Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խոսքերն այնքան են զայրացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ նրանք քննարկել են փոխնախարարի կարծիքը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 01,2019 12:24

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հունվարի 30-ին հայտնած աղմկոտ կարծիքը։

Փոխնախարարը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք բառիս համար, նաեւ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։

Այս խոսքերն այնքան են զայրացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ նրանք քննարկել են փոխնախարարի կարծիքը։ «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ փակ քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ապշած է։ Հայտնի դարձավ նաեւ, որ պատգամավորներից մեկն էլ առաջարկել է քննարկել եւ հասկանալ, թե փոխնախարարի այս կարծիքի շուրջ ինչ միասնական դիրքորոշում պետք է հայտնեն, քանի որ լրագրողները սկսելու են հարցեր տալ։ Այս կարծիքը փակ քննարկման ժամանակ հայտնել է Արուսյակ Ջուլհակյանը։ Նա փոխնախարարի հայտարարությունը համարել է հակասահմանադրական։

Արուսյակ Ջուլհակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այդ հայտարարությունը խմբակցության նիստում չի քննարկվել, բայց եւ նշեց, որ փոխնախարարի ձեւակերպումները համարում է անընդունելի։ «Ես անձամբ գնահատում եմ վատ եւ անընդունելի, բայց ես չէի ասի, որ այդ թեմայով խմբակցությունում քննարկում է եղել։ Ես չեմ կարող ասել, թե որոնք են լինելու հետագա գործողությունները։ Ամեն դեպքում այս հարցը դեռ կքննարկվի։ Այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ»։

Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հարցին անդրադարձել են մի քանի պատգամավորներով։

«Երեկ եմ տեսել հայտարարությունը, դեռ չեմ հասցրել խորանալ։ Մի մասն ասում է, որ ոչ նորմալ ձեւակերպում է տվել, այդ միտքը չի ունեցել։ Երեկ խմբակցությունով՝ մի քանի հոգով քննարկել ենք, հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչ է նկատի ունեցել, որ ռեակցիա կարողանամ տալ»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենք պարտավոր չեն կառավարության անդամների ասած անհեթեթ մտքերը ծածկել, կամ պետք է լռեն, կամ քննադատեն, ինքը քննադատության կողմնակից է:

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728