«Մենք ունեցել ենք քննարկումներ այն անձանց հետ, որոնք հանդես են գալիս այդ նախաձեռնության կողմից: Իրենք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են: Այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակն է ներկայումո: Բայց այն քննարկումները, որոնք իրականացվում են, գտնվում են մասնագիտական հարթության մեջ»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսպես պատասխանեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ «Նաիրիտում» չինական ներդրողների մասին լուրերին: Ըստ նախարարի՝ «Նաիրիտի» վերագործարկման համար հստակ հաշվարկելի ու գնահատելի ներդրումային ծրագիր չկա:
Նախարարն ասաց, որ այնքան էլ տեղեկացված չէ այս մասին, միայն գիտի, որ իրենք եւս հետաքրքրվածություն ունեն:
«Գիտեք, «Նաիրիտի» հարցը շատ շատ զգայուն հարց է»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Նախարարից հետաքրքրվեցին, թե չի՞ կարծում, որ «Նաիրիտի» սնանկության գործընթացը պետք է կասեցնել, որովհետեւ մինչ կառավարությունը բանակցում է ներդրողների հետ, գործարանում գույք չի մնում, նախարարը պատասխանեց. «Սնանկացման գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կան պարտատերեր, կան դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ, որոնք սնանկության վարույթն են իրականացնում: Կառավարությունը վերագործարկել, թե չվերագործարկել հարցը կարող է քննարկել այն պայմաններում, երբ առկա է առարկայական հստակ հաշվարկելի եւ գնահատելի ծրագիրը: Մենք դեռեւս այդ փուլում չենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ