Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ մինչ օրս ՀՀ-ն չի ճանաչել ադրբեջանահայության ցեղասպանությունը». Ալեքսանդր Մանասյան

Հունվար 31,2019 17:24

«Եթե ցանկանում ենք օգնել Արցախին, ապա առաջին հերթին պետք է նշենք, քարոզենք, համոզենք, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է»,- այսօր, «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեի կազմակերպած «Ադրբեջանահայության հայրենազրկում 30 տարի» խորագրով միջոցառման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Ինչո՞ւ մինչ օրս ՀՀ-ն չի ճանաչել ադրբեջանահայության ցեղասպանությունը: Եթե պետական-պաշտոնական շրջանակներում դա հարմար չեն գտնում անել, ինչո՞ւ մեր մտավորականությունը, մեր ազգային այդ կարեւոր հարցում , այնուամենայնիվ չի արել այն, ինչ պետք է աներ»,- հարցեր հնչեցրեց բանախոսը: Հարցերը հռետորական չեն, ինքն ունի դրանց պատասխանները:

Հայկական կողմի հնարավոր մտավախություններն, ըստ քաղաքագետի, երեքն են`իբր ադրբեջանահայերի ցեղասպանության ճանաչումը կստվերի Հայոց ցեղասպանության թեման, ադրբեջանահայության ցեղասպանություն իրագործվել է նաեւ ԽՍՀՄ տարիներին (Նախիջեւանի հայաթափումը, «Կոլցո» օպերացիան, Բաքվի կոտորածները), իսկ այսօր ԽՍՀՄ-ի իրավահաջորդ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, հնարավոր է պաշտոնական Հայաստանի լռությունը սրանով է նաեւ բացատրվում: Երրորդ փաստարկ-մտավախությունն էլ այն է, որ հայերի կոտորածները`սկսած 19-րդ դարից`համիդյան ջարդերից մինչեւ 21-րդ դար`ադրբեջանական քաղաքականությունը, տեղի են ունեցել տարբեր իրավաքաղաքական միջավայրերում, որոնք հնարավոր չէ միավորել:

Ալեքսանդր Մանասյանի հակափաստարկներն են. «Հայերի ցեղասպանությանը մասնակցել են մուսավաթական Ադրբեջանը, խորհրդային Ադրբեջանը եւ հետխորհրդային Ադրբեջանը. Պետությունները փոխվել են, քաղաքական կարգը փոխվել է, բայց ցեղասպանությունը շարունակվել է: Ուստի, դրա հիմքը պետք է փնտրել այդ ազգի քաղաքական մշակույթում»:

Քաղաքագետը հիշում է`ժամանակին, մի եվրոպական ամբիոնից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ մեր մշակույթները համատեղելի չեն: Բայց հետո, այդ փաստարկը լռության է մատնվել, հավանաբար այն նկատառումով, որ ժամանակակից աշխարհում նման բան ասելն ընդունված չէ: «Բայց համատեղելի չեն եւ մենք պետք է ձեւերը գտնենք`այդ անհամատեղելիությունն աշխարհին ներկայացնելու»,- փաստում է բանախոսը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Հայոց ցեղասպանության պատմության ամենահզոր փաստարկը քաղաքագետը համարում է այն, որ 1918 թվականին ոչ թե խառնամբոխն է տեղահանության ճանապարհին կոտորել հայերին, այլ թուրքական կանոնավոր բանակը. «Մի բան, որը մենք մոռացության ենք մատնում, չգիտես ինչու: Եվ հանցագործը, եւ զոհը նույնն են`մի կողմում հայն է, մի կողմում թուրքը: Ի՞նչ նշանակություն ունի, թե դա որտեղ է եղել: Մի հայը կարող էր ապրել Օսմանյան կայսրության մեջ, մյուսը`Արեւելյան Անդրկովկասում կամ Նախիջեւանում, բայց ցեղասպանությունը նույնն է: Այս հանգամանքը մենք պետք է կարողանանք աշխարհին ներկայացնել»: Բայց մինչ աշխարհին ներկայացնելը, քաղաքագետը գտնում է, որ մեկ անգամ մասնագետներով պետք է հավաքվեն եւ փաստաթուղթ ստեղծեն`լավ ծանր ու թեթեւ անելով այնտեղ դրվող փաստերը, փաստաթղթի տրամաբանությունը: Նաեւ. «Մենք ինքներս պետք է կազմենք աշխարհասփյուռ ադրբեջանահայության համար նախատեսված մի ուղերձ, որովհետեւ նրանցից շատերը, որ տեղափոխվել են, գնացել են սովետական տարիների տպավորություններով`մենք խաղաղ ապրում էինք, Ղարաբաղում վեր կացան, մեզ կոտորեցին: Ադրբեջանահայության համախմբման եւ լրատվական դաշտում մենք անելիքներ ունենք»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ալեքսանդր Մանասյան ցնորվար,ինչ ադրբեջանահայության ցեղասպանություն մասին է խոսքը:Ամերիկական ֆիլմեր շատ էս նայում բարեկամս:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031