Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. Ես հոգեւորականին դպրոցից դուրս չեմ հանել

Հունվար 31,2019 15:26

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ իր եւ քահանայի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Պարոն Հարությունյանն ասաց, որ քահանան ճիշտ չի ասում, որ նախարարն իրեն դպրոցից դուրս է հանել: Ինչպես Արայիկ Հարությունյանն ասաց, հոգեւորականին տեսնելով դպրոցում, տնօրենին հարցրել է՝ հոգեւորականն ի՞նչ գործառույթ ունի դպրոցում: Տնօրենն ասել է, որ դասղեկական ժամերին նրան հրավիրում են: Արայիկ Հարությունյանի խոսքով, ինքը տնօրենին ասել է, որ դասղեկական ժամերը դասղեկական ժամեր են, ոչ թե հոգեւոր քարոզի:

«Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, որը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար եւ ոչ թե հոգեւոր քարոզ իրականացնելու համար»:

Նախարարն ասաց, որ այո, ասել է, որ դպրոցն աշխարհիկ կառույց է, բայց Տեր Դավիթի հետ խոսակցությունը ձեռքսեղմումով են ավարտել:

«Առհասարակ կարող եք այդ քահանայի մասին մի փոքր տեղեկություններ հավաքել եւ տեսնել, ինքն ինչ տեսակ մարդ է»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ միջադեպի հետ կապված Էջմիածնի համապատասխան ատյաններին է փոխանցել իր դիտարկումները:

 ԿԳ նախարարը նաեւ ասաց, որ ոչ միայն հայագիտության առարկաները, այլեւ դպրոցում դասավանդվող բոլոր առարկանները՝ ֆիզկուլտուրայից, քիմիայից, ֆիզիկայից սկսած, վերանայվելու են, այդ թվում եւ շախմատը, որովհետեւ, նախարարի խոսքով, շախմատի վերաբերյալ դժգոհություններ են ստանում ծնողներից: Aravot.am-ի հարցին, թե հնարավոր է, որ շախմատը հանվի մասնագետների բացակայության պատճառո՞վ, Արայիկ Հարությունյանն ասաց՝ ես նման բան չասացի:

Ըստ Արայիկ Հարությունյանի, ավագ դպրոցների հարցը նույնպես կարեւոր է. «2008-ին, երբ համակարգը ներդրվում էր, ավագ դպրոցները, ըստ էության դարձել են համակարգի ամենաանտեսված կառույցները: Ամենավատ դպրոցներն են տվել ավագ դպրոցներին, ծրագիրը վատ են մշակել, կրկնուսույցի ինստիտուտն էլ ավելի սկսել է զարգանալ»:

Անցյալ տարվա հունվարին, նախարարի հավաստմամբ, ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար խնայել, ինչի հետեւանքով տարեսկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է, ինչի հետեւանքով էլ նվազել են ավագ դպրոցների գումարները. «Եվ տնօրեններին միայն իրենց խնայողությունների հաշվին եւ անցած տարի մեր կողմից տրամադրված 350 միլիոն դրամի հաշվին կարողացել ենք այնպես անել, որ աշխատավարձերը չիջնեն: Մյուս դեպքում պետք է իջնեին»:

Արայիկ Հարությունյանի խոսքով, մոտ 1 միլիարդ դրամի չափով պետք է տրամադրեն ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չիջնեն. «Այսինքն՝ մենք, հընթացս, ստիպված ենք այնպիսի գործողությունների գնալ, որ առնվազն ուսուցիչների աշխատավարձը չիջնի եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ուսուցիչների աշխատավարձը բարձրանա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031