Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը

Հունվար 31,2019 22:02

«Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը: Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ: Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով:

Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո)  որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը:

Թեեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակը, ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն այս միջադեպին:

Aravot.am-ը փորձեց Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին տեղեկությունը ճշտել ՀՀ քննչական կոմիտեից: Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ այդ գործով շուրջ 20 խուզարկություն է իրականացվել`չհստակեցնելով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության փաստը: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում խոստացավ ավելի ուշ հարցին պատասխանել: Պատասխանի առկայության դեպքում այն կհրապարակենք:

Հիշեցնենք, ըստ մամուլի տեղեկությունների Աբովյան քաղաքում գտնվող վուլկանիզացման կետում, որը նախկինում պատկանել էր Գագիկ Ծառուկյանի սանիկ՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին, վիճաբանություն էր սկսվել։ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Հարությունյանի հարաբերությունները սրվելուց հետո վուլկանիզացման կետը խլվել էր: Այն աշխատեցնում էր Բարեց Վահան անունով անձը։ Միջադեպի օրը Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը, որը այժմ ձերբակալված է, իր գնած նոր մեքենայի անիվների հետ կապված խնդրով մեքենան տանում է այդ վուլկանիզացիան։ Ինչ-ինչ պատճառով լեզվակռիվ է սկսվում։ Լեզվակռվի մասնակիցները կատարվածը փոխանցում են Նվեր Ծառուկյանին: Վերջինս, ի դեպ, այդ ժամանակ մոտակայքի գինետանն է եղել: Վերջինս էլ պնդում է, որ գնան եւ հարաբերություններ պարզեն: Վեճը շարունակվել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ էլ հնչել են կրակոցները։

Նվեր Ծառուկյանը բացատրություն է տվել, սակայն նրան չեն ձերբակալել։

Այս գործով արդեն 6 անձ է ձերբակալվել: Քրեական գործի շրջանակներում դատավարական կարգավիճակ ունի 6 անձ, որոնցից 5-ը կասկածյալի:

Հիշեցնենք, ըստ պաշտոնական տեղեկանքի, հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել է հրազեն։

Սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն է: Միջադեպի մասնակիցներից մի քանիսը «Շշի Մելո» մականվամբ, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հարազատներն են, նրանց թվում է եղել նաև նրա քրոջ որդին, իսկ սպանված երիտասարդը նրանց ընկերն է եղել:

Կրակոցների հետևանքով 7 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031