«Ինձ համար հասկանալի չէ Մարտի մեկի գործի քննության այսպիսի ընթացքը: Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են տասը սպանություններն իրականացրել: Մարտի մեկի գործի այսպիսի հանգուցալուծումը, կարծում եմ, հանրությանը չի բավարարի»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա բնորոշմամբ՝ հանրությունը պահանջում է սպանությունների բացահայտում:
Քաղաքագետը նշեց, որ իր համար եւս պարզ չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալում. «Եթե սահմանադրական կարգը տապալել է, հետո վերականգնվե՞լ է, թե ոչ: Թե մինչեւ հիմա տապալված է մնացել: Փոխարենը, կարելի էր ուղիղ ճանապարհով գնալ ու պարզել, թե ովքեր են սպանությունների հրամաններ տվողները»:
Ինչ վերաբերում է զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի գույքի յուրացման համար մեղադրվող Մանվել Գրիգորյանին, քաղաքագետը նկատեց, որ դատարանը նրան կալանքից ազատ արձակեց, բայց, Ենոքյանի բնորոշմամբ, փողոցի ճնշման ներքո ստիպված եղավ կրկին կալանավորել: «Անհեթեթություն է, երբ դատարանի փոխարեն փողոցն է որոշում»,-նկատեց Աղասի Ենոքյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/286084492074516/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ