Aravot.am-ը գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են բաշխվելու գյուղատնտեսության նախարարության գործառույթները, գուցե մարզպետարաննե՞րն են իրենց վրա վերցնելու պարտականությունների մեծ մասը: Ի պատասխան, պարոն Գեւորգյանն ասաց, որ գործառույթները շարունակելու են իրականացվել. «Չկա այս պահին որեւէ քննարկում, համաձայնություն, որ մենք որեւէ գործառույթ չենք իրականացնելու: Կանոնադրությունով ինչ գործառույթ ունենք՝ այդ գործառույթներն իրականացնում ենք: Երկու նախարարությունների միացումը հիմնականում վերաբերելու է ադմինիստրատիվ, օժանդակող աշխատանք իրականացնող գործառույթների միավորմանը՝ ոչ թե բովանդակային: Այնպես չէ, որ անասնաբուծության վարչություն չենք ունենալու կամ բուսաբուծության վարչություն: Մենք նույնիսկ չմիանալու պարագայում նախատեսել էինք, որ որոշակի ինստիտուցիոնալ փոփոխություններ էինք անելու, որ գյուղատնտեսության նախարարությունը համապատասխանի ժամանակակից գյուղատնտեսության պահանջներին, այսինքն՝ կարողանա ճիշտ սպասարկել: Բայց անհոգ եղեք, այս պահին չկա որեւէ տեղ, որեւէ դրույթ նշված, որ գյուղատնտեսության նախարարության որեւէ գործառույթ այլեւս չի իրականացվելու: Սա զուտ ֆորմալ միացում է երկու նախարարությունների: Եվ տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարության գործառույթներն են շարունակելու իրականացվել: Օժանդակող ֆունկցիաների համադրելիությունն ենք փորձում այսպես օպտիմալացնել եւ արդյունավետությունը բարձրացնել»:
Գեղամ Գեւորգյանին հարցրին՝ մնալո՞ւ է պաշտոնավարելու, ի պատասխան ասաց, որ եթե համապատասխան առաջարկ լինի գյուղատնտեսության ոլորտում կուզի աշխատել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ