ գումար են վաստակում, քան օլիմպիական չեմպիոնները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728