Երեկ կայացած զրույցում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը մարզադպրոցների օրինակով մեզ հետ կիսվեց իր տեսակետներով, թե վերադասը ում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի:
«Կյանքը հետաքրքիր բան է: Պետք է առաջնային ուշադրություն դարձնել ոչ թե այնտեղ, որտեղ վիճակ չկա, այլ այնտեղ, որտեղ աշխատում են, որտեղ արդյունք կա: Ով աշխատասեր է, մենք նրան պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Նման մարտավարություն պետք է որդեգրի երկիրը: Եթե մի մարզադպրոց, չունենալով պայմաններ տալիս է չեմպիոններ, իհարկե, այդ մարզադպրոցը վերանորոգելու եւ ուշադրության արժանացնելու կարիք կա: Իսկ կան մարզադպրոցներ, որոնք տասնյակ տարիներ Հայաստանի առաջնության մեկ չեմպիոն չեն տալիս, բայց չգիտես ինչու պետությունը տարիներ շարունակ այդ նույն մարզադպրոցներն է արդիականացնում, թարմացնում, նորոգում: Դա արդա՞ր է: Իհարկե՝ ոչ: Լավ աշխատանքի դիմաց մարդուն պետք է աջակցես, պարգեւատրես: Չնայած, արդեն պարգեւատրություն բառից էլ ենք սկսել վախենալ՝ այնքան անհասկանալի պարգեւատրումներ եղան վերջին շրջանում: Այս սկզբունքով որոշել ենք հենց վաղը Գյումրիի մարզադպրոցներից մեկն արդիականացնել՝ մարզագույքն ամբողջությամբ փոխելով, քանի որ այնտեղ աշխատում են ու կադրերով համալրում մեր հավաքականների մի զգալի մասը», – ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ