Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի կարծիքով՝ մինչեւ ՀՀ նոր հիմնի հարցը քննարկելը, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մարդկանց ավելի շատ են մտահոգում, քան նորից հրապարակ նետված այս հարցը. «Երբ ժամանակին այս հարցը հրապարակ էր դրվում, մենք ասում էինք, որ դա իշխանությունների կողմից արվում է մարդկանց շեղելու համար իրենց կենսական պրոբլեմներից։ Ես կարծում եմ, որ հիմա էլ նույն բանը շարունակվում է։ Մենք ունենք շատ ավելի առաջնային հարցեր, քան այս հարցը։ Իսկ Ալեն Սիմոնյանը, որ դարձավ ԱԺ փոխնախագահ, որոշ հարցերում ցուցաբերում է կա՛մ անտեղյակություն, կա՛մ անճանաչություն։ 2-րդ. այն համոզումը, որ Արամ Խաչատրյանի հիմնը պետք է վերադարձնել նոր տեքստով, սա եւս իր դարն ապրած տեսություն է, սրա մասին խոսվել է ե՛ւ 30 տարի առաջ, ե՛ւ 10 տարի առաջ, հետեւաբար, դա իր մեջ որեւէ նորություն չի պարունակում»։
Կոմպոզիտորն ընդգծում է՝ սա կեղծ օրակարգ է, եւ հիշեցնում է հին ժամանակները. «Բայց մենք չէի՞նք ուզում, որ հին ժամանակները նորից վերադառնան։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր մեր ժողովուրդը, այդ թվում՝ ես, սպասում է ավելի կենսական խնդիրների լուծման։ Մենք այսօր կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ։ ՀՀ օրհներգի հարցն այսօր որքանո՞վ է ակտուալ, այսօր արդեն շատ մարդիկ հայտարարում են, որ իրենք պատրաստվում են թողնել գնալ Հայաստանից։ Մենք մի՞թե սրա համար ենք ողջունել այս հեղափոխությունը։ Մենք շատ լուրջ հարցեր ունենք թե մեր արտաքին եւ թե՛ մեր ներքին խնդիրների հետ կապված։ Հենց այդ հարցերն են, որ մեզ համար կենսական նշանակություն ունեն, եւ պետք չէ այդպես ուշադրությունը շեղել»։
Ինչ վերաբերում է ներկայիս օրհներգին, ապա. «Այն ժամանակին հիմք հանդիսացավ շատ-շատերի անձնվեր քայլի համար, երբ իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի ազատագրմանը։ Չնայած ժամանակին այն ընդունվել է շատ հապճեպ, բայց մեծ դեր է խաղացել»:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում