Մոսկվան արձանագրեց ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շաբաթներին դիվանագիտական իրարանցում տեղի ունեցավ, որը կարծես էլ ավելի լարվելու, խորանալու միտումներ էր ցույց տալիս: Ամեն ինչ սկսվեց հունվարի 11-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից: Ազգային հողի վրա ՌԴ քաղաքացիների ձերբակալումն ու արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է` նշել էր Զախարովան՝ պատասխանելով բողոքներին, թե ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելվում է:
Բանն այն է, որ դեկտեմբերի 29-ին ՌԴ քաղաքացի Քրիստինա Գեւորգյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի օդանավակայանում, որից հետո նրա մուտքը արգելվել է: Նա գրել էր, որ ցանկացել է ամանորյա արձակուրդներն անցկացնել Ադրբեջանում, բայց իրեն թույլ չեն տվել: Ըստ Գեւորգյանի՝ օդանավակայանում եղել է եւս երեք հայկական ազգանունով ընտանիք, որոնց թույլ չեն տվել անցնել սահմանը: «Ես տեսել եմ մեծ թվով տեղեկություններ, այդ թվում՝ սոցցանցերում: Տոների ընթացքում նույնպես եղել են միջադեպեր, մենք դրանք գրանցել ենք նաեւ նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում, ցավոք, ոչ լավ ու սխալ»,- հայտարարել էր Զախարովան: Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ մեծ թվով նյութեր են հրապարակվել սոցցանցերում, բայց սա էթնիկ հողի վրա խտրականության առաջին դեպքը չէ: Ըստ ԱԳՆ-ի՝ անցյալ տարի գրանցվել է էթնիկ հողի վրա Ադրբեջան մուտքը արգելելու 16 դեպք: Ընդ որում, Ռուսաստանի քաղաքացիները մի քանի ժամով ձերբակալվել են օդանավակայանում, հետո բռնի կերպով արտաքսվել են երկրից: Պաշտոնական պատճառներ նշված չեն:
«Նշված են փաստեր, մեր տեսանկյունից՝ դրանք Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական պայմանագրերի ոգուն եւ տառին: «Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս ադրբեջանական կողմի ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակի անընդունելիության վրա: Պահանջել ենք դադարեցնել այդ փորձը՝ ձերբակալությունները եւ արտաքսումը: Այն անհամատեղելի է մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հետ»,- նշել էր Զախարովան: Նա նաեւ հավելել էր, որ ռուսական կողմը հավաստիացումներ է ստացել Ադրբեջանի ղեկավարությունից, որ իրավիճակը կշտկվի. «Եվ մենք այդ հարցում մեծ հույսեր ունենք»:
Այսպես, պաշտոնական Մոսկվան բարձր մակարդակով շեշտեց, որ Ադրբեջանը չպետք է էթնիկական նկատառումներով խոչընդոտի ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան, եւ որ Բաքուն կհրաժարվի էթնիկական խտրականության իր քաղաքականությունից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես՝ ազգությամբ հայերի, եւ չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան: Նաեւ հստակ արձանագրվեց, որ Մոսկվան նշված փաստերը համարում է ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում:
Լավրովն էլ փաստեց խնդրի առկայությունը
Նույն թեմային մի քանի օր անց անդրադարձավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունվարի 16-ին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարարը հայ լրագրողի հարցին ի պատասխան՝ ծավալվեց ադրբեջանական բանտում գտնվող Ռուսաստանի քաղաքացի, ծագումով հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանին վերաբերող խնդրի շուրջ։ «Մենք պարբերաբար բարձրացնում ենք ծանր իրավիճակում գտնվող ռուսաստանցիների հարցը, այդ թվում` ԱՊՀ երկրներում: Վստահեցնում եմ ձեզ, որ կոնկրետ այս թեմայի շուրջ հարցը մենք բարձրացրել ենք ադրբեջանական գործընկերների հետ մեր վերջին բանակցությունների ժամանակ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք, հիմնվելով իրավական նորմերի վրա, երկխոսության միջոցով հասնել արդյունավետ որոշումների մեր ադրբեջանցի կոլեգաների հետ եւ կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»,- ասել էր Լավրովը:
ՌԴ քաղաքացիների իրավունքների թեմայի հրապարակային քննարկումն էլ ավելի թեժացավ՝ վերաճելով ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալի: Պաշտոնական Բաքուն պատասխանեց ՌԴ ԱԳՆ-ի քննադատական հայտարարությանը: «Այս հարցում Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության անհասկանալի համառությունը դժվար է հասկանալ, այն հակասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին,- նշել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով:- Այդ մոտեցումը որեւէ կերպ չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կամքին ու այդ ուղղությամբ նրանց կողմից կատարվող քայլերին»: Բաքուն Մոսկվայի հայտարարությունները սադրիչ ու հակաադրբեջանական էր որակել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել էր, թե իր արձագանքը համարժեք է եղել Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը: «Ադրբեջանն ու Ռուսաստանը իրավահավասար պետություններ են: Ադրբեջանի հետ վերջնագրերի տոնայնությամբ խոսելն անընդունելի է եւ լիովին հակասում է դիվանագիտական էթիկայի նորմերին»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, զգուշացնելով՝ ադրբեջանական կողմը իր հետագա գործողությունները կձեռնարկի Ռուսաստանի արտգործնախարարության քայլերին համապատասխան:
Այնուհետեւ իրավիճակն էլ ավելի լարվեց: Հունվարի 18-ին Մոսկվան բացատրություն պահանջեց Բաքվից հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի տարածք մուտքն արգելելու յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ՝ այս մասին ասվում էր Ռուսաստանի ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ: «Ծանոթացել ենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության… արձագանքին: Մատնանշում ենք դիվանագիտական պատշաճության սահմաններն անցնող տոնայնությունը: Ոչ պակաս տարակուսանք է առաջացնում դրա բովանդակությունը, ըստ որի՝ պահանջում են «չծածանել» Ադրբեջան եկող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության թեման որպես իբր փոքր նշանակություն ունեցող հարց երկկողմ հարաբերությունների շարունակական դինամիկ զարգացման ֆոնին»,- ասվում էր Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նման մոտեցումը, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, անընդունելի է: «Գործի հետ կապ չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն կցանկանայինք լսել առարկայական բացատրություն ռուսների հետ կապված միջադեպերից յուրաքանչյուրի վերաբերյալ»,- փաստել էին գերատեսչությունից: «Ակնկալում ենք դիվանագիտական խողովակներով պաշտոնական բացատրություն՝ կապված ադրբեջանական կողմի ակնարկների հետ առ այն, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է Ադրբեջան իրենց այցերը համաձայնեցնեն Մոսկվայում գտնվող հանրապետության դեսպանատան հետ, ինչը կլիներ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 1997թ. հուլիսի 3-ին կնքված առանց վիզայի այցելությունների համաձայնագրի խախտում: Կախված ադրբեջանական կողմի բովանդակալից պատասխանից՝ կորոշենք մեր հետագա քայլերը»,- հավելել էր ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Չուշացավ նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը, որում ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը որակեցին որպես «վերջնագիր»: «Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրավահավասար ինքնիշխան պետություններ են, Ադրբեջանի հետ վերջնագրի տոնով խոսելն անթույլատրելի է եւ միանգամայն հակասում է դիվանագիտական էթիկայի նորմերին»,- ասվում էր հաղորդագրության մեջ: Ադրբեջանական կողմի համաձայն՝ «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության անբացատրելի համառությունն այս հարցում դժվար է հասկանալ»: «Այն հակասում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական հիմքերին: Միաժամանակ նման մոտեցումը ոչ մի կերպ չի համընկնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ցուցաբերվող կամքին եւ երկու պետությունների միջեւ հարաբերությունները զարգացնելու նրանց աշխատանքին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում էր, թե «ադրբեջանական կողմը համապատասխան գործողություններ կձեռնարկի՝ համապատասխան Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հետագա քայլերի»:
Արձանագրենք, որ սա ռուս-ադրբեջանական դիվանագիտական աննախադեպ «փոխհրաձգություն» էր:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
31.01.2019