Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանաբանական այգու տնօրենին հեռացնելու պահանջով ցույցերը վերսկսվել են

Փետրվար 01,2019 14:10

Նախատեսվում է կանոնադրության մեջ փոփոխություն, որի համաձայն՝ կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից, 2-ը կլինեն կենդանաբանական այգու աշխատակիցներ, մնացածը հասարակական սեկտորից:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու պահանջով բողոքի ցույցերը վերսկսվել են: Այգու նախկին, ներկա աշխատակիցները մի խումբ կենդանասերների հետ այսօր բողոքի ցույց անցկացրին քաղաքապետարանի դիմաց:

Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Մրշատյանը լրագրողներին ասաց, որ չնայած իրենց պահանջները՝ կենդանաբանական այգու հանձնաժողովի աշխատանքներում իրենց ներգրավելու վերաբերյալ, անտեսվում են, Երևանի քաղաքապետարանը չի ձեռնարկում միջոցներ այգու խախտումները հայտնաբերելու ուղղությամբ, իսկ Ռուբեն Խաչատրյանը շարունակում է հաշվի չառնել կենդանասերների դիտարկումները և այգու աշխատակիցներին անհիմն հեռացնում է աշխատանքից:

«Եթե մեր պահանջներն արձագանք չգտնեն, և շարունակեն մեզ անտեսել, մեր ցույցերը կդառնան ամենօրյա»,-ասաց նա:

Նրա խոսքով, իրենք պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրենի տեղի համար անցկացվի մրցույթ և թափուր տեղի համար թեկնածուներ առաջադրվելու հնարավորություն տրվի:

Քաղաքապետարանի դիմաց ցուցարարներին այսօր մոտեցավ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, առաջարկեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հետ հանդիպում:

Հանդիպման ժամանակ Գոշ Սարգսյանը հայտնեց, որ քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, առաջարկություններն ուսումնասիրում են. «Դրանք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Չի լինելու որևէ հարց, որի հստակ պատասխանը չլինի, դա լինի իրավական, ֆինանսական, թե բոլոր մյուս առումներով»:

Քաղաքապետի մեկ այլ կարգադրությամբ, ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ և աուդիտի ու քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է կատարել այգում, որը երկու օր առաջ է ավարտվել՝ ընդգրկելով 2016-2018-ը,  եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում:

Նախատեսվում է կանոնադրության մեջ փոփոխություն, որի համաձայն՝ կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից, 2-ը կլինեն կենդանաբանական այգու աշխատակիցներ, մնացածը հասարակական սեկտորից: Այս նախաձեռնությունը դեռ պետք է ավագանու անդամների քննարկմանը ներկայացվի:

Նա վստահեցրեց նաեւ, որ իրենք պաշտպանում են այգու շահերը եւ խորհուրդ տվեց մի քիչ սպասել հարցի լուծմանը. «Ուղղակի պետք է պարզ ճշմարտություն հասկանաք, 100-ավոր նամակներ են, և դրանց հստակ պատասխանի համար անհրաժեշտ է ժամանակ»:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728