Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ դիրիժորը` գերմանացու օպերայի մասին. «Հասեին ոգեշնչել է Տիգրան Մեծի կերպարը»

Փետրվար 01,2019 17:35

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան` ի դեմս տնօրեն Գագիկ Մանասյանի, նախաձեռնել է առաջին անգամ բեմադրել բարոկկո դասական ոճով գրված` Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը, ժամանակին Տիգրան Մեծին նվիրված մի քանի տասնյակ օպերաներ են գրվել տարբեր հեղինակների կողմից, որոնց մի մասի պարտիտուրները չեն էլ գտնվել: Ի թիվս այլ կոմպոզիտորների, Տիգրան Մեծի թեմայով օպերա են գրել, օրինակ, Վիվալդին, Հենդելը, Թոձձին, Գլյուկը եւ ուրիշներ:

Ինչ վերաբերվում է բարոկկոյի եւ կլասիցիզմի շրջանի կոմպոզիտոր, շուրջ 60 օպերաների հեղինակ Յոհան Հասեի «Տիգրան Մեծին», Ռուբեն Ասատրյանի խոսքերով, այն պեղել է եւ պարտիտուրը հայտնաբերել է բարիտոն Ասատուր Բալջյանը: «Հին իտալերենով գրված օպերա է, որը որոշել ենք բեմադրել: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է նախաձեռնել, Գագիկ Մանասյանը ստանձնել է պրոդյուսերությունը: Արդեն կայացել է երգիչների ունկնդրման առաջին փուլը, օպերան հիմնականում դիսկանտ ձայների համար է գրված: Հրավիրվել է նաեւ ռուսաստանաբնակ ռեժիսոր Գեորգի Իսահակյանը: Ներկա է եղել նաեւ Աննա Մայիլյանը, որը լավագույնս տիրապետում է բարոկկո երգեցողությանը:

Ինչպես արդեն նշեցի, ունկնդրումների առաջին փուլն ենք իրականացրել եւ դեռ պետք է շարունակենք, որովհետեւ 6 դերակատար կա օպերայում: Ինձ թվում է` մենք գարնան վերջին կամ ամռան սկզբին փորձերն արդեն կսկսենք, եւ բեմադրությունն անպայման կիրականացնենք: Թե ինչ սկզբունքով, որտեղ եւ ինչպես, բազմաթիվ տարբերակներ կան, որոնք քննարկման փուլում են: Բայց որ եւս մեկ Տիգրան Մեծի թեմայով օպերա կունենանք, դա փաստ է»,- նշեց դիրիժորը:

Հավելեց, որ Յոհան Հասեն ժամանակին եղել է Մխիթարյանների մոտ, ուսումնասիրել է հայկական մշակույթը եւ իրեն ոգեշնչել է Տիգրան Մեծի կերպարը, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ օպերա գրի, որը գրվել է, սակայն չի կատարվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` musicofarmenia.com-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728