Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի համայնքապետարանն՝ ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետի. պահանջում են 3 միլիոն դրամ

Հունվար 31,2019 15:56

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ Հրազդանի համայնքապետարանի հայցի քննությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց:

Նշենք՝ Հրազդանի համայնքապետարանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է Արամ Դանիելյանին փոխհատուցել համայնքապետարանին պատճառված վնասը, որը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ: Հայցվոր կողմը պահանջել էր Դանիելյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:

Հրազդանի համայնքապետարանի՝ այս գործով ներկայացուցիչ, փաստաբան Մխիթար Բեգյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց դատական նիստի հետաձգման պատճառը. «Երեկ պատասխանողի փաստաբանը միջնորդություն էր գրել դատական նիստը հետաձգել: Այն հետաձգվել է, նոր օր չի նշանակվել: Պատասխանողի փաստաբանը պատճառաբանել էր, որ այլ նիստերով զբաղված է լինելու»:

Խնդրեցինք մանրամասնել նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի երեք միլիոնի պահանջը: Մխիթար Բեգյանը պարզաբանեց. «Նախկին քաղաքապետին 3 միլիոնի պահանջ ենք ներկայացրել: Նա իր աշխատողներին արձակուրդ չի ուղարկել, և քաղաքապետարանն այդ հիմքով վնաս է կրել: Այսինքն՝ աշխատողը նախկին քաղաքապետի հրաժարականից հետո դիմում է գրել աշխատանքից ազատվելու, նրան վերջնահաշվարկ են տվել օրենքով սահմանված կարգով, որը կազմել է մոտ 3 միլիոն դրամ: Հրազդանի ներկայիս քաղաքապետարանը հայտարարում է, որ ինքը վնաս է կրել նախկին քաղաքապետի ապօրինի գործունեության հետևանքով: Եթե ժամանակին մարդուն ուղարկեին արձակուրդ, արձակուրդայինը կտային, այդ ժամանակ այդքան չէր կուտակվի»:

Մեր հարցին՝ հիմա այդ կուտակված գումարը նոր քաղաքապե՞տն է վճարել, Մխիթար Բեգյանը պատասխանեց. «Այո, օրենքով քաղաքապետարանը չէր կարող վերջնահաշվարկ չվճարել: Բայց քանի որ նախկին քաղաքապետի գործողություններով է դա առաջացել, դրա համար դիմել ենք դատարան: Աշխատողը մեղք չունի, աշխատողին այսպես թե այնպես իր վերջնահաշվարկը վճարել են. թե նախկինում ինչ է եղել, ինչ չի եղել, դատական քննությունը կպարզի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031