Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավոտի» ռուսերեն կայքէջը Ռուսաստանի տարածքում արգելափակվել է ՀՀ ԱԳ փոխնախարարի ճեպազրույցի մասին նյութի պատճառով

Հունվար 31,2019 23:52

«Առավոտի» ռուսերեն տարբերակի ֆեյսբուքյան էջին ՌԴ մեր հայրենակիցներից նամակներ ենք ստացել, որ արդեն երկու օր է, ինչ հնարավորություն չունեն կարդալու մեր հրապարակումները: Լրացուցիչ ճշտումները ապացույց դարձան՝ այո, Ռուսաստանի տարածքում https://www.aravot-ru.am/ կայքն այլեւս արգելափակված է: Սա մեզ համար անսպասելի չէր՝ այն բանից հետո, երբ «Ռոսկոմնադզորի» հերթական պահանջը չցանկացանք կատարել:

Բայց սկզբում ներկայացնենք նախապատմությունը:

Մի քանի ամիս առաջ նամակ ստացանք Ռուբեն Թաթուլյանի փաստաբաններից, որոնք ՌԴ օրենքներ վկայակոչելով՝ մեզնից հերքում էին պահանջում «Прайм Крайм»-ից վերահրապարակած լուրի համար, թե հայտնի են դարձել Չեխիայի հանրապետությունում «օրենքով գողերի» հավաքը կանխարգելելու համար բերման ենթարկված բոլոր անձանց անունները, որոնց մեջ նաեւ հայեր կային՝ Ռուբեն Թաթուլյանը, Անդրոնիկ Մումջյանը եւ Վաչագան Թաշճյանը: Առավել մանրամասներ կային «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանի մասին. ըստ աղբյուրի՝ այդ հավաքում նախատեսված էր նրան «օրենքով գող» օծելու թագադրությունը:

Մենք գրությանն ի պատասխան՝ ուշադրություն հրավիրեցինք, որ սա մեր հեղինակային հրապարակումը չէ: Թեեւ ոչ այդ, ոչ էլ որեւէ այլ դեպքում «Առավոտը» երբեք չի հրաժարվել պատասխան հրապարակելու հնարավորությունից: Սակայն որեւէ արձագանք այլեւս չեղավ:

Նույն հրապարակման վերաբերյալ հունվարի 24-ին «Ռոսկոմնադզորից» ստացանք նամակ, որով վկայակոչվում էր 2017-ի հունվարի 17-ին Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշումը, թե խախտվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը: Եվ զգուշացում կար, թե մեկ աշխատանքային օրվա ընթացքում խախտումը չվերացնելու դեպքում՝ երեք օրվա ընթացքում կարգելափակվի մեր ցանցային հասցեին, դոմեյնին, կայքէջին մատչելիությունը Ռուսաստանի դաշնության տարածքում:

«Прайм Крайм»-ի այդ հրապարակման մեջ իրոք կային Թաթուլյանի անուն, ազգանուն, հայրանունը եւ ծննդյան թիվը: Մենք հրապարակումը խմբագրեցինք եւ հանեցինք ոչ միայն նրա, այլ նաեւ մյուսների բոլոր տվյալները:

Հունվարի 25-ին «Ռոսկոմննադզորից» նամակ ստացանք, որ մեր էջը հանվել է անհատական տվյալների խախտողների ռեեստրից:

Հունվարի 29-ին սակայն մի նոր նամակ ստացանք «Ռոսկոմննադզորից», որով վկայակոչելով նույն դատարանի նույն օրը կայացրած որոշումը՝ արդեն պահանջում էին անհատական տվյալներ հեռացնել մեկ այլ հրապարակումից:

Մեջբերում ենք մեկ տարվա վաղեմության այդ հրապարակման հայերեն տարբերակը.

«Գիտեք, մարդկանց պետք է նախ բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաեւ դրական դեր էլ է կատարում: Վերջիվերջո, Սոչիում կա հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաեւ համայնքի հետ կապված: Ինքը շատ հաճախ էդ խնդիրը կարողանում է…էդ եկեք ֆիքսենք: Իսկ ինչ վերաբերում է խորհրդականին, նա այլեւս խորհրդական չէ»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է պատահել, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը դարձել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հիշեցնենք, խոսքը հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոնի) մասին է: Հիշեցնենք, նա հայտնվել է ԱՄՆ-ի սեւ ցուցակում: Իր վերջին սկանդալային հարցազրույցում էլ հայտարարել էր, որ ինքը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական է, շրջում է դեսպանատան համարներով մեքենայով, ունի դիվանագիտական անձնագիր: Շավարշ Քոչարյանը հիշեցնում է` ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նա այլեւս նախարարի խորհրդական չէ, բայցի այդ էլ, եղել է արտահաստիքային խորհրդական: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվեց`ի՞նչ խորհուրդներ է տվել Ռուբեն Թաթուլյանը Էդվարդ Նալբանդյանին, երբ խորհրդական էր: Փոխնախարարն ասաց`չգիտե, ինքը կողքը չի եղել: Շավարշ Քոչարյանն անձամբ չի ճանաչում Ռուբեն Թաթուլյանին, երկու անգամ Մոսկվայում է տեսել, ինքն էլ նրա խորհուրդներից չի օգտվել: Նաեւ ասաց, որ իր կարծիքով, Ռուբեն Թաթուլյանը դեռեւս դիվանագիտական անձնագիր ունի: Ետ վերցնելու մեխանիզմը հստակ չէ: Aravot.am-ի մյուս հարցը`հաճա՞խ է պատահում, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը այս կամ այն երկրում հարցերը կարգավորելու համար ապավինում է տեղի ազգությամբ հայ քրեական հեղինակությունների օգնությանը, Շավարշ Քոչարյանին դուր չեկավ. «Դե լավ, էլի»:

Այս անգամ այլեւս ոչ մի փոփոխություն հրապարակման մեջ չենք արել: Խնդիրն անգամ այն չէ, որ մեր ունեցած տեղեկություններով՝ դատարանը այս հարցը դեռ չի էլ քննել եւ դա սպասվում է փետրվարի 26-ին:

Ստացվում է, որ Մոսկվայի շրջանային մի դատարան առանց մեր մասնակցության կարող է հայցի ապահովման միջոց կիրառել եւ արգելե՞լ Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքի լուսաբանումը: Եվ 24 ժամվա ընթացքում իրենց պահանջը չկատարելու դեպքում արգելափակել կայքը, ինչը եւ արել են:

Ընդ որում՝ մեր ունեցած տեղեկություններով՝ «Առավոտը» միակ լրատվամիջոցը չէ, որ նման նամակներ է ստացել «Ռոսկոմնադզորից»: Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք այս թեմային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Չեկիստներն արդէն «Առաւօտի» յօդուածներից են վախենում: Ես չկա՜մ 🙂 🙂 Աւելի, քան վստահ եմ, որ կայքը շուտով կը վերականգնուի: Աշխարհում ոչ մի բռնապետութիւն յաւերժ չի եղել:

    Յ.Գ. Փաստօրէն լրագրողները ոչ միայն ռուսախայ բարերարին են պախարակել, այլ նաեւ մեր ԱԳՆ-ն:
    /Արման Բաբաջանեանի յայտնի ելոյթից յետոյ ԱԳՆ-ն վրդովուել էր, թէ իբր սեւացնում են ԱԳՆ-ի բարի համբաւը 🙂 Իբր թէ իրենք չգիտէին, որ բարի համբաւ ամենեւին էլ չունեն/

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031