Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա չարաշահում, չկա որևէ անձնական խնդիր»․ ինչո՞ւ փակեցին «Շիրակ հանրային հեռուստառադիոն»

Փետրվար 01,2019 00:23

Ինչպես հայտնի է ՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց լուծարել Գյումրու «Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Հիմնավորումն այն է, որ այս ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում, այդ պատճառով չունի մեծ լսարան, մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է անալոգային հեռարձակումն ու անցում կատարվել թվային հեռարձակման։ Լուծարման արդյունքում, «Շիրակ հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանի տեղեկացմամբ, մոտ 55 աշխատակից գործազուրկ են դառնում։ Մենք Արթուր Ղանդիլյանից հետաքրքրվեցինք՝ նախքան այս որոշումը իր վերադասի հետ հանդիպում չի՞ եղել, որևէ առաջարկ չի՞ հնչել, որպեսզի այսօր չդրվեր լուծարման հարցը։

«Այդ մասին քննարկվել է, երբ սեպտեմբերի 28-ին «Ֆակտոր» TV-ին կազմակերպել էր «Հանրային հեռուստաընկերությունը նոր իշխանությունների օրոք,» նման վերնագրով քննարկում։ Առաջին անգամ իմացանք, որ բյուջեով գումար չի նախատեսվել։ Ընդհանրապես բյուջեն յուրաքանչյուր տարվա օգոստոսից քննարկվում է, օգոստոսին 2019 թվականի բյուջեի նախագիծն է ներկայացվել, եղել են բազում քննարկումներ։ Առաջին քննարկմամբ անցել էր 2019 թվականի բյուջեի նախագիծը, բայց սեպտեմբերին տեղեկանում ենք, որ մեզ հատկացվելիք գումարը ընդհանուր բյուջեի նախագծի մեջ չկա։ Հոկտեմբերի 5-ին կամ 6-ին վարչապետին նամակ ենք ուղղել, ինչպես նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ պարոն Ջաղինյանին, եղել են մի քանի հանդիպումներ, քննարկել ենք։ Վարչապետի նամակն իրենք ուղարկել են ֆինանսների, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, հանրային հեռուստառադիոընկերություն և ՀՌԱՀ»։

Ի պատասխան՝ նշվել է, որ «Շիրակ հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ին 2019 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացումներ նախատեսված չեն, բայց շահագրգիռ մարմինների հետ ևս մեկ անգամ կազմակերպելու են քննարկում վերջնական դիրքորոշում ձևավորելու համար։

Արթուր Ղանդիլյանը կառավարության որոշման մեջ տեղ գտած հիմնավորումը, համաձայն որի՝ իր գլխավորած ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում, այդ պատճառով չունի մեծ լսարան, մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է անալոգային հեռարձակումն ու անցում կատարվել թվային հեռարձակման, նշում է, որ այս ընթացքում թվային հեռարձակումը փորձել են ինտերնետային հեռարձակմամբ ապահովել, հեռուստաընկերությունը փորձել են եթեր հեռարձակել քաղաքում գործող երկու կաբելային հեռուստաընկերությամբ, որոնք բավականին մեծ ցանցեր են ներգրավել։ Շիրակի մարզի բոլոր տեղանքներում, բացի Ամասիայի տարածաշրջանից, դիտողականությունը բարձրացրել են։

«Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, բայց գտնում եմ, որ նախորդ իշխանությունները չգնացին այն ճանապարհով, որ լուծարեն։ Գուցե ինչ-որ ուղիներ էին փնտրում, որպեսզի հեռուստաընկերությունը չփակվի», -ասում է Արթուր Ղանդիլյանը։

Նա վստահեցնում է, որ իր ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ռուբեն Ջաղինյանի միջև նաև անձնական խնդիրներ չեն եղել։

«Եթե անձնական խնդիր լիներ իմ հետ, թող ինձ հանեին, բայց հեռուստառադիոընկերությունը շարունակեր աշխատել։ Դա պայմանավորված չէ իմ անձի հետ։ Ես անձնական խնդիր Ջաղինյանի հետ չունեմ, մեր վիճաբանության առարկան եղել է այն, որ ես կարծես միշտ պահանջողի դերում եմ եղել, միշտ փորձել եմ ինչ-որ մի բան ավելացնել, վիճել եմ, որ այդ հատկացումներից ինչ-որ մաս տեղափոխեն Գյումրի։ Պատկերացրեք ստացվել է, դրա արդյունքում 2015 թվականին մեր բյուջեն 29 միլիոնից դարձավ 94 միլիոն։ 2015 թվականին մեզ հատկացվեց 12 միլիոն՝ սարքավորումներ ձեռք բերելու», -ասաց Արթուր Ղանդիլյանը։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ 94 միլիոն դրամից 65 միլիոն դրամն աշխատավարձի վրա ծախսվել է, մնացած ծախսերը ուղղվել են հեռուստահեռարձակման համար, որը բավական մեծ գումար է կազմել ու կոմունալ ծախսերի։ 15 միլիոն էլ իրենց արտաբյուջեն է գումարվել բյուջեին, որպեսզի բյուջեն վերջնականապես ձևավորվի։ Հաղորդումների համար 12 միլիոն դրամ է նախատեսված եղել, որը ըստ Արթուր Ղանդիլյանի, չափազանց քիչ է, դրանից 4 միլիոնն էլ տրվել է ռադիոյի հաղորդումներին։

Նա նշում է, որ մեծ աշխատանք է կատարվել հեռուստատեսությունում․ տաղավարները գրեթե պատրաստ են, իրենք ունեն թվային հեռարձակման բոլոր հնարավորությունները, ցանկացած վայրից կարող են ուղիղ եթեր հեռարձակել։

«Մենք պարապ չենք նստել, փորձել ենք հեռուստաընկերությունն արդիականացնել, բերել-հասցնել այս շնչին և կարող եմ ասել, որ մարզում միակ հեռուստաընկերությունն է հագեցվածության տեսակետից։ Կարելի է այդպես ասել, կարող է մի փոքր զիջի, թեև չեմ կարծում, եթե արտադրանքի տեսակետից նայեք, թե ինչքան հաղորդում ենք տվել, դրանց որակը կամաց-կամաց էլ ավել պիտի լավանար։ Ուղղակի մենք սեպտեմբերից չգիտեինք՝ շարունակելու ենք, չենք շարունակելու»։

Արթուր Ղանդիլյանը նշում է, որ այս հեռուստատեսությունը որպես դարբնոց է ծառայել։

Նա բացառում է չարաշահումները՝ նշելով, որ չկա այդպիսի բան․ բյուջեն էլ չափազանց փոքր է։ Նշում է, որ իրենց մոտ երկու անգամ ստուգումներ են իրականացվել, ու նման բան չի բացահայտվել։ Նա նշում է, որ ՓԲԸ-ները յուրաքանչյուր տարի պարտադիր անցնում են աուդիտ, ընդ որում թե՛ ներքին, թե՛ արտաքին։

«Չկա չարաշահում, չկա որևէ անձնական խնդիր, ֆեյքերին պետք չէ լսել, ինչ-որ մարդիկ ինչ-որ բանից ելնելով՝ մտածում են հեղափոխություն է, փոխենք բոլորին, երևի նման խնդիր է դրված»,-ասում է Արթուր Ղանդիլյանը՝ պարզաբանելով իր մասին գրված անանուն նամակները։

Թե ինչ լուծում է տեսնում այս հարցին, Արթուր Ղանդիլյանը չի բացառում, որ հետագա տարբերակներից մեկը կլինի աճուրդ-վաճառքի հանելը, մասնավորեցնելը։

«Ես մեծ ցանկություն կունենայի, որ այս գույքը տրամադրեին կոլեկտիվին, որի արդյունքում մենք փորձեինք որպես կոմերցիոն հեռուստատեսություն գործել։ Եթե հեռուստատեսությունն անալոգային է, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում 10-12 հեռուստաընկերություններ անալոգային են, մենք էլ դրանցից մեկը լինեիք։ Էլ չեմ ասում, որ մենք ունենք գործող ռադիոկայան «Շիրակի» հանրային ռադիոն, որ 102․5 հաճախականությամբ աշխատում է, և կարող է բավական լավ գովազդներ վաճառելով՝ իր գոյությունը պահել։ Եվ փորձենք լուծել այս մարդկանց խնդիրը։ 55 հոգին քիչ թիվ չէ, մենք խոսում ենք 55 ընտանիքի մասին։ Սա կոշիկի ցեխ չէ, սա ինչ-որ մի բանի արտադրություն չէ, մարդիկ լրագրող են և ինձանից լավ գիտեք, թե Շիրակի լրատվական դաշտում նրանք կարո՞ղ ենք աշխատանք գտնե՞լ, թե՞ ոչ, բավականին դժվար կլինի, բայց հույս ունեմ, որ մի ելք կգտնեն»,- ասում է Արթուր Ղանդիլյանը։
Ըստ նրա, ԶԼՄ-ի շարժական գույքը գնահատված է 16 միլիոն դրամ, իսկ անշարժ գույքը 78 միլիոն դրամ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728