ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ համատեքստում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում այն կարևոր ուղղություն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը: Կողմերն առանձնակի կարևորել են նաև հետագա համագործակցության շրջանակը:ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ 2018թ. դեկտեմբերին կայացած ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի նիստին ՀՀ ԿԳՆ-ի անունից հանդես է եկել նոր երկխոսություն սկսելու առաջարկությամբ՝ հիմնված կրթության զարգացման պլատֆորմի վրա, որը տեղ է գտել հանդիպման ընթացքում ընդունված գործառնական եզրակացությունների մեջ։
Վասիլիս Մարագոսը փոխանցել է ԵՄ ներկայացուցիչների պատրաստակամությունը կրթության ոլորտի զարգացման նորարական գաղափարները քննարկելու վերաբերյալ՝ միաժամանակ կարևորելով դրանց ազդեցությունը տնտեսության տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում կրթական երկխոսության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Կրթության և գիտության նախարարություն