Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ հասարակության 66.71%-ը Հայաստանի ապագան կապում է Եվրամիության անդամակցության հետ. hարցում

Փետրվար 01,2019 17:50

«2018-ին մի փոքր դրական միտում հօգուտ Ռուսաստանի կա»,- Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) կողմից իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքների շնորհանդեսին հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է Հայաստանի`Երեւան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի եւ այլ վայրերում, 2018 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում՝ 800 քաղաքացիների շրջանում: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել միջազգային կազմակերպությունների (ԵՄ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ Ռուսաստան) նկատմամբ Հայաստանի բնակչության տրամադրվածությունը:

Ըստ հարցման արդյունքների՝ ամենաբարձր վստահությունը ԵՄ-ի նկատմամբ է: Հարցվածների 66.71%-ը Հայաստանի ապագան կապում է Եվրամիության անդամակցության հետ, 33.29%-ը բացասական է տրամադրված։ Քաղաքացիների 69.89%-ը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը, 30.11%-ը դեմ է այսպիսի զարգացմանը։

Հայաստանցիների 41.21%-ը Ռուսաստանին համարում է Հայաստանի դաշնակից պետություն, իսկ դաշնակից չհամարողները կազմում են հասարակության 19.10%-ը, Ռուսաստանը մասամբ է դաշնակից․ համարում է հարցվածների 39.70%-ը։

Ըստ կենտրոնի հրապարակած տվյալների՝ քաղաքացիների 30.03%-ի կարծիքով Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են Եվրամիության հետ հարաբերություններում։ Ինչպե՞ս է ազդում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, հայաստանցիների 48.53%-ը հարցին դրական է պատասխանել։ Իսկ 51.47%-ը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունը այդ խնդրի կարգավորման գործում բացասական է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի ապահովում հայաստանցիների անվտանգությունը, այսպես է կարծում հարցվածների 32.36%-ը, միայն 20.99%-ն է հարցին դրական պատասխան տվել, 46.65%-ը չեզոք դիրք է բռնել։ Կարծում եք ՀԱՊԿ-ը կաջակցի՞ Հայաստանին՝ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում, հարցվածների 59.44%-ը հարցին «ոչ» է պատասխանել, 40.56%-ը՝ «այո»։ Հայաստանցիների 86.85%-ը կարծում է, որ նոր իշխանությունները պետք է ավելի խորացնեն Եվրոպական միության հետ հարաբերությունները, բացասական պատասխան է տվել 13.15%-ը։

Դառնալով ՌԴ-ի նկատմամբ ոչ դրական տրամադրվածությանը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Եթե Ռուսաստանն անընդհատ զենք է ծախում Ադրբեջանին, եթե Ռուսաստանն անընդհատ օգտագործում է Ղարաբաղի հարցը, որ մեզ կախվածության մեջ պահի, գազը մեզ վրա ծախում է երկու անգամ ավելի թանկ, քան Ուկրաինային և Վրաստանին, դա չի կարող դուր գալ հայ հասարակությանը: Այդ թվերը դրանով եմ բացատրում: Թեև 2018-ին մի փոքր դրական միտում ի օգուտ ՌԴ-ի կա: Պատճառն այն է, որ Ռուսաստանը հեղափոխության ժամանակ իրեն զգույշ պահեց. ակնհայտ մեծ աջակցություն չէր տալիս նախկին վարկաբեկված ռեժիմին, ինչը գնահատեց ժողովուրդը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728