Արցախի խնդրի հանգուցալուծումը երկրի ղեկավարները հիմնականում կապում էին միջազգային ատյաններում իրենց ելույթների, տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների, բանակցությունների գործընթացում իրենց դիրքորոշումների հետ՝ արհամարհելով միջազգային հանրության վրա ներազդման խիստ կարեւոր ու որոշիչ գործընթացը, դրա խելամիտ կազմակերպումն ու համապատասխան կադրերի ընտրությունը: Նման թերացման հիմնական պատճառներից էին պետական այրերի այս հարցում անտեղյակությունն ու սահմանափակ լինելը, տեղեկատվական պատերազմների մասին գաղափար չունենալը, ուստի եւ այդ հարցի շուրջը համապատասխան մասնագետների առաջարկությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը:
Դեռեւս 1988թ. Կեւորկովի փոխարեն Լեռնային Ղարաբաղի կուսմարզկոմի առաջին քարտուղար նշանակված Հենրիկ Պողոսյանը ինձ հորդորում էր Արցախյան գոյամարտի «Կռունկ» կազմակերպության առաջնորդներին հուշել, որ ինչ պետք է՝ արել են, այլեւս ոչ մի քայլ չձեռնարկեն, քանի որ ինքը համապատասխան ատյաններում զբաղվում է այդ հարցով: Անշուշտ, նա նկատի ուներ Կրեմլի ներկայացուցիչների հետ իր անմիջական հանդիպումները, Բաքվի վարչակազմից ինքնավար հանրապետության կարգավիճակ ստանալու հեռանկարը: Հաջորդ հանդիպմանը խնդրեց ելույթ ունենալ ստեփանակերտյան հանրահավաքին եւ հուշել ժողովրդին, որ ընդունի ինքնավար հանրապետության կարգավիճակի ադրբեջանական առաջարկը: Պատասխանեցի, որ ինքս դեմ եմ Բաքվի իշխանություններից ցանկացած առաջարկ ընդունելուն, իսկ եթե շատ է ցանկանում, կարող է ինքը նման առաջարկով ելույթ ունենալ հանրահավաքին: Պատասխանեց, որ նույն պահին ժողովուրդը կքարկոծի իրեն: Ամեն մի արցախցի համոզված էր, որ կրկին Ադրբեջանի վարչակազմի ենթակայության հանձնվելը մահացու կլինի արցախահայության համար: Դա լավ էր հասկանում ժողովուրդը: Դա լավ էինք հասկանում մտավորականներս, քանի որ Մեծ զարթոնքից առաջ շատ բան էինք արել, որ ժողովրդական զանգվածները իմանան իրենց եզերքի պատմությունը, որ այն Հայոց երկրի անբաժանելի մասն է:
Շարժման սկզբից միջազգային ԶԼՄ-ները ակտիվորեն լուսաբանում էին արցախահայության ապստամբությունը, քանի որ այն համընկնում էր Արեւմուտքի՝ ԽՍՀՄ փլուզման ծրագրին: Կոմունիստական ռեժիմի փլուզումից հետո Արցախյան ազատագրական պայքարը ետին պլան մղվեց, որից անմիջապես օգտվեցին Բաքվի եւ Անկարայի քարոզիչները: Ավելի սաստկացավ քարոզչական պատերազմը, որտեղ Բաքվի քարոզչամեքենան երբեմն որոշակի հաջողությունների էր հասնում՝ շնորհիվ խավիարային ու կոռուպցիոն դիվանագիտության:
Բաքվի իշխանություններն այսօր եւս փորձում են արցախահայության վզին փաթաթել «լայն ինքնավարություն» եզրույթը: Տարօրինակ է, որ ինչ-ինչ շահերից ելնելով մեր երկրի նախկին ղեկավարներն այս խնդրում ընդառաջ էին գնում Բաքվի քաղաքական վերնախավի այս պահանջին:
Այս առնչությամբ հիշեցնեմ Բաքվի քաղաքական վերնախավի անդամներին եւ Հայոց պետական այրերին, որ շուրջ 3 հազար տարիների ընթացքում, երբ Մայր հայրենիքը տարբեր հանգամանքներում կորցնում էր պետականությունը, Արցախի հայությունը 10 անգամ ստեղծել է իր անկախ կամ կիսանկախ պետականությունը, որի միջոցով էլ պահպանել է իր ինքնությունը, մշակույթը, գենոֆոնդը: Այնպես, որ 1988-ից սկսած Արցախի Մայր հայրենիքին միանալու գոյամարտը, ինչպես եւ անկախության ինքնահռչակումը պատահական երեւույթ չէին, քանի որ այն հիշողության իներցիայով ժառանգել էր իր նախնիներից՝ ուղղելով բոլշեւիկների 1920 թ. հանցագործ որոշումը, որով անտեսելով բնիկ ժողովրդի կամքն ու իրավունքը, երկրամասը մասնատված սահմաններով կցել էին Իրանի Ադրբեջան երկրամասի անունը յուրացրած կիսանկախ պետական կազմավորմանը (վերջերս ավարտել եմ «Արցախի խնդրի 10 արմատները» ոչ ծավալուն գիրքը, որը շտապ թարգմանության, հրատարակման եւ տարածման կարիք ունի):
Արցախի եւ արցախահայության խնդիրն այսօր կապում են նրա իրավունքների ճանաչման հետ: Իսկ գաղտնիք չէ, որ միջազգային ատյանների կողմից ճանաչումը անցնում է միջազգային հանրության կարծիքի, նրա մշակույթի ընկալման միջով: Այս հարցում անհրաժեշտ է հաշվի նստել մտավորականության, նրա ներուժի հետ: Երկրում մշակույթի ու նրա գործիչների՝ գրողների, նկարիչների, երաժիշտների, կինոյի ու թատրոնի նկատմամբ անտարբերությունը բերել է բարոյական անկման ու հանրության եւ մշակույթի կապի խզման, որի արդյունքը ամենաթող կոռուպցիան է, տնտեսական անկումն ու բոլոր ոլորտներում ճգնաժամը: Ասել, թե ճգնաժամն ու բարոյական անկումը հաղթահարված են, ինքնախաբեություն կլինի: Սեփական մշակույթից, գրականությունից, արվեստից կտրված հանրության պայմաններում հանրությունը չի կարող լիարժեք պետություն ստեղծել: Նման պայմաններում անտեսել երկրի մտավոր ներուժը, կործանարար է: Այս տեսանկյունից իշխանություններին խորհուրդ կտայի փորձել նպաստել մտավոր ուժերը հավաքող կազմակերպության ստեղծմանը: Նման դերակատարում կարող է ունենալ Հանրային խորհուրդը: Ցավոք, այդ կազմակերպությունը նախորդ տարիներին ծառայում էր երկրի ղեկավարի շահերին, խորը հիասթափություն առաջացնելով ժողովրդի մեջ, հանրային կարծիքն ուղղորդելով ընդդեմ գործող ռեժիմի, որով էլ «արջի ծառայություն» մատուցելով եւ ակամա լուրջ վնաս հասցնելով նրա վարկին: Իմիջիայլոց, երկրի երրորդ նախագահը կտրականապես մերժեց Հանրային խորհրդում Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու իմ առաջարկությունը:
Նոր իշխանությունները Հանրային խորհուրդը վերահիմնելու դեպքում պետք է հաշվի առնեն անցյալի դասերը, կադրային խնդրում կողմնորոշվելով ոչ թե դեպի համատեղ «քայլելը», թեկուզ դա էլ է ընտրության ձեւ, այլեւ կողմնորոշվել դեպի հանրության կողմից ընդունված, մեծ կենսափորձ ունեցող հայրենիքի նվիրյալ մտավորականները:
ԲԱԿՈՒՐ
28.01.2019
«Առավոտ» օրաթերթ,
31.01.2019