Հունվարի 30-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպեց ՍԱՀ նախարարների խորհրդի նախագահ Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսի (Imad Khamis) հետ:
ՍԱՀ վարչապետը շնորհավորեց Տիգրան Գևորգյանին Սիրիայում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքի խոսքերի համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի հայ-սիրիական բարեկամական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով հարաբերությունների շրջանակն ընդլայնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ երկուստեք կարևորվեց հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևավորումը:
Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսը նշեց, որ սիրիական ճգնաժամը ավերիչ հետևանքներ է ունեցել երկրի տնտեսության համար, այդ իսկ պատճառով բարեկամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խթանումը հանդիսանում է ՍԱՀ կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը: Իր հերթին, ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավոր ցանկացած աջակցություն ցուցաբերել բարեկամ Սիրիային:
Հանդիպման ավրտին ՍԱՀ վարչապետը խնդրեց իր ջերմ շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերանշանակվելու և ՀՀ նոր կառավարության ձևավորման կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ