«Արմօյլ» ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին (լուսանկարը՝ df.am-ից) Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Եղվարդում Նատի բնակելի թաղամասի հարեւանությամբ գտնվող «Ռիվալ» չրերի արտադրամասի տնօրինության մեղադրանքներն այն մասին, որ հարեւանությամբ կառուցվող (աշխատանքը նախատեսվում է սկսել առաջիկա ամիսներին) նավթամթերքի գործարանը սպառնում է իրենց արտադրությանը, շրջակա միջավայրին ու բնակիչների առողջությանը:
«Ասում են՝ գործարանն «ուռուցք» է, «ատոմային ռումբ» է ու նման բաներ՝ առանց հասկանալու: Մենք կանաչ արտադրություն ենք իրականացնելու, որն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում: Նման գործարաններ կան Դուբայում, Թեհրանում…Թեհրանում, օրինակ, նման գործարան կա՝ զուգորդված այն փաստի հետ, որ այդ քաղաքում 15 միլիոն բնակիչ կա: Ուրեմն, 15 միլիոն մարդու կյանքը հաշվի չեն առե՞լ»,-մեզ հետ զրույցում ասաց իրանահայ գործարար Ալֆրեդ Աբեդին:
Նա անդրադարձավ նաեւ «Ռիվալ»-ի մատնանշած այն հանգամանքին, որ գործարանը չի իրականացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննություն: «Մեր գործունեությունը նման փորձաքննության ենթակա չէ, հիմա կառավարության հետ այդ հարցն ենք քննարկում: Բանն այն է, որ ըստ օրենքի՝ բիտումի եւ քսայուղերի արտադրությունը չի պահանջում նման փորձաքննություն»,-պարզաբանեց Աբեդին:
Ինչ վերաբերում է «Ռիվալ» ՍՊԸ-ի այն դիտարկմանը, որը գործարանն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ չի իրականացրել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, պարոն Աբեդին հակադարձեց՝ փորձաքննությունը կատարվելու է. «Մենք դիմել ենք ԱԻՆ: Բանն այն է, որ գործարանի տեխնիկան նոր է մաքսազերծվում՝ սարքավորումները մաքսատանն են: Դրանց ստացումից հետո միայն այդ հարցը կիրագործվի»:
Իսկ ինչ վերաբերում է բնակիչների բողոքի գործողություններին, Ալֆրեդ Աբեդին վստահեցրեց, որ իրականում բողոքի գործողություններ չկան. «Դրանք ուղղորդված են «Սեմուր ընդ կո» եւ «Ռիվալ» ՍՊԸ-ների տնօրինության կողմից: Տնօրեն Ռաֆիկ Վիրաբյանն է ուղղորդում: Հասկանում եմ, որ անձնական տվյալների պաշտպանության խնդիր կա, բայց հենց հիմա իմ սեղանին են «Ռիվալ»-ի, «Սեմուր ընդ կո» եւ Նատի թաղամասի բնակիչներից 150 հոգու ռեզյումեներ: Այդ մարդկանց մի մասին Վիրաբյանն աշխատանքից ազատել է: Այսինքն, ո՞վ է բողոքում, ես չեմ հասկանում: Եթե բողոքում են, որտեղի՞ց այդքան ռեզյումե: Մի չրանոցն (նկատի ունի՝ «Ռիվալ» ՍՊԸ-ն) իր աշխատողին չի կարողանում պահել, որովհետեւ 80 հազար դրամ աշխատավարձ է տալիս»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ