Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանին տարանցիկ միջանցք են խոստացել. «Էխո Կավկազա»-ն վերլուծում է Կարասինի երևանյան հայտարարությունը

Փետրվար 01,2019 17:43

Փետրվարին Ժնևում տեղի կունենա եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը, որտեղ կքննարկվեն Վրաստանի և Ռուսաստանի միջև մաքսային վարչարարության և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմները: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2011թ. նոյեմբերի 9-ին: Հանդիպման նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Երևան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստվում է տարանցիկ միջանցք բացել Հայաստանից ապրանքների փոխադրման համար, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:

«Ռուսաստանը դրական է վերաբերվում 2011թ. համաձայնագրի իրականացմանը, մենք պատրաստվում ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները, դրանից շատ տարիներ են անցել: Շատ կարևոր կլինի եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը Շվեյցարիայի մասնակցությամբ, որտեղ ներկայացված կլինեն SGS ընկերությունը (որն էլ հենց կիրականացնի այդ նախագիծը) և Ռուսաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները»:

Ընդ որում, Կարասինը հիշեցրել է գոյություն ունեցող բարդությունների մասին.

«Ես ակնկալում եմ, որ այդ նախագիծը հնարավորություն կտա բացել ևս մեկ տարանցիկ միջանցք Հայաստանից եկող ապրանքների համար: Բայց այստեղ պարզեցնելու կարիք չկա, քանի որ տարածաշրջանն իր խնդիրներն ունի, տարաձայնություններ կան մի շարք հանրապետությունների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ: Գոյություն ունի Հարավային Օսիայի Հանրապետությունը, որով պետք է անցնի միջանցքը»:

Կարասին-Աբաշիձե ձևաչափով ընթացող բանակցային գործընթացին հետևող փորձագետները նշում են, որ այս անգամ ռուս դիվանագետի ելույթի տոնայնությունը տարբերվում է այդ թեմայով նախորդ հայտարարություններից: Ռուսական «Քաղաքական տեղեկատվության կենտրոնի» ղեկավար Ալեքսեյ Մուխինն ասում է, որ այդ տպավորությունը խաբուսիկ չէ:

«Դա ընդհանուր միտում է Ռուսաստանի նախարարություններում և գերատեսչություններում. աշխատանք՝ միտված արդյունքի: Ուստի բազմաթիվ նախագծեր, որոնք նախկինում «սառեցվել էին», մահուդի տակ էին դրվել, այժմ պահանջված են, դրանք արագացված ցանկանում են իրականացնել: Դրա համար ներգրավում են հսկայական թվով միջնորդներ, հաղորդակցությունների մասնագետներ, և ես կարծում եմ՝ Կարասինի հայտարարության տակ հենց դա է թաքնված»:

Նա նշել է, որ Ռուսաստանը դադարեցնում է պասիվ դերակատարությունը հետխորհրդային տարածքում և անցնում որոշ խնդիրների լուծման ուժեղացված ռեժիմի:

Ըստ փորձագետների՝ մինչ այդ Գրիգորի Կարասինի կողմից չի հնչել հստակ ձևակերպում «Հայաստանից ապրանքների համար» տարանցիկ միջանցքի մասին: Նրանք նկատում են, որ այստեղ բառերի ընտրությունը պատահական չէ. Երբ Հայաստանում տեղի են ունենում Մոսկվայում անհանգստություն առաջացնող քաղաքական իրադարձություններ, նա փնտրում է այդ երկիրն իր ուղեծիր քաշելու դիվանագիտական սխեմաներ, ինտեգրման նոր միջոցներ: Հնարավոր է, դրանով է բացատրվում՝ ինչու Կարասին-Աբաշիձե ոչ շտապողական բանակցությունների ընթացքը փոխվեց արդյունքների ուղղված բանակցությունների:

Պատահական չէ նաև այն, որ Գրիգորի Կարասինը հիշատակել է Հարավային Օսիան: Փորձագետները որպես Վերին Լարսին այլընտրանք դիտարկում են հենց Տարանսկամը՝ որպես տնտեսապես ընդունելի և առավել իրական տարբերակ:

Բայց Ցխինվալը առաջ է քաշում պահանջներ, որոնք կարող են անընդունելի լինել Թբիլիսիի համար. Տարանցման իրավահավասար մասնակցություն: Ուստի բանակցությունների մասնակիցների առաջ դրված է խնդիր՝ ինչպես ինչ-որ կերպ հարթել այդ բոլոր տարաձայնությունները:

Հարավօսցի քաղաքագետ Վյաչեսլավ Գոբոզովի կարծիքով՝ սա այն դեպքը չէ, երբ Մոսկվան կարող է ճնշում գործադրել Ցխինվալի վրա՝ որպես իր արբանյակ:

«Անատոլի Բիբիլովը օդից չի վերցրել իրավահավասար գործընկերության այդ նշաձողը: Իրականում դա փոխզիջում է. չէ՞ որ այնտեղ չկա ճանաչման պահանջ կամ նման մի բան: Այնտեղ միայն իրավահավասարության հարց է, և վախենամ, այդ նշաձողից հեռանալ դժվար կլինի: Նա առանց այն էլ շատ լուրջ քայլ է արել. նրան նախորդած Լեոնիդ Տիբիլովը հայտարարել էր, որ մինչև չլինի ճանաչում, ոչ մի տարանցիկ միջանցք չի լինի: Նրա համեմատությամբ Բիբիլովն ավելի քիչ է պահանջում, նա ասում է. մենք պետք է մասնակցենք այդ տարանցմանը որպես իրավահավասար գործընկերներ: Ես հիմա պարզապես չեմ կարող միանգամից ասել՝ ինչ տեսք դա կունենա, ինչ սխեմաներ կարող էին համատեղել բոլոր կողմերի ամբիցիաները և շահերը, այստեղ պետք է նստել և մտածել, բայց եթե լինի իրական ցանկություն բացել տարանցումը բոլոր մասնակիցները համար, կարծում եմ, տարբերակներ կարելի է գտնել»,- ասել է քաղաքագետը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728