Եթե վիճելի դրույթներով նախագիծը կառավարությունն ու ԱԺ-ն ընդունեն
Եթե վիճելի դրույթներով նախագիծը ներառվի կառավարության նիստի օրակարգ, նիստի օրը կառավարության առաջ փաստաբանները բողոքի ցույց են իրականացնելու: Նախագիծը ընդունելու դեպքում էլ բողոքի ցույց կանեն երեք օր` հրաժարվելով այդ օրերին ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում, պաշտպանություն իրականացնելուց: Երեկ այս մասին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը մասնակցում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հանրային քննարկմանը:
Փոփոխություններով նախատեսվում է շրջանառության հարկից անցումը ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի եւ շահութահարկի: Ներկայում կոնկրետ փաստաբանները հարկվում են շրջանառության հինգ տոկոսի չափով:
Նախագիծը փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Այս ոլորտների մասնագետները համարում են, որ շրջանառության մեջ դրած նախագիծը ավելացնելու է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով մի շարք ծառայություններ քաղաքացիների համար թանկանալու են, հարկահավաք կառույցին էլ հասանելի են դառնալու փաստաբանական գաղտնիքներ, ինչն անթույլատրելի է եւ չի ապահովելու փաստաբանի անկախությունը, ինչպես որ մեր երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններով:
Ճիշտ է, փաստաբանները որոշել են մասնակցել հանրային միջոցառումներին, քննարկումներին, որոնք վերաբերում են նախագծի վիճելի դրույթներին, կներկայացնեն նաեւ իրենց առարկությունները, սակայն, ինչպես Արա Զոհրաբյանն ասաց, բացի վերոնշյալ քայլերից՝ Ազգային ժողովի կողմից նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում 7 օր են բողոքի ցույց անելու: Երկրորդ ընթերցմամբ ընդունելու դեպքում էլ բողոքի ցույց կանեն անորոշ ժամկետով: Ըստ պալատի նախագահի՝ իրենց պայքարին միացել են նաեւ ԱԱՀ-ի դաշտում գործող փաստաբանները:
Պարոն Զոհրաբյանը քննարկմանը մասնակցող կառավարության ներկայացուցիչներին կոչ արեց միասնական ու վճռական պայքարը չընկալել շանտաժ պետության դեմ:
Նրա խոսքով՝ ամեն ոլորտ ունի իր առանձնահատկությունը, եւ բացատրեց, թե վիճելի դրույթներով նախագծի ընդունման պարագայում ինչ է տեղի ունենալու փաստաբանների ոլորտում:
«Փաստաբանը կանգնելու է երկու տարբերակի առջեւ` կա՛մ թանկացնելու է իր ծառայությունները, կա՛մ անցնելու է ստվերի դաշտ: Մենք ղեկավարվում ենք բարեխղճության կանխավարկածով եւ մեր փաստաբան գործընկերներին հորդորում ենք, որ հակառակը` պետք է անցնել հարկային դաշտ: Ինչո՞ւ, որովհետեւ փաստաբանն անկախության խնդիր ունի»,- ասաց պարոն Զոհրաբյանը` հակադարձելով ֆինանսների նախարարության պատասխանատուների այն մտքին, թե փաստաբանները կարող են իրենց շահույթից բաժին հանել. «Իհարկե, շատ հեշտ է դիմացինի գումարները հաշվել, բայց վստահ եմ, որ որեւէ մեկը եթե մեր նախարարի տեղակալին կամ որեւէ պաշտոնյայի ասի, որ ձեր պարգեւավճարից բաժին հանեք, ուղարկեք որեւէ կարիքավորի, դա այդպես հեշտ չի ընկալվի: Մենք լավ հասկանում ենք, որ ծախսերը մեծանալու հատկություն ունեն: Ինչպես ասում են` երեխաները պարտավոր են մեծանալ եւ մեծանում են, նրանց հետ իրենց ծախսերն են մեծանում, մարդիկ աճում են, զարգանում են, եւ այստեղ, բնականաբար, փաստաբանի ծախսային հատվածն էլ գնալով մեծանալու է: Եվ ի՞նչ եք կարծում՝ ամեն անգամ փաստաբանն իր շահույթի հաշվին կրճատելո՞ւ է, ասելու է` ես իմ ծախսերը կկրճատեմ, թող իմ երեխաները չմեծանան, չզարգանա՞ն: Մենք վստահ հասկանում ենք եւ կանխատեսում, որ փաստաբանները գնալու են այն ճանապարհով, որ թանկացնելու են իրենց ծառայությունները»: Ապա Արա Զոհրաբյանը բացատրեց` թանկացումներն ինչ հետեւանքների են բերելու:
«Արդյոք թանկացման արդյունքում փաստաբանական ինստիտուտը կզարգանա՞: Ինչպես ասում են` արդյոք խաղաղության նպատակով ռումբ չե՞ք գցում քաղաքի վրա: Առանց վերլուծություն անելու՝ հավակնոտ նախագիծ դաշտ գցելը շատ վտանգավոր է եւ առաջացրել է ինչպես փաստաբանների, այնպես էլ հասարակության մյուս անդամների հիմնավոր դժգոհությունը»: Պարոն Զոհրաբյանի խոսքով՝ փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեության տեսակ է. «Ավելին, կան երկրներ, որտեղ փաստաբանական գործունեությունը չի համարվում ձեռնարկատիրական գործունեության տեսակ: Այո, փաստաբանն էլ ունի նպատակ շահույթ ստանալու, բայց փաստաբանի հիմնական նպատակն իրավապաշտպան գործունեությունն է: Եվ փաստաբանն իր վարքականոնի կանոնագրքով՝ շատ դեպքերում չի կարողանում զուտ քաղաքացիաիրավական շրջանառության որոշակի կանոններից օգտվել: Դեպքեր կան, որ իր կամքից հակառակ գնալու է ծառայություն մատուցելու: Բացի այդ, պատկերացրեք՝ պետությունը միջազգային պարտավորություններ ունի ստանձնած, որ պետք է այս ոլորտը զարգացնի, ինչո՞ւ, որովհետեւ առանց փաստաբանության չի կարող լինել արդարադատություն, եւ մենք ունենք Սահմանադրության մեջ ուղղակի նորմ, որով պարտավորեցնում է պետությանը անվճար իրավաբանական օգնությամբ ապահովել` իր միջոցների հաշվին»:
Նրա խոսքով՝ կառավարությունն այս նախագծով փորձում է հաշվապահներին, փաստաբաններին, խորհրդատուներին տեղավորել այն նորմի կետի դաշտ, որտեղ գտնվում են խաղատները, վիճակախաղի կազմակերպիչները. «Միակ, թերեւս, մեզ մոտ ծառայությունը արբիտրական գործունեություն իրականացնողներն են: Բայց ես, օրինակ, չեմ հանդիպել դեպք, երբ պետությունն իր հաշվին անվճար արբիտրական գործունեություն ֆինանսավորի, որպեսզի բոլորն օգտվեն այդ ծառայությունից:
Այսինքն` պետք չէ ծառը կտրել ծառի վրայի պտուղները հավաքելու կամ մեղվի փեթակը շուռ տալ մեղրը հավաքելու համար, սա նման է դրան, ոլորտը ոչնչացնում ենք, որպեսզի փորձենք կարճաժամկետ օգուտ ստանալ»:
Ինչ վերաբերում է փաստաբանի անկախությունը վտանգելուն, ապա Արա Զոհրաբյանն ասաց. «Ինչու է փաստաբանի անկախությունը կարեւորվում, եւ միջազգային պայմանագրերով էլ պետությունը նման պարտավորություն է ստանձնել` ապահովել փաստաբանի անկախությունը: Մենք որքան քիչ ենք առնչվում պետական մարմնի հետ, այնքան մեզ ավելի լավ ենք զգում, մեզ ավելի անկախ ենք զգում, որովհետեւ փաստաբանները շատ հաճախ հայտնվում են պետական մարմինների եւ քաղաքացու մեջտեղում եւ փորձում են պաշտպանել քաղաքացուն: Եվ այստեղ շատ կարեւոր է, որ փաստաբանությունը, որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ, անկախ է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից: Հենց այս անկախությամբ է, որ կարողանում է հավասարակշռել պետական մարմինների անզուսպ ախորժակը»:
Պալատի նախագահն ասաց, որ նախկինում դեպքեր են եղել, երբ ԱԱՀ-ի եւ շահութահարկի դաշտում աշխատող փաստաբանական գրասենյակի կյանք է ներխուժել հարկային մարմինը, քանի որ այդ գրասենյակը հարկային մարմնի դեմ շատ գործեր է շահել. «Սկսել է գործերը Դատալեքսից հանել, ուսումնասիրել` ինչ գործերի է մասնակցել, ասել, թե գործեր են թաքցրել, կամ բոլոր հաճախորդներին կհրավիրենք, կհարցնենք՝ ինչքան գումար են վճարել եւ այլն: Այսինքն՝ գրասենյակի աշխատանքը խոչընդոտվել է: Մենք ցանկանում ենք այնպես անել, որ մաքսիմում քիչ շփվենք պետական մարմնի հետ, եւ այս պայմաններում շրջանառության հարկը այն ճիշտ ռեժիմն է, որը մեղմ վարչարարություն է իրենից ենթադրում: Այս մեղմ վարչարարությունը օգնում է մեզ պահպանել մեր անկախությունը»:
Պարոն Զոհրաբյանը վստահեցրեց, որ ծառայությունների թանկացումը բերելու է նրան, որ շատ քաղաքացիներ ուղղակի չեն կարողանալու օգտվել փաստաբանի ծառայություններից, ինչն էլ իր հերթին բերելու է նրան, որ հանրային պաշտպանի գրասենյակն է ծանրաբեռնվելու. «Իսկ դա նշանակում է, որ պետությունն իր մյուս գրպանից պետք է ֆինանսավորի հանրային պաշտպանի գրասենյակում լրացուցիչ հաստիքներ ավելացնելու համար, ինչը չանելու դեպքում միջազգային արտյաններում խնդիր է ունենալու ստանձնած պարտավորությունը չկատարելու համար»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
31.01.2019