Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես Մասիս քաղաքում հեղափոխություն չի կատարվել եւ գործում է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բանդան»

Փետրվար 01,2019 13:30

Դիմել են վարչապետին հանցագործության մասին հաղորդումով

«Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին հաղթել էր մրցույթում, իսկ այս տարվա հունվարի 17-ին նրա հետ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կնքել էր պայմանագիր: Պայմանագիրը մեկ տարով էր: Ընկերությունը պայմանագրի համաձայն ստանձնել էր Մասիս քաղաքի կենցաղային աղբահանության ծառայությունների մատուցման պարտավորությունը:

Բնակիչները կարծես գոհ էին, պատվիրվել էին նոր արկղեր, աղբահանության համար թարմացվել էին արկղերը՝ 190-ը կար, 56-ն էլ խոստացվել էր:

Ի դեպ, աղբահանությունն իրականացվելու էր 56 համայնքներում:

Սակայն աշխատելով 9 օր, Ֆ.Պողոսյանին օրեր առաջ իր մոտ է հրավիրել փոխքաղաքապետը, հայտնելով, թե քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը պայմանագիրը դադարեցրել է: Ֆ. Պողոսյանն «Առավոտին» հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ, գլխավոր դատախազին, դիմել է նաեւ ՀՀ վարչապետին, տարածքային կառավարման նախարարին, մարզպետին, խնդրելով հարուցել քրեական գործ՝ «քաղաքապետի պաշտոնով ստանձնած լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ»:

Նկատենք, որ Դավիթ Համբարձումյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականից:

Ըստ այդ հաղորդման, «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է Մասիս քաղաքում 1997 թվականից եւ զբաղվում է Մասիս քաղաքի աղբահանությամբ. «Սակայն, ընկերության գործունեությունը չարամտորեն եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, հետապնդվում է Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից: Նա հանդիսանալով մեկ այլ քրեական գործով մեղադրյալ՝ թավշյա հեղափոխության ժամանակ ցուցարարներին ծեծելու գործով, եւ կասեցված լինելով նրա՝ քաղաքապետի գործունեությունը, այսօր շարունակում է իր անօրինական գործունեությունը Մասիս քաղաքում, վախի մեջ պահելով Մասիս քաղաքի բնակիչներին: Կարծես Մասիս քաղաքում հեղափոխություն չի կատարվել եւ գործում է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բանդան»:

Ֆ. Պողոսյանն ասում է, որ 2017 թվականից օրենքով մրցույթ չէր հայտարարվել. «Սակայն քաղաքապետը 2017 թվականին հիմնադրել է «Մաքուր Մասիս» ՓԲ ընկերությունը, որի միջոցով անօրինական կերպով կատարում է Մասիս քաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները: Իսկ մեր ընկերությունը, որը աճուրդ մրցույթում հաղթող է ճանաչվել, չենք կարողանում աշխատեցնել»:

Ըստ «Առավոտի» տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի, Մասիսի քաղաքապետարանի եւ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության միջեւ 2019թ. հունվարի 17-ին կնքվել է թիվ ԱՄՄՔ-ԳՀԾՁԲ-19/2 պայմանագիրը, որի շրջանակներում ընկերությունը ստանձնել է Մասիս քաղաքի կենցաղային աղբահանության ծառայությունների մատուցման պարտավորությունը, 2018թ. դեկտեմբերի 25-ին կայացված աճուրդ մրցույթում ճանաչվել է առաջինը: Մասիսի քաղաքապետարանը 2019 թվականի հունվարի 25-ից միակողմանի ամբողջությամբ լուծել է ԱՄՄՔ-ԳՀԾՁԲ-19/2 պայմանագիրը:

Այս կապակցությամբ, զրուցակիցս հայտնեց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անհիմն, միակողմանի որոշում է կայացրել եւ խոչընդոտել է իրենց ընկերության աշխատանքը հունվարի 25-ից՝ ահռելի մեծ գումարային վնասներ հասցնելով իրենց: Այդ կապակցությամբ նա դիմել է փաստաբաններին՝ վարչական դատարան դիմելու նպատակով:

«Քաղաքապետը՝ առանց մեզ գրավոր ծանուցագիր ուղարկելու, առանց մեզ գրավոր նկատողություն տալու, առանց մեզ նույնիսկ զգուշացնելու, արգելել է մեզ աշխատել եւ հակառակը՝ միշտ ասել է, որ գոհ է ծառայության որակից եւ հույս էր հայտնել, որ նույնությամբ կշարունակվի: Քաղաքապետը մեր ընկերության հետ ԱՄՄՔ-ԳՀԾՁԲ-19/2 պայմանագիրը կնքելուց մեկ օր առաջ՝ հունվարի 16-ին, քաղաքապետարանում ասաց. «ամեն ձեւ, երբ ուզենա մի պատճառ կբռնի, կեղտ կգտնի էդ պայմանագիրը լուծարելու համար», քանի որ հայտարարված աճուրդ մրցույթում մեզ հետ մրցակից էր «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է քաղաքապետարանի կառույց, իսկ տնօրեն Լեւոն Խաչատրյանի հետ ունեն քավոր-սանիկական բարեկամական կապեր եւ այս բիզնեսի մեջ նա ունի անձնական շահագրգռվածություն: Քանի որ մրցույթում օրենքով առաջին տեղը գրավեց մեր՝ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ընկերությունը եւ հաղթեցինք մենք, ապա կատարեցինք ամենաքիչը մոտ 10 000 000 ՀՀ դրամ ներդրում եւ Մասիս քաղաքում պատշաճ կերպով սկսեցինք կատարել աղբահանություն հունվարի 17-ից մինչեւ 25-ը ներառյալ»,-ասում է Ֆ.Պողոսյանը:

Ըստ էության, հունվարի 26-ից ապօրինի կերպով աղբահանության աշխատանքները Մասիս քաղաքում կատարում է «Մաքուր Մասիս» ՓԲ ընկերությունը:

Իսկ ինչը կարող էր լինել պայմանագիրը լուծարելու շարժառիթը հարցին էլ՝ զրուցակիցս պատասխանեց. «Քաղաքապետն ինձ ստիպում էր, որ ես գնամ Մասիս քաղաքի բենզալցակայանների եւ գազալցակայանների սեփականատերերին ստիպեմ, որ վճարեն իրենց պարտքերը, հակառակ դեպքում կլուծարի պայմանագիրը: Իսկ ես նման լիազորություններ չունեմ, դա իր աշխատանքն է, սակայն նա պարբերաբար իր գործողություններով ինձ դրել է ծանր վիճակի մեջ»:

Ընկերության պատասխանատուն խնդրում է ստուգել փաստերը եւ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսության» աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու, Մասիս քաղաքում կամայականություն դրսեւորելու, քաղաքապետի լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ:

Եվ՝ վերացնել բոլոր խոչընդոտները եւ թույլ տալ Մասիսում իրականացնել եւ շարունակել օրենքով սահմանված աղբահանության ծառայության մատուցման աշխատանքները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

31.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728