2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի մոտ նոր հիվանդություն է ախտորոշվել: Այս մասին այսօր այդ գործով պաշտպանական խմբի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց «Հենարան» մամուլի ակումբում:
Հիշեցնենք, այդ գործով կալանքի տակ գտնվող 19 անձանցից այժմ միայն Արթուր Վարդանյանն է կալանավորված: Հետհեղափոխական շրջանում, 2015-ից կալանքի տակ գտնվողներից 18-ի խափանման միջոցները փոխվեցին, նրանք ազատ արձակվեցին գրավի դիմաց: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:
Արթուր Վարդանյանի հիվանդությունը կոչվում է «կրոն»: Դա աղիքային հիվանդություն է: Պաշտպանն ասաց, որ ինքը ուսումնասիրելով այդ հիվանդությունը մի բան է հասկացել`Արթուր Վարդանյանն ամբողջ կյանքում պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ:
Արթուր Վարդանյանն այժմ բուժում է ստանում «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, սակայն, ըստ պաշտպանի, այնտեղ չկան համապատասխան պայմաններ, բուժումը լիարժեք կազմակերպելու համար:
«Նախորդ տարի իմ պաշտպանյալին 5 օրով տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, վիճակը ծանր էր, 3-4 օրվա բուժում կատարվեց, սակայն ամեն ինչ արեցին, որ նրան վերադարձնեն կալանավայր, քանի որ դա ՔԿՀ-ի համար հավելյալ ծախսեր էր ենթադրում»,- ասաց նա` հավելելով, որ խնդիրը միայն Արթուր Վարդանյանին չի վերաբերում, այն համատարած է:
Փաստաբանն այդպես էլ չի կարողանում հասկանալ երկու բան`ինչու են Արթուր Վարդանյանին «հանիրավի» պահում կալանքի տակ եւ ինչո՞ւ համաներումը շրջանցեց այդ գործով անցնող մարդկանց:
«Մի քանի անգամ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, սակայն դատավորը մերժել է՝ պատճառաբանելով, որ մնալով մեղադրանքը ծանր է, ազատության մեջ Արթուր Վարդանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը»,- մանրամասնեց Լեւոն Բաղդասարյանը` վրդովմունք հայտնելով, որ գրավի ինստիտուտը մեր երկրում ընտրովի է կիրառվում: «Որքա՞ն պետք է կալանավայրում մարդ մահանա, որ իշխանավորը հասկանա`խնդիր կա»,- հարց է հնչեցնում բանախոսը:
Անցած տարեվերջին տեղի ունեցած համաներումը բանախոսը համարում է ոչ իրավաչափ: Երբ ինքը փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ է համաներումը շրջանցում «զինված խմբի» գործի անդամներին, իրեն կառավարությունից պատասխանել են` «կառավարության դիրքորոշումն է»: Պաշտպանը կարծում է, որ այս պատասխանը Սահմանադրության կոպտագույն խախտում է: Նորք-Մարաշի գործը նա համարում է նախկին իշխանությունների կողմից «կարված գործ», ինչի արդյունքում «հենց սկզբից նրանց ահաբեկիչների պիտակավորում տրվեց»: Իր կարծիքով, այս գործը հեռանկար չուներ, պետք է կարճեին կամ արդարացման վճիռ կայացնեին, մինչդեռ տարբերակված մոտեցում ցուցաբերվեց: Նա նկատի ունի համաներման տարածումը «Սասնա ծռերի» վրա, իսկ «զինված խմբի» գործով՝ ոչ: Ըստ նրա, Հայաստանում ընտրովի արդարադատություն է իրականացվում, որի պատասխանատվությունը կրողը առաջին դեմքը պետք է լինի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ