Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կոմիսարներ» եւ պրոֆեսիոնալներ

Փետրվար 01,2019 10:00

«Հետհեղափոխությունը», ինչպես հայտնի է, քաղաքականացված մոտեցումների շրջան է: Այն, ինչ եղել էր, մերժվում է՝ ի հեճուկս սթափ եւ բանական մոտեցումների:

Շախմատն այլեւս իմաստունների խաղ չէ, որովհետեւ այն քարոզվում էր նախորդ ղեկավարի ժամանակ:

Տիգրան Մանսուրյանն այնքան էլ լավ մտավորական չէ, քանի որ որեւէ իշխանության հետ կոնֆլիկտի մեջ չէր մտնում:

Անգամ օնկոլոգիական հիվանդությունն այնքան էլ սարսափելի չէ, եթե խոսքը հասարակության կողմից մերժված մարդու մասին է:

Ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: Բայց այն փոխվել է ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ՝ էլի է փոխվելու: Այսօր դեռ կա հետհեղափոխական ոգեւորությունը, կես տարուց այն կնվազի, մեկ տարուց ամբողջությամբ կվերանա: Այլ կերպ չի կարող լինել՝ անկախ իշխանության եւ ոգեւորության որակից. այն, ինչ մի օր ստեղծվել է, առաջացել է, ծնվել է՝ սկսած մարդու մարմնից եւ վերջացրած ամենաբարդ մեխանիզմով, մի օր վերանալու է, քայքայվելու է, անպետք է դառնալու:

Վերը նշված օրինակների հետ կապված կարելի է ասել՝ մի օր «կպարզվի», որ շախմատն, այնուամենայնիվ, իմաստունների խաղ է՝ անկախ նրանից, թե ով է ֆեդերացիայի նախագահը, Մանսուրյանը բացառիկ մտավորականներից է, իսկ հիվանդությունը մնում է հիվանդություն թե՛ Դալայ-լամայի եւ թե՛ եղկելի հանցագործության մեջ կասկածվողի համար: Իհարկե, իրավիճակի հաջորդ փոփոխությունից հետո «կհայտնվի» որեւէ նոր բան, որը «խիստ դատապարտելի» է:

Այս «անսթափ» վիճակում քաղաքական պաշտոնները պետք է զբաղեցնեն հեղափոխությունն իրականացրած քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ուրիշ տարբերակ չկա: «Կարմիր կոմիսարները» պետք է անեն բոլոր այն սխալները, որոնք հատուկ են նման ժամանակաշրջաններին՝ ընդհուպ մինչեւ վերարկու պահելու, «դաչաների» եւ «պադավատների» հաճույքները: Որպեսզի սխալներն ու ծայրահեղությունները վտանգավոր չլինեն պետության համար, մնացած ոլորտները պետք է տալ պրոֆեսիոնալներին:

Վերցնենք թեկուզ Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն: Ի՞նչ կանի «կոմիսարը», եթե գա այնտեղ՝ փոխարինելու ներկայիս ղեկավարին: Նա, բնականաբար, կփորձի ամեն կերպ քարոզել «հեղափոխության արժեքները» եւ այդ «բարձունքներից» խրատներ ու հրահանգներ տալ գործի մասնագետներին, որոնք այդ ոլորտում դեռ մնացել են: Ինչպե՞ս կվարվի պրոֆեսիոնալը. նա իր փորձով կկարողանա տարբերակել ժամանակավորը (այն, ինչ կարեւոր եւ արդիական կլինի միայն մոտակա ամիսներին) եւ մնայունը՝ շեշտը դնելով հենց այդ արժեքների վրա: Իսկ որ հանրային, ոչ մասնավոր լրատվամիջոցները պետք է զբաղվեն մնայուն արժեքների քարոզով, ոչ թե ընկնեն կոմերցիոն օգուտների հետեւից՝ դրանում ես չեմ կասկածում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Սիրելի և անմոռանալի Արամ Աբրահամյան ջան՝ տեսա՞ր ինչ հանճարեղ սկիզբ էր: Մի անհամեստ հարց՝ էդ պրոֆեսիոնալներին որտե՞ղ եք տեսել: Ո՞ր բնագավառում: Շատ եմ խնդրում, մի երկուսի անունը տվեք:

  2. Լավատես says:

    Բանակում բացի հրամանատարից կար նաեւ նաեւ քաղաքական գծով տեղակալը, բանակում հենց նենց պաշտոններ չեն ստեղծում, եթե բանակի խելքը հրամանատարն էր, ապա բանակի պատիվն ու խիղճն այդ քաղաքական գծով տեղակալն էր, որն իր անձնական օրինակով ու խոսքով դաստիարակում էր զինծառայողներին՝ այդ թվում նաեւ հրամանատարին: Միայն խելքով պատերազմ չեն հաղթում, դրա համար մենք Կառավարության կազմում պետք է ունենանք ոչ միայն Խելքի մասնագետներ, այլեւ Պատվի ու Խղճի մասնագետներ, եթե ունենանյինք մեր ազգային կրոնը, ես երկու ձեռքով կողմ կլինեի պետության ու կրոնի սերտաճմանը, մեր հոգեւոր հայրերը պետք է ոչ թե միջնորդական ձեռներեցությամբ զբաղվեն, այլ ստեղծեն Պատվի ու Խղճի գաղափարախոսություն, որ ցանկացած քաղաքացի առանց երկար բարակ մտածելու այդ գաղափարախոսության ամեն մի կետի համար կռիվ տա, դրա համար ծնված օրվանից են դաստիարակում, որ երբ մեծանա, նա արդեն ուղեղի ենթակեղեւի մակարդակով գործի՝ առանց մտածելու: Մենք ոչ միայն մեր հողն ու ընդերքը պետք է ազգայնացնենք, այլ նաեւ մեր հայ հոգեւոր հայրերին:

    • оган says:

      Իսկ ովքեր էն այդ դաստիրակները, հարգելի և միամիտ լավատես.

      • Լավատես says:

        Հարգելի оган: Ես արդեն ակնարկեցի՝ մեր հայ հոգեւորականները, միայն եթե ազգային ոգով դաստիարակեն եւ այստեղ ոչ մի միամիտ բան չկա, էն ախմախ մտքերի մասին չեմ ասում, երբ ասում են թե էսինչ կրոնից չես ուրեմն հայ չես, միակ կրոնը, որի մասին կարելի է ասել եթե էդ կրոնի կրողը չես ուրեմն հայ չես՝ դա ազգային զուտ հայ կրոնն է, առանց կրոնագողության, մի օրով կամ մի դարով չենք ապրում, մեր հայ արարիչ հոգեւորականները թող ստեղծեն մեր հայ կրոնը մեր հաջորդ սերունդների համար:

  3. Artur Lazarian says:

    «Մանսուրյանը բացառիկ մտավորականներից է»: Այս հեգնանքը բնաւ չեմ հասկանում:
    Մանսուրեանը ոչ միայն բացառիկ չէ, այլեւ մտաւորական չէ: Այո՛, ես կասկածի տակ չեմ դնում նրա երաժշտական որակները, այլ՝ մտաւորական: Դուք հիմա լիաթոք կը խնդաք, բայց ժամանակը ցոյց կը տայ, թէ ով էր ճիշտ (կ’ապրենք, կը տեսնենք. Աստուած բոլորիս երկար կեանք տայ եւ առաջին հերթին Վարպետին): Իշխանութիւններին հակադրուելն ու նրանց «քլնգելը» ինքնանպատակ չէ: Սերժ Սարգսեանի օրօք Հայաստանը կանգնել էր պետականութեան կորստի վտանգի առաջ (գրեթէ վստահ եմ, որ այս ասածիս վրայ էլ էք ծիծաղում) ու դեռ մեծ հարց է՝ արդեօ՞ք մեզ կը յաջողուի դուրս գալ այս անդունդից: Եւ ահա ազգի ու պետութեան համար այս ծանր տարիներին Տիգրան Մանսուրեանը մի ծպտուն անգամ չհանեց:
    Ես երբեմն խղճում եմ Տիգրան Մանսուրեանին: Լինելով հանճարեղ կոմպոզիտոր՝ նրա իսկական գործերը հայ հանրութեան շրջանում մնում են անտեսուած, եւ մարդիկ նրան յիշում եմ միայն ֆիլմերի երաժշտութեամբ: Դա իւրաքանչիւր արուեստագէտի համար ծանր երեւոյթ է: Ես նրա վերջին գործերը վախենում էի լսել: Մտածում էի աղմուկը շատ կը լինի եւ նրա գրած երաժշտութեան մէջ Սերժ Սարգսեանի միապաղաղ ու ձանձրալի ձայնը լսեմ: Միշտ համարել եմ, որ անազատ մարդը չի կարող լաւ գործեր ստեղծել: Միգուցէ սխալ եմ եւ դա նախապաշարմունք է:

    Ի՞նչ կը լինի տարիներ անց: Օրինակները շատ են: Պատմական մի քանի զուգահեռ անցկացնեմ. Արամ Մանուկեան, Նաիրի Զարեան, Վազգէն Սարգսեան: Բոլորն էլ իրենց գործի վարպետ էին եւ մեծ, անուրանալի առաքելութիւն են ունեցել մեր ժողովրդի կեանքում: Բայց մարդկանց յիշողութեան մէջ նրանց բացասական հետքերը չջնջուեցին՝ ինչքան էլ որ տարիներն անցան: Եւ ամենազօր «հայոց պատմութիւնը» նրանց այդպէս էլ ցնծագին չընդունեց իր գիրկը՝ համեմատած իրենց արած գործի հետ: Նոյնը Մանսուրեանին է սպասւում:

    Յ.Գ. Ի դէպ, «պրոֆեսիոնալների» մասին: Արհեստավարժ լրագրողը երբեք չէր գրի «պրոֆեսիոնալ, օնկոլոգիական, կոնֆլիկտ, կոմերցիոն»: Դրանք վաղո՜ւց հայերէն են թարգմանուած 🙂

    • Էդգար says:

      Եթե մտավորականը է այն անձը, ով ապահովում է իշխանության բարոյական թիկունքը ինչ որ խմբի հետ հաշվեհարդարում, ապա գերադադելի է չկրել մտավորականի պիտակը:

    • Ruben says:

      Արամ Մանուկեանը, Նաիրի Զարյանը, Վազգէն Սարգսյանը մեղք են գործել ժողովրդի առջեւ: Մանսուրեանի մեղքը ո՞րն է, որ դասում եք դրանց շարքին:

  4. Էդգար says:

    Ուղղում․ Տիգրան Մանսուրյանը ոչ թե իշխանություններին դեմ չի գնացել, ինչը ապաքաղաքական մարդու համար նորմալ կլիներ, այլ տխրահռչակ մտավորկանների նամակի հեղինակնեից է, որն ի վերջո հաց բերողին մահվան դատապարտեց։

    Չեմ կարծում, թե նրա երաժշտությունը երաժշտագետներից բացի որևէ մեկի համար հետաքրքիր է։ Լավագույն դեպքում մարդկանց հիշողության մեջ կմնա որպես Կտոր մը Երկինք ֆիլմի կոմպոզիտոր։

  5. Քաղաքացի says:

    Արթուր Լազարյանի մեկնաբանության յուրաքանչուր հատվածը կարող է բանավեճի աղբյուր դառնալ, սակայն ես կանդրադառնամ առաջինին:

    «Մանսուրեանը ոչ միայն բացառիկ չէ, այլեւ մտաւորական չէ»

    Երկար չբանավիճելու համար, պարզապես բերեմ Ձեզ «մտավորական» երևույթի սահմանումը՝
    Մտավորականությունը դա հասարակության խումբ է, որն առանձնանում է բարձր կրթական մակարդակով և գործունեության ստեղծագործական բնույթով: Նրանց գործունեության մեջ ներ են բերվում անձնական և անհատական տարրեր, նրանք արտադրում, պահպանում և այլ հասարակական խմբերի համար հասու են դարձնում համամարդկային արժեքները և համաշխարհային մշակույթի նվաճումները:
    Տիգրան Մանսուրյան երևույքը համապատասխանում է այս սահմանման յուրաքանչուր տառին և ոգուն: Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը արժանացել է Classical Musical Award՝ Դասական երաժշտության միջազգային մրցույթի «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգի գլխավոր մրցանակին և միևնույն ժամանակ առաջադրված է «Գրեմմի»-ի երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Երաժիշտը շատ ավելի նրբազգաց է, նրա բարոյական սանդղակը շատ ավելի բարձր է, իսկ եթե լսեք, թե ինչպիսի խնդիրներ է դրել և լուծել Մանսուրյանը «Ռեքվիեմ»-ում, Դուք մեծ հաճույք կստանաք և հաճելիորեն զարմացած կլինեք նրա մտավոր կարողությունների վերաբերյալ: Ես ուշադրություն դարձրեցի Ձեր այն դիտարկմանը, որ չեք ժխտում նրա տաղանդավոր երաժիշտ լինելը, այստեղից կարելի է ենթադրել, որ դուք կարծում եք, որ «երաժշտական ուղեղը» ուղեղի մի տեսակ է, որն իզորու չէ հաղթահարել այլ ոլորտի գիտելիքներ: Հավաստիացնում եմ Ձեզ, որ դա այդպես չէ: Փաստում եմ դա, որպես ծրագրավորող, որի որդին երաժիշտ է: Ես տեսել եմ և սահմանափակ ու տկարամիտ ծրագրավորողների և զարգացած, բոլոր տեսանկյուններից, երաժիշտների։ Մանսուրյանը այնքանով է խելացի ևս, որ լռում է այն բաների մասին, որտեղ ինքը արհեստավարժ չէ, ի տարբերություն մեզ բոլորիս:
    Իսկ այն, որ «Ռեքվիեմ»-ի նման գործը առաջին անգամ հնչեց Բեռլինում և ոչ Հայաստանում, ոչ մի զարմանալի բան չկա՝ Գերմանիան երկրագնդի վրա այն բացառիկ երկրներից մեկն է, որտեղ այդ, pardon, ապրանքը, գին ունի: Մի մոռացեք, որ Մանսուրյանը ՀՀ քաղաքացի է, ուստի նույնիսկ նրա նման տաղանդավոր մեկը, երևի, համապատասխան իր կարգավիճակի գոյատևման խնդիր ունի ևս: Իսկ այն, որ մեր երկրում երաժշտական «մշակույթ»-ը կենտրոնացած է ռեստորաններում, դա նրա մեղքը չէ: Հիշում եմ երկրորդ նախագահը, թվելով իր ձեռքբերումները, նշեց, որ օտարերկրյա հյուրերին պատիվ տալու համար մի կարգին ռեստորան էլ չկար: Այժմյա Հայաստանում ռեստորաններից այլևս տեղ ու դադար չկա. Ինչում որ ներ ենք դրվել, նա էլ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728