Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ահազանգ Եղվարդից. «Նավթամթերքի գործարանի մոտ 200 բնակիչ է ապրում, կան սննդի արտադրություններ եւ պտղատու այգիներ»

Փետրվար 01,2019 17:16

Եղվարդի Նատի թաղամասում գտնվող «Ռիվալ» չրերի արտադրության ընկերությունից Aravot.am-ին ահազանգեցին, որ չնայած շինարարությունը դադարեցնելու վարչական ակտին՝ «Արմօյլ» նավթամթերքի արտադրամասը շարունակում է կառուցվել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017թ.-ից այս գործարանի կառուցման շուրջ աղմուկ էր բարձրացել. Նատիի բնակիչները եւ հարակից սննդամթերքի արտադրության աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր էին անում՝ ահազանգելով, որ գործարանի արտադրությունը վտանգավոր է իրենց կյանքի եւ կենցաղի համար:

Դեռեւս դեկտեմբերի 17-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի որոշմամբ՝ «Արմօյլ»-ը պարտավորեցվել էր դադարեցնել աշխատանքները, մինչեւ որ կներկայացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը:

«Նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը ոչ մի օր չի դադարել, մինչդեռ Տեսչական մարմինն այն կասեցնելու որոշում էր կայացրել: Գործարանում նոր մասնաշենք են սարքում, սարքավորումներ տեղադրում: Մինչ օրս եղել են պատկան մարմինների մի շարք որոշումներ, որոնք, չգիտես ինչու, ազդեցություն չեն ունենում շինարարության վրա: Դիմել ենք բոլոր գերատեսչություններին, նաեւ՝ ոստիկանությանը: Ամեն անգամ գործը հասնում է քննչական մարմին եւ «սառում», իսկ ապօրինի շինարարությունը շարունակվում է մեր հարեւանությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ռիվալ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ելիզավետա Ասատրյանը:

Նա նշեց, որ իրենք դեռեւս 2010թ.-ից արտադրում են էկոլոգիապես մաքուր չրեր, որոնք արտահանվում են Եվրոպա եւ ԱՄՆ. «Մենք պայմանագրեր ունենք այդ ընկերությունների հետ: Եթե տեսնեն, որ մեր հարեւանությամբ նավթի արտադրություն է…պարզ է, չէ՞, որ հնարավոր չէ առանց արտանետումների եւ թափոնների այդ արտադրությունը կազմակերպել՝ բիտում եւ քսայուղեր են արտադրելու, ծխնելույզն արդեն իսկ արտանետման փաստի մասին է խոսում: Իսկ մեր այգիները յոթ տարեկան պտղատու ծառեր ունեն, որոնք թունավորվելու են, քանի որ գործարանի պատի անմիջապես հարեւանությամբ են աճում»:

Ելիզավետա Ասատրյանն ընդգծեց՝ աշխատակիցները եւ Նատիի բնակիչները դեռ հույս ունեն, որ պետությունը չի թույլատրի ապօրինի շինարարության շարունակումը. «Ներդրումների եւ աշխատատեղերի գովազդային արշավի հաշվին փորձում են ցույց տալ, թե լավ բան են անում, բայց գործարանի հարակից տարածքում՝ 30 մետր հեռավորության վրա, 200 բնակիչ է ապրում, կան մոտ ութ սննդի արտադրություններ: Բնակիչներն էլ պարբերաբար լրատվամիջոցներով խնդրի մասին բարձրաձայնում են, բայց հարցին լուծում չկա: Աշխարհում նման գործարանները կառուցվում են բնակավայրերից հեռու, անապատային տարածքներում, իսկ մեր մոտ չգիտես ինչու՝ բնակավայրի կողքին»:Gitutyunneri-akademia-ckan-1

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ Բնապահպանության նախարարությունը գործարանի՝ ՇՄԱԳ փորձաքննության գնահատման փաստաթղթերը երկու անգամ վերադարձրել է՝ լրակազմման:bn- namaki patasxan

«Գործարանը նաեւ տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի իրականացրել: Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ հրդեհ լինի…»,-եզրափակեց Ելիզավետա Ասատրյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Aravot.am-ը պատրաստ է լսել նաեւ «Արմօյլ»-ի տնօրինության մեկնաբանությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728