Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք օրենքի հետեւում թաքնված իշխանություն եւ արդարադատություն». Արայիկ Պապիկյան

Փետրվար 01,2019 13:53

Հայաստանում դատական իշխանությունը ամբողջությամբ «պարսպապատվել է օրենքների հետեւում»: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանում արդարադատության համակարգը «շատ վատ» վիճակում է գտնվում. «Մենք ունենք արդարադատության համակարգ, բայց այն միայն օրենքների շրջանակներում է գործում: Մեր արդարադատության համակարգը չի համապատասխանում իր անվանմանը կամ իր խոստմանը: Մենք երբեւէ չենք ունեցել, այսօր չունենք արդարադատությունը իրականացնող իշխանություն: Մենք ունենք օրենքների հետեւում թաքնված իշխանություն, որը ամենեւին չի նշանակում արդարադատություն»:

Այս իրավիճակի շտկումը Արայիկ Պապիկյանը տեսնում է միայն սահմանադրական փոփոխությունների մեջ: Ըստ նրա, միայն այդ պարագայում դատական իշխանությունը կհեղափոխվի, այլապես, ըստ նրա, մենք շարունակաբար մնալու ենք «օրենքների ետեւում թաքնված, արդարադատության անունից հանդես եկող դատական իշխանություն» ու դատաիրավական համակարգ, արդարադատություն:

«Եթե հեղափոխությունից հետո դեռ մտածում ենք`արժե՞փոխել Սահմանադրությունը, թե՝ ոչ, ապա հարց է ծագում, թե ի՞նչ հեղափոխություն է տեղի ունեցել»,-իր տարակուսանքը բարձրաձայնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

Բացի այն, որ նա հեղափոխական փոփոխություն չի տեսնում, ցանկություն էլ չի տեսնում նման փոփոխություններ իրականացնելու. «Նստած քննարկում ենք երկրորդական բաներ`անցնե՞լ սովետական հիմնին, թե՞ ոչ, թեթեւ թմրեցուցիչները լեգալացնե՞նք, թե՞ ոչ: Իր տպավորությամբ, մենք չենք ուզում ապրել նոր Հայաստանում»: Քաղաքագետի համար անհասկանալի է`ինչո՞ւ նախընտրական շրջանում իշխող ուժը չներկայացրեց իր պատկերացրած կառավարման մոդելը, բայց հետո եկավ եւ սկսեց կրճատումները: Նա չի հասկանում`նախատեսվող 100 հազար կրճատումների մեջ ովքե՞ր են լինելու`ուսուցիչնե՞ր, ոստիկաննե՞ր…

 

Այլ մանրամասները`տեսանյութում

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ հավելում է`Հայաստանը երբեք չի փայլել արդարադատությամբ: Բայց որ պետք է հիմա «ավելի նուրբ» գործենք, ըստ նրա, անվիճելի է: Բայց Հայաստանին այս ծանր վիճակից հանող ճանապարհային քարտեզը ինքը դեռեւս չի տեսել: Դավիթ Գասպարյանը կցանկանար`այն ոգեւորությամբ, որ ընդունեցինք իշխանափոխությունը, նույն ոգեւորությամբ էլ կյանք մտներ:

Արայիկ Պապիկյանին զայրացնում է, որ անգամ հեղափոխությունից հետո, ՀՀ-ում որեւէ պաշտոնյա դեռ իր սխալի համար հրաժարական չի տվել: Խոսքը ՔԿՀ-ների տարբեր տրամաչափի պաշտոնյաների մասին է`վերջին արձանագրված մահվան դեպքերի ֆոնին: «Սա նույն ձեռագիրն է, ինչ նախկինում»,- ասաց նա: Մհեր Եղիազարյանի մահից հետո ինքը լսել է տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների բացատրությունները, որ կատարել են օրենքով սահմանված իրենց լիազորությունը, փոխարեն մարդու իրավունքներին հետամուտ լինելուն: Նա հերթական անգամ լսել է բուժօգնության համար նախատեսված հիվանդությունների ցանկը, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ պատշաճ բուժօգնություն ՔԿՀ-ներում չի ցուցաբերվում, լավագույն դեպքում ջերմություն են չափում եւ ցավազրկող տալիս:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728