ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց լուծարել Գյումրու «Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Այսօրվանից աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում գործազուրկների թիվն ավելացավ ևս 55-ով։
«Շիրակ հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնցից ոմանք ստիպված են լքել Գյումրին՝ աշխատանք չլինելու պատճառով, իրենց վրդովմունքը հայտնեցին առ այն, որ լուծարելուց առաջ կոլեկտիվի ոչ մի անդամի կարծիք չեն հարցրել ու գրչի մեկ հարվածով փակել են 26 տարվա պատմություն ունեցող ԶԼՄ-ն։
Այն լուծարելու հիմնավորումն այն է, որ ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում, այդ պատճառով չունի մեծ լսարան, մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է անալոգային հեռարձակումն ու անցում կատարվել թվային հեռարձակման։
«Շիրակ» հանրային հեռուստաընկերության մարզական լուրերի և հաղորդումների պատասխանատու խմբագիր Սամվել Աղանյանը, որը այս հեռուստաընկերությունում է աշխատել սկզբնավորման օրվանից, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 1993 թվականին, երբ այս հեռուստաընկերությունը բացվեց, Հայաստանը պատերազմի մեջ էր, ու մեր երկրին ավելի շատ փամփուշտ էր անհրաժեշտ, բայց ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ տվեց, որ բացեն հեռուստաընկերություն։
«Դժվարություններ եղել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, բայց երբեք ոչ մի դեպքում չի եղել հեռուստաընկերության փակման հարցը։ Մեր հեռուստաընկերությունը միշտ եղել է կադրային դարբնոց։ Ես մեծ վստահություն ունեմ Նիկոլ Փաշինյանի հանդեպ նույնիսկ այս պարագայում․․․Ես գտնում եմ, որ նա լրագրող լինելով՝ մի քիչ մեղմ պիտի մոտենար նման խնդրին, չի կարելի ասել՝ գնացեք, ոնց ուզում եք ապրեք, ինչ ուզում եք արեք։ Իսկ ինքը լրագրող է, կարծում եմ գոնե իր գործընկերների նկատմամբ պիտի ավելի մեղմ վերաբերմունք ունենա։ Եվ հետո մի կարևոր հանգամանք՝ Ազգային ժողովի պատգամավորների 1-2 ամսվա աշխատավարձն ավելին է, քան մեր մի տարվա բյուջեն, էդ ի՞նչ պրոբլեմ հանկարծ առաջացավ, որ որոշեցին դնել ու մեզ խեղդամահ անել։ Ես դա չեմ հասկանում, ես ուզում եմ, որ կառավարությունում լինեն լրջախոհ մարդիկ, մտածեն, որ Գյումրի քաղաքում դեռ կան 3000 տնակներ, մարդիկ դեռ նորմալ աշխատանք չունենալուց բացի, կացարաններ էլ չունեն, այ էս խնդիրների մասին պետք է մտածել, թե չէ փակելը շատ հեշտ է։ Դրեք, բոլորը փակեք, վերջը ո՞ւր ենք հասնելու»,- ասաց Սամվել Աղանյանը։
Նա Նիկոլ Փաշինյանին խնդրեց ժամանակ հատկացնել ու ուսումնասիրել խնդիրը, վերանայել կառավարության որոշումը։
Հեռուստաընկերության մեկ այլ հին աշխատակից էլ՝ «Շիրակ» ՀՌԸ հնչունային օպերատոր Կարեն Մկրտչյանը նշեց, որ այս հեռուստաընկերությունն արժեքային մեծ համակարգ է ստեղծել մարզում, ճաշակ է թելադրել ու իրենց համար անակնկալ էր կառավարության նման որոշումը։
«Մենք կոպեկներ ենք ստացել, մեր նվիրվածության շնորհիվ էինք աշխատում, իրենց տված գումարները մենք հետ էինք վերադարձնում կոմունալի տեսքով, վարկերի տեսքով։ Կոլեկտիվի կարծիքը հաշվի առնող չի եղել, որևիցե մեկը չի եկել, չի տեղեկացրել, ուղղություն տվող չի եղել, թե գիտեք ինչ կա, կարող է նման բան լինի։ Իսկ ինչ մնում է թվային է, կամ ոչ թվային, իսկ ո՞վ է ասում, որ անալոգն ավելի քիչ լսարան ունի, քան թվայինը․ չէ՞ որ հիմա տներում գտնվող հեռուստացույցերի մեծ մասն անալոգ է, և ազգաբնակչության 95 տոկոսը կաբելայինով է նայում անալոգային և ոչ անալոգային հեռուստաընկերությունների տված հաղորդումները։ Այնպես որ, սա չափանիշ չէ»,-ասաց Կարեն Մկրտչյանը։
Հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Ղասաբյանն էլ ասաց, որ ստիպված է լքել Գյումրին, քանի որ լրատվական դաշտում աշխատանք գտնելը հեշտ չէ։
Հեռուստաօպերատորը, վերլուծելով կառավարության որոշումը, նշում է․ «Հիմնավորման մեջ խոսվում է գույքի ու տեխնիկայի մասին, բայց մարդկային գործոնի մասին չկար ոչ մի խոսք, ես կարծում եմ՝ դա արդարացի չէր։ 55 հոգի աշխատակազմ ունի, բայց իրենց մասին ոչ մի խոսք չկար, նույնիսկ առաջարկ չկար՝ ի՞նչ են անելու իրենք»։
Լուրերի հաղորդավարն Լուսինե Մովսիսյանն էլ ասաց․« Ցավում եմ, որ 26 տարվա պատմություն ունեցող հեռուստաընկերությունը գրչի մեկ հարվածով կարող են լուծարել, հաշվի չառնելով, որ աղետի գոտում ենք ու գործազուրկների թվով Հայաստանի Հանրապետությունում առաջին տեղում ենք, ցավոք»։
Մենք թեմայի շուրջ պարզաբանումներ ենք ստացել նաև «Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Արթուր Ղանդլյանից։ Այն կհրապարկենք քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ