Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այն մարդիկ, որոնք պետք է պատասխանեն Նիկոլ Փաշինյան հայցվորին, Նիկոլ Փաշինյանի ենթականերն են». Արա Ղազարյան

Փետրվար 01,2019 17:04

«Իսկապես առանձնահատուկ վիճակ է, չգիտեմ՝ ինչ հակակշռող գործոններով կարելի է վերականգնել այդ մրցակցային էլեմենտը: Միակ ելքը Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարվելն է այդ դիմումից, որ ընդհանրապես հետ վերցնի այդ գանգատը»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է լինելու, քանի որ դիմումատուն ու պատասխանողի՝ կառավարության ղեկավարը նույն անձն է, ի՞նչ լուծում է լինելու, այսպես պատասխանեց ազատ խոսքի հարցերով միջազգային փորձագետ Արա Ղազարյանը:

Հիշեցնենք՝ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնել էր, որ հունվարի 15-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայաստանի դիմումները:

ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր՝ 20/02/2008թ․-ից մինչեւ 01/03/2008թ․-ը բողոքի քաղաքական ցույցերի եւ երթերի ժամանակ իր քաղաքական ելույթների, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով եւ գործունեությամբ։

Վահե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը դեռ չի տեղադրել այս տեղեկատվությունն իր HUDOC բազայում, միևնույն ժամանակ կարծիք է հայտնել. «Ամենեւին էլ կասկածի տակ չառնելով ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցչի պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճությունը, կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցչությունն այս գործով պետք է իրականացնել կամ կազմակերպել ոչ ստանդարտ լուծումներ գտնելով (որովհետեւ իրավիճակը ոչ միայն ոչ ստանդարտ է, այլ նաեւ՝ աննախադեպ, վերջին բառի իսկական, այլ ոչ վերջին օրերին չարչրկված եւ արժեզրկված իմաստով)՝ նպատակ ունենալով չստվերել ՄԻԵԴ-ում այս գործով դատավարության մրցակցայնության սկզբունքը»։

Արա Ղազարյանն այս գործի առիթով նշեց՝ ստացվում է, որ կառավարության պատասխանը պետք է ուղարկեն Նիկոլ Փաշինյան ֆիզիկական անձին. «Շահերի բախում է: Չգիտեմ՝ ՄԻԵԴ-ն այդ հարցը բարձրացրե՞լ է, թե ոչ: Չեմ պատկերացնում՝ ինչ հակակշիռներ պետք է ստեղծել, որ շահերի բախումը վերացվի: Այն մարդիկ, որոնք պետք է պատասխանեն Նիկոլ Փաշինյան հայցվորին, այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ենթականերն են: Նա է նշանակել պաշտոնի: Ճիշտ է՝ արժեքավոր գործ է, բայց լավ կլինի, որ դիմումը հետ վերցնի, քանի որ դատարանի որոշումը կասկածի տակ կլինի և նույնիսկ եթե վճիռ ու խախտում արձանագրեց, կասկածի տակ է: Փաստորեն, գործը մրցակցային էլեմենտից զրկվում է»:

Ըստ Արա Ղազարյանի՝ հայացքների բախում չի կարող լինել, այսինքն՝ կառավարությունը կարող է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ, ընդունել խախտման փաստը, պարզ է՝ դա կլինի Նիկոլ Փաշինյանի կամքի դրսևորումը:

Արա Ղազարյանը չի հիշում նման նախադեպ: Ըստ նրա՝ նման դեպքերում ՄԻԵԴ-ն օգտագործում է դերերի շփոթում տերմինը, երբ դատավարության մասնակից մեկ անձի մեջ կենտրոնանում է դատավարության երկու կամ երեք մասնակիցների անձը: Այս առիթով Արա Ղազարյանը եզրափակեց. «ՄԻԵԴ-ն ինքը նման իրավիճակները համարում է խնդրահարույց և հիմա բախվում է այդ խնդրին: Իր առջև կա մի գործ, որտեղ հայցվորն ու պատասխանողը կենտրոնացել են նույն անձի մեջ: Արդեն դատավարության մրցակցային էության խախտում է և հնարավոր չէ որևէ ընթացակարգ առաջարկել: Օրինակ, եթե կառավարության պատասխանը գրի որևէ այլ անձ, մեկ է՝ այսպես թե այնպես կառավարության պատասխանը պիտի արտահայտի կառավարության կարծիքը. դա լինելու է Նիկոլ Փաշինյանի կամքը, հետո այդ պատասխանը պիտի ուղարկեն Նիկոլ Փաշինյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728