Կառավարության նիստից հետո կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ուսուցիչների համար մշակած էթիկայի կանոնների նախագծի վերաբերյալ բարձրացված աղմուկն ավելորդ է, քանի որ այն դեռեւս նախագիծ է, բացի այդ դպրոցի եւ ծնողի միջեւ կնքվող պայմանագիրն էլ են ուզում վերանայել, որպեսզի ուսուցիչներն էլ պաշտպանված լինեն. «Այդտեղ որեւէ արտառոց բան չկա, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով եւ հիմի վերանայում ենք ծնողների հետ կնքվող պայմանագրերը: Սեպտեմբերին բոլոր ծնողները կկնքեն պայմանագրեր դպրոցների հետ, դրանք, սովորաբար ամեն տարի արվում են, որտեղ շատ հստակ յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտավորությունները նշված կլինի: Այս պայմանագրերով, մենք, զգալիորեն կպաշտպանենք մեր ուսուցիչներին: Ես գիտեմ, որ կան դեպքեր, որ անընդհատ, երբեմն նաեւ հանիրավի մեղադրում են ուսուցիչներին՝ այս կամ այն իրավիճակում: Հիմա այս էթիկայի կանոնները, ծնողների հետ կնքվող պայմանագրերը, շատ հստակ այդ էթիկայի կանոնները կսահմանազատեն եւ մեր ուսուցիչները պաշտպանված կլինեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ