Հայկական բանակի կազմավորման 27-ամյակի առիթով հունվարի 29-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ՊՆ ու ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլը հանդես եկավ «Գոյամարտ» պարային-թատերգական ներկայացմամբ, որը ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Լեւոն Իվանյանի նախագիծն է, խորեոգրաֆիան իրականացրել է անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը:
Անսովոր էր պարային ներկայացումներին բնորոշ դրամատուրգիական զարգացման գիծը, որը խոսքի (Լեւոն Իվանյան) եւ պարերի («Սարդարապատ» պարի անսամբլ) միջոցով ներկայացնում է մեր ժողովրդի հինգհազարամյա գոյության ճակատամարտերը եւ նվաճումները: Դրանց շնորհիվ հայերս մ.թ.ա. 2492թ. Հայկի ու Բելի ճակատամարտից սկսած, Արտաշիսյան արքաներով շարունակած, քրիստոնեության ընդունմամբ, Ավարայրի ճակատամարտով, Անիի ու Կիլիկիայի թագավորություններով, ապա անպետականության 700 կամ հազար տարիների ժողովրդի տառապանքներով շարունակվող եւ անհավատալի մի վերին զորությամբ կամ Հայկի ոգու, գենի ուժով հազար տարի պետականություն չունենալուց հետո հրաշքի նման մոխիրներից փյունիկի պես վեր է հառնում անհավատալի զորությունը: Ներկայացման մեջ ընդգրկված էին «Սարդարապատ» դպրոց-ստուդիայի (գեղարվեստական ղեկավար Էդգար Հակոբյան) 5-10 տարեկան սաներ եւ ի դեմս նրանց՝ նորից հրաշքով վեր է հառնում հայոց պետականությունը, Սարդարապատի ճակատամարտ, Արցախյան հերոսամարտ եւ Քառօրյա պատերազմ անցնելով, հաստատվում է հայոց գոյության ինքնությունը: Սա է աշխարհին պարտադրում քեզ հետ հաշվի նստել:
Հանդիսատեսից շատերը ներկայացման ավարտին այն միտքն էին արտահայտում, թե հայերիս 5000-ամյա տարիքը ու նման գոյամարտերով մինչ մեր օրերը հասնելը նորություն չէ, սակայն այս ամենը խտացնել պարային մեկ ներկայացման մեջ եւ մատուցել այդքա՜ն բարձրարվեստ ու այդքա՜ն համոզիչ, բարդ է, գրեթե անհնար թվացող:
Շարունակվող գոյամարտը ներկայացնող պարային ներկայացման մեջ օգտագործված էին մեր հոգեւոր երաժշտության գանձերից մինչեւ Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ավետ Տերտերյանի, Գեորգի Գյուրջիեւի ստեղծագործություններն ու կինոերաժշտություն, որը միքսել էր բոլոր արքաների դերապարերով հանդես եկող Հայկ Փայտյանը: Հայկ Նահապետի կերպարում էր Էդգար Հակոբյանը, զգեստների դիզայնի հեղինակն է Արուսյակ Փայտյանը:
Այս տարի Բանակի տոնը սպայական վերնախավի համար նշվել է «Դվին» ռեստորանում, մինչդեռ այդ օրը պիտի տոն դառնա հայոց զինվորի եւ հայ ժողովրդի համար, իսկ ամենագլխավորը՝ այն պետք է իրենից հոգեւոր-բարոյական մեծ արժեք ներկայացնի, ինչպիսին դարձավ ոչ պետական բնույթի եւ ոչ մի անհատի կամ կառույցի կողմից չֆինանսավորված «Գոյամարտը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Տեսարաններ՝ «Գոյամարտից»:
«Առավոտ» օրաթերթ,
31.01.2019